Բաժիններ՝

Ապօրինությունների նոր օջախ՝ «Ֆիզգորոդոկ»-ում. պտղատու ծառերի տեղում, բարձրահարկ շենքի  բակում, սեփական տուն են սարքում

««Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում հողային աշխատանքները կարծես կասեցված են, բայց բանվորներն ամեն օր գալիս են, հիմքերը բետոնում և այլն»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին գիտավանի բնակիչները:

Նրանց փոխանցմամբ՝ այս պահին ապօրինությունների նոր օջախ կա «Ֆիզգորոդոկ»-ում. մի քանի շենք հեռու, բնակիչների խնամած պտղատու ծառերի տեղում, բարձրահարկ շենքի  բակում, սեփական տուն են սարքում:

Պարզվում է՝ այս տարվա մարտ ամսին քաղաքապետը երկհարկանի սեփական տան կառուցման շինթույլտվություն է տրամադրել Հալաբյան 22ա/22բ բարձրահարկերի բակային կանաչ տարածքում: Այդ տարածքը 30 տարի գտնվել է բնակիչների հոգածության ներքո, այստեղ պտղատու ծառերի այգի է եղել, որից օգտվում էին բնակիչները:  Երկու տարի առաջ, երբ ոտնձգություններ սկսվեցին պտղատու այգիների նկատմամբ, բնակիչները բարձրաձայնեցին խնդրի մասին: Այդ ժամանակ առկա չէր որևէ թույլտվություն: Երկու բարձրահարկերի բնակիչները ստորագրահավաք իրականացրեցին` միաձայն պնդելով, որ դեմ են շենքի բակում որևէ կառուցապատման, առաջարկվում էր կանաչ տարածքը մշակել, վերածել այգու: Սակայն հերթական անգամ քաղաքացիների ձայնն արհամարհվել է:

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ խնդրի հետ կապված, կներկայացնենք ավելի ուշ:

Հավելենք, որ «Ֆիզգորոդոկի» կառուցապատման անօրինական գործընթացների  շղթան սկսվել է 2004թ., երբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը գիտավանի տարածքում 50,8 քմ մակերեսով նկուղի և 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 2006 թվականին նույն տարածքը սեփականության իրավունքով վերագրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ անուններով, որոնք էլ ներկայում իրականացնում են շինարարությունը:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները:

ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս