Բաժիններ՝

Հույսները հիմա էլ դրել են հանքարդյունաբերության վրա, որն իրենց՝ ընդդիմադիր ժամանակներում ամենաշատ քննադատված ուղղությունն էր. Թադևոս Ավետիսյան

Համաշխարհային բանկը հրապարակել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում տնտեսությանն առնչվող զեկույցն ու ներկայացրել ընթացիկ և հաջորդ երկու տարվա տնտեսական կանխատեսումները: Զեկույցի համաձայն` Հայաստանի համար այս տարի Համաշխարհային բանկը կանխատեսում է ՀՆԱ-ի 6,1 տոկոս աճ:

«Համաճարակի կրկնակի ցնցումների և Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում ապրեց, ինչը բերեց բարեկեցության զգալի նվազման: 2021 թվականի տնտեսական վերականգնումն ավելի արագ էր, քան նախատեսված էր, և տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա մինչև համավարակի մակարդակին մինչև 2022 թվականի կեսերը: Պատվաստումների դանդաղ տեմպերը, COVID-19 դեպքերի աճը և աշխարհաքաղաքական փխրունությունը կարևոր ռիսկեր են ներկայացնում հեռանկարների համար»,- արձանագրված է զեկույցում:

Նշվում է նաև, որ Հայաստանի տնտեսությունն արագ զարգացում է գրանցել 2017-2019 թվականներին՝ ՀՆԱ-ի միջին տարեկան 6,8 տոկոս աճով: Սակայն 2020 թվականին համավարակով և ռազմական հակամարտությամբ պայմանավորված տնտեսությունը հետընթաց է ապրել 7,4 տոկոսով, ինչի հետևանքով կտրուկ աճել է աղքատության մակարդակը հատկապես քաղաքային համայնքներում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, սակայն, հիշեցնում է՝ ՀԲ-ի կանխատեսած 6,1 տոկոս ՀՆԱ-ի աճը սպասելի ցուցանիշ է նախորդ տարվա տնտեսական անկման ֆոնին.

«Նախ պետք է արձանագրել՝ այն աճը, ինչ ունենք, նախորդ տարվա համեմատ է, իսկ նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ անկում: Զեկույցում թեև Հայաստանի վերաբերյալ չկան մանրամասն համեմատություններ, բայց պետք է արձանագրել հետևյալ հանգամանքը՝ ՀՀ-ում տնտեսական անկումը 2020թ․ 2-2.5 անգամ գերազանցել է համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի տնտեսության անկման միջին ցուցանիշը: Սա որևէ կերպ չպետք է բացատրվի միայն համավարակի և պատերազմի հետևանքներով, որովհետև պատերազմի հետևանքով անկումը գնահատվել է մինչև 1 տոկոսային կետ, իսկ covid 19-ը փաստացի ողջ համաշխարհային տնտեսությունն է ընդգրկել: Կարճ ասած՝ եթե այդ անկման կեսը  համեմատենք նաև միջազգային ցուցանիշների հետ, մինչև 3.5-4 տոկոս, իսկ մնացածը՝ ապաշնորհ կառավարման հետևանք է: Այսինքն՝ կարելի էր երկու անգամ պակաս անկում գրանցել, եթե մենք ունենայինք այդ գործընթացների պրոֆեսիոնալ կառավարում»:

Տնտեսագետը շեշտեց՝ ցածր բազայի հետ համեմատած` վերականգնում դեռ չունենք, իսկ պատասխանատուների ամպագոռգոռ թվերը, թիրախային ցուցանիշները և անգամ երկնիշ տնտեսական աճի մասին պնդումները կապ չունեն իրականության հետ.

«Ոչ միայն Համաշխարհային բանկի զեկույցը, այլ նաև՝ ընթացիկ վիճակը ցույց է տալիս, որ մենք այս տարի չենք ունենալու վերականգնում, և նույնիսկ ՀԲ զեկույցով հաջորդ տարվա կեսերին է այդ վերականգնումը հնարավոր դրական սցենարի պարագայում:

Ի դեպ, տեսանելի չեն նաև այն հիմքերը, որոնք պետք է դրվեն հաջորդ տարվա աճի համար. այդ միլիարդավոր դոլարի ներդրումները, որ այս տարվա առաջին աշխատանքային օրը խոստանում էր իշխանությունը, տարին արդեն ավարտվում է, իսկ դրանք, բնականաբար, չկան:

Հույսները հիմա էլ դրել են հանքարդյունաբերության վրա, որն իրենց՝ ընդդիմադիր ժամանակներում ամենաշատ քննադատված ուղղությունն էր, և հիմա էլ այդ ոլորտով են սպասումներ առաջացնում, բայց դա էլ է սին, որովհետև հանքարդյունաբերության միջոցով միայն տնտեսական մոդել կառուցելը չի կարող լինել արդյունավետ և հեռանկարային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս