Բաժիններ՝

Պետությունը պետք է մտածի գործիքակազմեր. սառեցնի գումարը կամ հավաքագրված տոմսերի գումարը ծախսելն արգելի. Բաբկեն Պիպոյանը՝ հերթական, բայց ոչ վերջին հետաձգված համերգի մասին

Երևանում հոկտեմբերի 2-ին նախատեսված վրացի երգիչ Դաթոյի համերգը հետաձգվել է:

Համերգի կազմակերպիչ AVM production-ը հաղորդագրություն է տարածել, որ առաջացած տեխնիկական խնդիրների և հետպատերազմյան լարված իրավիճակի առկայության հանգամանքներից ելնելով՝ աշնանը պլանավորված Դաթո Խուջաձեի և MOT-ի համերգները հետաձգվում են մինչև 2022 թվականի գարուն: Բոլոր գնված տոմսերը մնում են ուժի մեջ: Ամսաթվերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն:

Քաղաքացիներից շատերը, ովքեր գնել են տոմսերը, պահանջում են, որպեսզի գումարը հետ վերադարձնեն, ու երբ կլինի համերգը, այն ժամանակ էլ կգնեն:

Tomsatkgh.am-ից փորձեցինք պարզել՝ հնարավո՞ր է՝ իրենք կարողանան հետ վերադարձնել տոմսերի գումարը, պատասխանեցին, որ իրենք հանդիսանում են միջնորդ կազմակերպություն, որը վաճառում և առաքում է տոմսերը:

«Մենք չենք հանդիսանում որևէ միջոցառման կազմակերպիչ և հետևաբար՝ չենք կարող չեղարկել, տեղափոխել կամ այլ օր որոշել որևէ միջոցառման համար»,- նշեցին նրանք:

Հավելենք, որ համերգի տոմսերի արժեքը 3000, 5000, 6000, 8000, 10․000, 12․000, 15․000, 20․000, 25․000 դրամ է:

Ցավոք, սա միակ համերգը չէ, որ հետաձգվում է կամ ընդհանրապես չի կայանում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեցինք, արդյոք կա՞ն կարգավորումներ, նման դեպքերում ի՞նչ պետք է անի սպառողը, վերջինը պատասխանեց.

«Ամբողջ խնդիրն այն է, որ որևէ կերպ չի կարգավորվում: Եթե հիշում եք՝ ունեցանք Ռամազոտտիի համերգի դեպքը, որից հետո շատ մեծ աղմուկ բարձրացավ, որից հետո հրապարակային հնչեցրինք, թե ինչ քայլեր կարող են արվել: Համերգի կազմակերպիչները պետք է երաշխավորեն, որ համերգի չկայանալու պարագայում կարողանալու են իրենցից գումարը հետ վերցնել: Դա կարող է լինել գումարի սառեցմամբ կամ հավաքագրված տոմսերի գումարը ծախսելն արգելելու եղանակով: Հակառակ պարագայում, եթե մենք իրավակարգավորման դաշտ չենք մտնում, տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Ինչ-որ մեկը հայտարարում է համերգի մասին՝ չունենալով կապիտալ: Երգչի հետ պայմանավորվում է, թույլտվությունը ստանում է, հայտարարություն անում: Հետո առաջին գումարի ժամանակ սկսում է գովազդ պատվիրել, երկրորդի ժամանակ՝ լուսային տեխնիկայի հարցը լուծել, հետո հասկանում է, որ ծախսը չի հանում, ու համերգը չեղարկում է, սակայն գումար չունի, որ վերադարձնի»:

Իսկ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները․ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պետք է դիմեն դատարան:

«Ի՞նչ պետք է անի դատարանը, բնականաբար, հօգուտ սպառողի վճիռ կայացնի, իսկ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենում. պարզվում է՝ ընկերությունը գումար չունի և չի կարող վճարել: Այսինքն, քաղաքացին դատն էլ է շահում, բայց խնդիրը չի լուծվում: Հետևաբար՝ պետությունը պետք է ինստիտուտներ ստեղծի, ենթակառուցվածքներ, կամ սահմանի կարգավորումներ, որոնք կսահմանեն, որ համերգի չկայանալու տնտեսական ռիսկն ամբողջությամբ կազմակերպչի վրա է, և սպառողը երաշխավորված հետ է ստանալու իր գումարը»,- նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Նրա խոսքով՝ նույն վիճակն է նաև տուրիզմի ոլորտում՝ օտար երկրների տոմսերի վաճառքի դեպքում:

«Պետությունը պետք է մտածի գործիքակազմեր: Գումարը, որը հավաքագրված է դեռևս չմատուցված ծառայության դիմաց, չի կարող հանդիսանալ տնտեսվարողի գումար, քանի ծառայություն չի մատուցել: Ու երբ գումարը հետ պահանջեն՝ սուս-փուս տալու է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս