ՀՀ-ում համերգներ, ռեստորաններ գնալիս անձը կներկայացնի քովիդի դեմ բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող թուղթ. ի՞նչ իրավիճակ է այլ երկրներում
Ինչպես հայտնի է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում, ըստ որի՝ եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստման փաստը կամ թեստավորման բացասական արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, ապա գործատուն իրավունք ունի թույլ չտալ աշխատողին անցնել աշխատանքի: Գործատուն իրավունք է ստանում չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Այս մասին հոկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ պատճառով 30 օր չներկայանալու պարագայում գործատուն իրավունք է ստանում լուծել պայմանագիրը, իսկ եթե դա տևում է 50 օր 12 ամսվա ընթացքում, ապա գործատուն կրկին ստանում է պայմանագիրը լուծելու իրավունք:
«Այդ բացակա ժամանակահատվածը չի կուտակվելու՝ որպես ամենամյա արձակուրդ, և չի համարվելու ստաժ»,- ասել է փոխնախարարը:
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն էլ հավելել է, որ վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված իրավական ակտով ֆեդերալ ծառայողների համար գրեթե նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել, ինչը նախատեսվում է կիրառել մեզ մոտ:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հաղորդմամբ էլ՝ այս պահին քննարկվում է մեկ այլ նախագիծ, որով կսահմանվի ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։
Դրա վերաբերյալ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից:
168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ իրավիճակ է աշխարհի մի շարք երկրներում:
Իտալիայում բնակվող Հայկը փոխանցեց, որ գրեթե նույն սահմանափակումները կան նաև այնտեղ:
«Օրինակ, եթե գրասենյակ է գալիս մեկը, ով ՊՇՌ թեստ չի հանձնել կամ պատվաստված չէ, ներս չենք թողնում: Իտալիայում քաղաքացիների մեծ մասը պատվաստվել է, բոլոր աշխատատեղերում հոկտեմբերի 15-ից պատվաստումը պարտադիր է լինելու, թե չէ՝ իրավունք չես ունենալու մտնել աշխատավայր, ինչպես նաև այդ օրվա գումարը չի ստանալու»,- տեղեկացրեց Իտալիայում բնակվող մեր հայրենակիցը:
Նրա փոխանցմամբ՝ Իտալիայում երեք պատվաստանյութեր են առկա՝ «AstraZeneka», «Phaizer», «Moderna»:
«Կան նաև այլ սահմանափակումներ. ով պատվաստված չէ՝ չի կարող մտնել սրճարան, ռեստորան, մարզասրահ, կամ էլ պետք է երկու օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնի, որի արժեքը 15 եվրո է, ներկայացնում են 48 ժամում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Գրեթե նույն իրավիճակն է նաև Ֆրանսիայում: Ֆրանսահայ Արթուրը տեղեկացրեց, որ առևտրի խոշոր կենտրոններ, համերգասրահ, մարզասրահ, ռեստորան և սրճարան չպատվաստվածներին թույլ չեն տալիս մտնել: ՊՇՌ հետազոտության արժեքը կազմում է 40-50 եվրո: Առկա պատվաստանյութերն են՝ «AstraZeneka», «Pfizer», «Johnson& Johnson», «Moderna»:
Իրաքում առկա են «Sputnik-V», «AstraZeneka», «Sinopharm» պատվաստանյութերը:
«ՊՇՌ հետազոտությունն անվճար է: Աշխատավայրում էլ պատվաստման հավաստագիրը կամ թեստի պատասխանը ներկայացնելը դեռևս պարտադիր չէ»,- նշեց Էդգարը:
Իրանի բնակիչ Ամիրի հաղորդմամբ էլ՝ երկու շաբաթից ՊՇՌ թեստը կամ պատվաստված լինելը պարտադիր է լինելու: ՊՇՌ հետազոտությունն էլ գրեթե 25 դոլար է կազմում: