Քերոբյանը խաղաղագործների բողոքի ակցիաներն ուզում է կանխել 900 միլիոն դրամ արժեցող մի ծրագրով, որն ունի անվճարունակության բարձր ռիսկ
Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել հերթական խնդրահարույց նախագիծը, որը, թեև ժամանակավորապես, կարող է կանխել խաղաղողագործների բողոքի ակցիաները, քանի որ նախարար Քերոբյանը խաղողագործների խնդիրներով զբաղվելու խոստում է տվել: Պարզվում է, սակայն, այդ խոստումը կարող է պետական բյուջեի համար լրջագույն ռիսկերի պատճառ դառնալ, քանի որ միլիոններ են ծախսվելու մի բանի համար, ինչն ունի անվճարունակության բարձր ռիսկ։
Մասնավորապես, Էկոմոնիկայի նախարարության ներկայացրած նախագծով Կառավարությունը պարտավորվում է Վայոց ձորի մարզից 1 կիլոգրամը նվազագույնը 230 դրամով 600 տոննան գերազանցող քանակությամբ խաղող մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գնած յուրաքանչյուր 1 կիլոգրամ Արենի տեսակի խաղողի համար տրամադրել 85 դրամի չափով սուբսիդավորում։
Դրանից բացի, 3 ամսով երկարաձգվել է տնտեսվարողներին 100 հազար լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտի այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով պետական օժանդակության տրամադրման ժամկետը, որը հնարավորություն կտա ապահովել կոնյակի սպիրտի արտահանման կանխատեսվող ծավալը, ինչպես նաև կազմակերպել խաղողի մթերումների գործընթացը։
Այս ամենի համար 2021 թվականի պետական բյուջեից կհատկացվի 900 միլիոն դրամ։
Ֆինանսների նախարարությունից, սակայն, այս նախագծի վերաբերյալ հայտնել են, որ այն ընդունելու դեպքում կտրուկ կավելանա տրված վարկերի վերադարձի ռիսկայնությունը, քանի որ դրանք ապահովված չեն լինելու այլ գրավով:
Բացի այդ, առկա խնդիրների լուծման համար առաջարկված տարբերակը՝ պետության ֆինանսավորմամբ, համապատասխան ֆինանսական գործիքների կիրառելու պրակտիկան ընդունելի չէ, քանի որ տվյալ դեպքում ֆինանսական կառույցները կարող են ոչ բավարար շահագրգռվածություն ցուցաբերել տրամադրված վարկերի ամբողջական ռիսկերը կառավարելու հարցում: Արդյունքում անվճարունակության ամբողջ ռիսկը կկրի պետական բյուջեն:
Ըստ էության, Ֆինանսների նախարարությունը համարում է, որ բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարության այս նախագիծը նպատակահարմար չէ։
Չնայած մատնանշված ռիսկերին՝ Կառավարությունը նախագիծն ընդունել է, և ստացվում է, խաղողագործների բողոքի ակցիաները կանխելու համար պետբյուջեից կվճարի հավելյալ 900 միլիոն դրամ։