«Իրանը լուրջ է տրամադրված. իրանական զինված ուժերը տեղակայվելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ հայ-իրանական սահմանը Իրանի համար չափազանց կարևոր է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ապահովում է Իրանի ելքը դեպի հյուսիս՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ աշխարհաքաղաքական մանևրի իմաստով:

«Եթե ադրբեջանաթուրքական դաշինքը ձգտում է այդ սահմանը կտրել, անկախ նրանից՝ դա կլինի փափո՞ւկ, թե՞ կոշտ ուժի կիրառմամբ, ապա դա խաթարելու է Իրանի անվտանգությունը: Մենք նաև իրանական լսարաններում ենք պնդել, որ արցախաիրանական սահմանի գոյությունը Իրանի համար այդ հատվածում տևական խաղաղության երաշխիք էր, և այժմ, երբ արցախաիրանական սահմանի մերձարաքսյան ողջ հատվածը բռնազավթված է ադրբեջանական օկուպանտների կողմից, Իրանի համար ստեղծվել են լրացուցիչ վտանգներ ոչ միայն այդ հատվածում, այլ նաև հաշվի առնելով թուրք-ադրբեջանական նկրտումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալի վերաբերյալ, ակնհայտ է, որ որոշակի ռիսկեր կան, որոնց իրանցիներն արձագանքում են բավականին կոշտ մեթոդաբանությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Իրանի կողմից անցկացվող զորավարժություններն Իրանում գնահատում են՝ որպես վերջին տասնամյակների պատմության ամենամեծ զորաշարժ: Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ այդ զորաշարժը տեղի է ունենում ադրբեջանաիրանական և Թուրքիայի հետ սահմանի ողջ երկայնքում.

«Դրանում ներգրավված են ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես՝ այն ստորաբաժանումները, որոնք մշտապես տեղակայված են սահմանակից նահանգներում, այլ նաև ներգրավված է իրանական բանակը: Իրանը իր ողջ ռազմական ուժով ներկա է այս զորավարժություններին: Դատելով իրանական կողմի վերլուծական շրջանակների պնդումներից՝ այդ զորքերի խոշոր հատվածն ամենևին չի հեռանալու, այսինքն՝ իրանական զինված ուժերը տեղակայվելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով: Սա ցույց է տալիս, որ Իրանի տրամադրվածությունը բավական լուրջ է: Եթե սրան գումարենք նաև քարոզչական պատերազմը, որը, թվում էր, թե լարման առաջին փուլից հետո պետք է նստի, բայց Բաքվի բռնապետի հայտարարությունը՝ ուղղված Իրանին, նպաստեց, որ երկրորդ փուլին ականատես լինենք, և հիմա այդ փուլն է ընթանում, ըստ էության, բերել է նրան, որ Իրանը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում»:

Իրանագետի գնահատմամբ՝ վերոնշյալին գումարվել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանը և Արցախից բռնազավթված հատվածները զորավարժությունների թատերաբեմ սարքելը. «Քաշաթաղի հատվածում զորավարժություններ անելն ուղղակի լկտիության գագաթնակետն էր»:

Վարդան Ոսկանյանը նկատեց՝ Իրանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը կախված է տարբեր գործոններից. «Եթե ադրբեջանական կողմը գնա սադրանքի, իսկ այդ սադրանքը կարող է տեղի ունենալ մի պարագայում, եթե Բաքվի բռնապետին Թուրքիան կամ որևէ այլ խաղացող, դիցուք՝ Իսրայելը, դրդի այդ սադրանքին և երաշխիքներ տա, որ այդ սադրանքից հետո կաջակցի Բաքվի բռնապետին, ապա ակնհայտ է, որ պատերազմական գործողության հնարավորությունը կմեծանա:

Առնվազն, իրանցիները կհասցնեն հարվածներ Ադրբեջանին: Ընդ որում՝ իրանցիները խոսում են նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգությունների պարագայում իրենց հակահարվածի մասին: Եթե նման սադրանքներ չլինեն, ապա զորավարժություններով և զորքի տեղակայումով կբավարարվեն իրանցիները: Իրանի վերլուծական դաշտում քննարկվում է վատթարագույն սցենարից մինչև լավագույն սցենարը:

Վատթարագույն սցենարն Ադրբեջանին հարվածներ հասցնելն է, իսկ լավագույն սցենարը՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծումը: Այս ամբողջ գործընթացի վրա յուղ լցրեց նաև էրդողանական վարչախումբը. Էրդողանը Սոչիում հայտարարեց, որ այս տարածաշրջանում խնդիրները լուծվում են Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում, ինչն ուղղակիորեն ակնարկ էր առ այն, որ Իրանը պետք է դուրս մնա որևէ գործընթացից: Դրանից առաջ էլ Էրդողանը էլ ավելի լկտի հայտարարություն էր արել, որ տարածաշրջանում յուրաքանչյուր քար այսուհետ միայն Թուրքիայի կամքով է շարժվելու, ինչը բերում է նրան, որ իրանական կողմը հանդես գա կոշտ դիրքորոշումներով, բայց զուգահեռաբար՝ պահպանելով նաև դիվանագիտական խողովակները»:

Իրանագետի կարծիքով՝ Հայաստանի տարածքով «միջանցքի» գաղափարին դեմ է ոչ միայն Իրանը, այլ նաև Ռուսաստանը.

«Հետևաբար, որևէ կողմի շահերից չի բխում «միջանցքի» տրամադրումը, հետևաբար, այս համատեքստում ՀՀ իշխանությունն էլ այս հարցում գնում է անզիջում դիրքորոշման: Նաև իրենց անձնական իշխանության շահերից չի բխում, որ նման «միջանցք» տրամադրվի Ադրբեջանին և Թուրքիային, որովհետև դա կբերի տարածաշրջանում Հայաստանի ամբողջական վասալային կախման՝ Թուրքիայի և Ադրբեջանի ցանկություններից: Այս «միջանցքի» գաղափարը պետք է վերջնականապես թաղել՝ հաշվի առնելով նաև մեր դաշնակից Ռուսաստանի և մեր բարեկամ Իրանի դիրքորոշումը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս