Ի՞նչ խոսեցին Պուտինն ու Էրդողանը Սոչիում Արցախի շուրջ
Ռուս-թուրքական դիվանագիտական սրացման ֆոնին, մեկուկես տարվա դադարից հետո, նախօրեին ծովափնյա Սոչի քաղաքում կայացան Պուտին-Էրդողան բանակցությունները: Սեպտեմբերի 29-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նովո-Օգարյովո նստավայրում երկշաբաթյա ինքնամեկուսացումից դուրս գալու առաջին օրն էր: Սեպտեմբերի 14-ին ՌԴ նախագահը հայտնեց նման ռեժիմի անցնելու մասին, քանի որ շրջապատում կորոնավիրուսով վարակվածության բազմաթիվ դեպքեր էին հայտնաբերվել: Սա համընկավ նաև ՌԴ-ում անցկացված Դումայի ընտրությունների հետ: Ի դեպ, մի շարք փորձագետների կարծիքով՝ այս փուլում մեկուսանալու որոշումն առողջական նկատառումներից չէր ելնում, այլ կրում էր քաղաքական բնույթ: Թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները հայտնել էին, որ Սոչիում ղեկավարները նախատեսում են քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր հարցեր։
«Տեղի կունենա նաև կարծիքների հանգամանալից փոխանակում միջազգային արդիական հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրադրության զարգացումը»,- ասված էր օրերս Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Ղրիմի թեման չի քննարկվելու, քանի որ այդ թեման սովորաբար չի քննարկվում, Ղրիմի առումով թուրքական կողմի հետ քննարկելու բան չկա։ Բանակցությունների արդյունքում փաստաթղթի ստորագրություն չի նախատեսվում:
Ինչպես և նախապես Կրեմլի ներկայացուցիչը նշել էր, մամուլի համար բաց էր «երկու նախագահների առաջին նախադասությունների փոխանակումը, նրանց ողջույնը»։ Պեսկովը նաև նշել է, որ մամուլի համար ոչ մի հայտարարություն բանակցությունների արդյունքների մասին նախատեսված չէ։ Ուշագրավն այն է, որ ռուս-թուրքական բանակցությունների հրապարակային մեկնարկը մեծամասամբ ընդհանրական էր՝ առանց մանրամասների և ընդհանուր դրույթների ամրագրման:
- «Բանակցությունները երբեմն բարդ են, բայց վերջնական դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են գտնել փոխզիջումներ, որոնք շահավետ են երկու երկրների համար»,- ասաց Պուտինը:
- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրեց Ռուսաստանի և Թուրքիայի հաջող համագործակցությունը Սիրիայում և Լիբիայում,
- Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձավ միայն Պուտինը՝ բացառիորեն նշելով հետևյալը. «ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնը: Այդ համագործակցությունը կայունությանը և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու լուրջ երաշխիք է»: Ի դեպ, ղեկավարներից որևէ մեկն իր խոսքում չօգտագործեց Լեռնային Ղարաբաղ անվանումը և կոնկրետ չանդրադարձավ իրավիճակին:
- Էրդողանը նշեց՝ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ կարևորություն ունեն, և, որ այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից:
- Ըստ Էրդողանի՝ Թուրքիայում ռուսական ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը կբացվի 2022 թվականին: «Շինարարությունն ընթանում է՝ ըստ ծրագրի: Տեղեկացա, որ ատոմակայանի շինարարությունը կավարտվի որոշված ժամանակին: Ես հավատում եմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք բացել այս ատոմակայանի առաջին բլոկը»,- ասաց Էրդողանը:
- Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսեց նաև ռազմարդյունաբերական ոլորտից: Նա հստակեցրեց, որ մեկ այլ ոլորտ է, որը պետք է նշել, համատեղ քայլերն են ռազմարդյունաբերության ոլորտում, և օգտակար կլինի այս մասին խոսելը: «Կան հայտնի անձինք, ովքեր որոշ հարցեր են բարձրացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ: Մենք նրանց տվել ենք անհրաժեշտ պատասխաններ»,- նշել է Էրդողանը C-400-ների գործարքից անուղղակիորեն խոսելիս ասելով, որ կան քայլեր, որոնք արդեն արել են, ավարտել են, և այդ առումով հետ ճանապարհ չկա:
Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե քննարկումներ են ծավալվելու նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ, որը, թերևս, պարզորոշ կուրվագծվի այս բանակցություններին հաջորդող զարգացումներից հետո:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ հանդիպումը կարելի է բնորոշել նորմալ՝ եղան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հանգամանքներ: Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունները՝ հատկապես Պուտինի ու Էրդողանի ղեկավարության դեպքում, ֆորմալ բնույթ չեն կրում, քանի որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են, բանակցվում են կոնկրետ և բարդ հարցեր:
«Սրանք հանդիպումներ չեն պարզապես հարաբերությունները պահպանելու և ֆորմալ մասն ապահովելու համար: Այստեղ միջազգային հարաբերությունների ռեալ և ամենաբարդ հարցերն են քննարկվում, ընթանում է կոնկրետ առևտուր, ինչպիսին իրավիճակն է սիրիական Իդլիբում, Լիբիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում և այլն: Հրաշքով, մշտապես հաջողվում է խուսափել ուղիղ առճակատումից, թեև կան խնդիրներ, որոնք անլուծելի են, ինչպիսին իրավիճակն է Իդլիբում, որի շուրջ բավականին լարված ու սահմանային իրավիճակում են հայտնվում կողմերը: Կարելի է ասել, որ նրանք միմյանց հասկանում են, բայց խնդիրները բարդ են: Գլխավոր հարցը, ըստ իս, իրավիճակն է Սիրիայում, որտեղ ռուսական կողմն ուժային ազդեցություն է ցուցաբերում, այստեղ մեր դիրքորոշումներն արմատապես տարբեր են: Բայց այստեղ, ինչպես նախկինում, չի հաջողվելու գալ համաձայնության, և Թուրքիան դուրս չի բերելու մեծաթիվ զինյալներին անվտանգության սպառնալիքի ձևակերպմամբ: Ուստի 2018-ի պայմանավորվածությունից ի վեր սկսված շրջապտույտը դեռ շարունակվելու է»,- ասաց նա:
Ըստ Լուկիանովի, բացի լարվածությունից, կա փոխըմբռնում, և պատահական չնշվեց C-400-ների գործարքի մասին, ակնարկ եղավ, որ դա կարող է շարունակվել և դա ուղերձ էր Արևմուտքի համար:
Հարավային Կովկասի շուրջ, նրա խոսքով, հակասությունները այդքան խորը չեն, որքան մյուս գոտիներում: «ՌԴ նախագահի կողմից եղավ հարավկովկասյան խնդրին կարճ անդրադարձ, կարծում եմ՝ ընդհանուր բանակցային օրակարգում ևս այն փոքր է լինելու: Ընդհանուր տրամաբանությունը գործընթացների այստեղ չի փոխվելու այս հանդիպումից հետո: Ղարաբաղի շուրջ ռուս-թուրքական առճակատումն այնքան սուր բնույթ չի կրում, որքան այլ գոտիներում: Թուրքիայի համար կա ցանկալի օրակարգ, կա նոյեմբերի 9-ից հետո սկսված գործընթաց, որը միանշանակորեն կքննարկվի, բայց ուշագրավ հանգամանք էր, որ թուրքական կողմն այս տարածաշրջանին չանդրադարձավ»,- նկատեց նա: