«Պողպատյա մանդատի» կասկածելի հետևանքները

Նախօրեին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ բացահայտեցին պետության, մեղմ ասած, անհամարժեքությունը, իսկ իրականում՝ անգործությունը, իսկ ավելի իրականում՝  չգոյությունը։

Ժամեր շարունակ հայկական դիրքի վրա հարձակման վերաբերյալ ստացվում էին ամենատարբեր, հակասական տեղեկություններ, հասարակության շրջանում առաջացած տեղեկատվական վակուումը լցվում էր ամենակասկածելի աղբյուրներից հաղորդվող տեղեկություններով։ Մարդիկ խուճապի և անհանգստության մեջ էին: Պաշտոնական տեղեկատվություն հաղորդվեց միայն այն ժամանակ, երբ սոցիալական ցանցերն արդեն ողողված էին կատարվածի մասին ամենահակասական լուրերով։ Բայց խնդիրը միայն օպերատիվությունը չէ։ Արցախյան վերջին պատերազմից հետո արդեն որևէ մեկը գրեթե չի հավատում պաշտոնական տեղեկատվությանը, որովհետև մարդիկ 44 օր շարունակ ստացել են ոչ թե տեղեկատվություն, այլ եղել են քարոզչության, արծրունհովհաննիսյանական ու նիկոլփաշինյանական «հաղթելու ենք»-ի զոհը։ Իսկ պաշտոնական աղբյուրներին, իմա՝ պետությանը չվստահելու ու չհավատալու արդյունքում քաղաքացիները հակված են դառնալու ամենատարբեր տեղեկատվական աղբյուրների սպառողը՝ դրանով դառնալով նաև ապատեղեկատվության զոհ։

Բայց, ցավոք, խնդիրները չեն սահմանափակվում միայն տեղեկատվական քաղաքականության օպերատիվությամբ ու միայն առանձին միջադեպերի վերաբերյալ հաղորդվող տեղեկատվության արժանահավատությամբ։

Շատ ավելի  խորքային խնդիր է այն, որ հասարակության բավական ստվար զանգված, մեղմ ասած, կասկածանքով ու տարակուսանքով է վերաբերվում Ադրբեջանի որևէ գործողության ու դրա նկատմամբ հայկական կողմի պատասխաններին։ Ավելի պարզ ասած, մարդիկ կասկածում են, որ «խաղաղության օրակարգը» դրոշակ դարձրած գործող իշխանությունը «հանուն խաղաղության» կարող է նաև ստվերային գործարքների մեջ ներքաշվել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ այս կամ այն խնդրի լուծման համար չխորշելով պայմանավորված ռազմական գործողություններից, որոնց արդյունքում կարող են նաև զինվորներ զոհվել կամ, լավագույն դեպքում, վիրավորվել։ Կասկածը, որ սեփական իշխանությունն ինչ-ինչ նպատակներով կարող է գործակցել թշնամական երկրի հետ, չափազանց վտանգավոր է պետության համար։

Բայց այդ կասկածը չի առաջացել ապրիորի, այլ պատերազմի ընթացքում ու դրանից հետո իշխանությունների վարքագծի ու գործողությունների ուղղակի ու օբյեկտիվ հետևանքն է։ Անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունը ոչ միայն որևէ քայլ չի արել այդ կասկածները փարատելու համար, այլ իր գործողություններով էլ ավելի է խորացրել ու առարկայական է դարձրել դրանք։

Իսկ դա նշանակում է, որ սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպի և, Աստված մի արասցե, պատերազմի վտանգի դեպքում շատ-շատերը ոչ թե առանց վերապահումների շտապելու են հայրենիքը պաշտպանելու, այլ դրանից առաջ նախ փորձելու են հասկանալ՝ ումի՞ց է պետք պաշտպանել հայրենիքը՝ միայն թշնամո՞ւց, թե՞ նաև թշնամու հետ գործակցությունը չբացառող սեփական իշխանությունից։ Սա նաև այն գինն է, որը հասարակությունը վճարում է պատերազմում պարտված իշխանությանը «պողպատյա մանդատ» տալու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս