«Հնարավոր է՝ մի օր մեզ կանգնեցնեն ու ասեն՝ հարկ վճարեք. պետք է բոլորս միավորվենք ու թուրքին այստեղից խռիկ տանք, այլ ճանապարհ չկա». Բարձրավանի գյուղապետ

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամին իր տեղադրած ոստիկանական անցակետի հետ կապված նոր փոփոխություններ է արել։ Թշնամին որոշել է, որ ճանապարհի այդ հատվածն ավտոմեքենաները կանցնեն ժամը մեկ։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ թուրքն ինչպես ուզում է, այնպես էլ անում է։

«Իրենք իրենց որոշել են ու հիմքը դրել են, որ մեքենաները ժամը մեկ պետք է անցնեն այդ ճանապարհը, ժամը մեկ են բաց թողնում, որ կալոննան անցնի։ Հուսամ, որ գոնե շտապօգնության մեքենաներին կթողնեն անցնել։ Ես հիմա ամեն ինչի սպասում եմ։ Շատ հնարավոր է՝ մի օր մեզ կանգնեցնեն ու ասեն՝ հարկ վճարեք ու անցեք, այս օրվան էլ պետք է սպասենք»,- նշեց Օնիկ Ավագյանը։

Բարձրավանի գյուղապետը տեղյակ չէ, թե պատկան մարմիններն ինչ են անում հարցը լուծելու համար, սակայն հարցի լուծման համար ինքն ունի սեփական բանաձևը.

«Պետք է բոլորս միավորվենք ու թուրքին այստեղից խռիկ տանք, այլ ճանապարհ չկա։ Եթե միավորվենք, ամեն ինչ էլ կարողանալու ենք անենք, ամեն ինչ։ Հիմա մեզ միայն միավորվել է պետք»։

Միաժամանակ նա ասաց, որ այլընտրանքային ճանապարհ է կառուցվելու, սակայն այն ձեռնտու չէ բնակիչներին, քանի որ դեպի Գորիս ճանապարհը մի քանի անգամ երկարում է։ Բացի դա, այդ ճանապարհը չպետք է լինի հիմնական երթևեկության համար, այն պետք է մնա պատերազմական իրավիճակների համար։

«Եթե այսօր Գորիս հասնելու համար 30 կմ ճանապարհ ենք անցնում, այլընտրանքային ճանապարհի դեպքում ստիպված ենք լինելու 70 կմ ճանապարհ անցնենք։ Այսինքն՝ մեզ համար կրկնակի ծախս ու բարդություններ են առաջանում»,- եզրափակեց Բարձրավանի գյուղապետը։

Նշենք, որ թշնամին օգոստոսի 29-ից Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհին տեղադրել է ոստիկանական անցակետ և իրանական բեռնատարներից գումար է գանձում՝ 50.000 դրամ, որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ ավելին։ Թշնամին անցակետ է դրել այն ճանապարհի վրա, որն օգոստոսի 25-27-ը փակ էր պահում, ինչի հետևանքով Բարձրավան գյուղը հայտնվել էր շրջափակման մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Տեսանյութեր

Լրահոս