«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացրել»․ Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին կարևոր և բացառիկ է, որովհետև նախորդ տարվա Ադրբեջանի ագրեսիայից հետո սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին զուգահեռ՝ փորձ է արվում գործընթացը տեղափոխել նաև այս դաշտ։ Այդ առումով, իհարկե, այս հանդիպումը շատ կարևոր էր և ուշադրության արժանի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության բովանդակությանը, ապա փորձագետի մոտ ավելի շատ հարցեր են առաջացել, քան ինչ-որ հարցերի պատասխաններ է ստացել․ «Դա ինչ-որ չափով հասկանալի է, որովհետև նոր գործընթաց է սկսվում, և պետք է բոլորս հասկանանք, որ այս գործընթացը մի կողմից հենվելու է այն դիվանագիտական ժառանգության վրա, որը կա համանախագահության շրջանակներում, այսինքն՝ այն սկզբունքները, որոնք եղել են դրված բանակցությունների հիմքում, փորձեր է արվելու պահպանել և հասնել դրանց կատարմանը։ Բայց մյուս կողմից՝ լինելու են նաև նոր մոտեցումներ, նոր զարգացումներ, որովհետև ունենք նոր իրավիճակ, մենք գործ ունենք պատերազմից հետո լրիվ փոխված տարածաշրջանի, փոխված ուժային բալանսների և, ընդհանրապես, փոխված օրակարգի հետ։ Այդ փոփոխությունը տեսանելի է  նաև այս հայտարարության մեջ։ Ամենակարևորը, թերևս, այն է, որ, ցավոք սրտի, հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակվում Արցախի կարգավիճակի հարցը, չեն հիշատակվում այն սկզբունքները, որոնց վրա գործընթացն ընթանում էր, չնայած՝ մինչ այդ համանախագահների հայտարարություններում պարբերաբար հղում կատարվում էր այդ սկզբունքներին։ Սա ամենաբացասական կողմն է»։

Համանախագահների հայտարարության մեջ փորձագետի համար ուշագրավ է նաև այն, որ միջնորդները որոշակի առաջարկություններ են արել, որոնք վերաբերում են դեէսկալացիային և հնարավոր հաջորդ քայլերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի մասով․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցեր ձևակերպումը մի կողմից՝ ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք Արցախի սուբյեկտայնության կտրուկ անկում, որովհետև հարցը տեղափոխված է Հայաստանի և Ադրբեջանի դաշտ, մյուս կողմից՝ ցույց է տալիս նաև, որ միջնորդների առաջարկները կարող են վերաբերել ոչ միայն Արցախին և արցախյան հակամարտությանը, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա մի շարք խնդիրներին, այդ թվում՝ ճանապարհների հարցին, սահմանների հարցին, և այլն։

Այստեղ ուշագրավ է նաև այն, որ համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, որը պատասխանատու է խաղաղաշինության հարցերի համար, այսինքն՝ սա ինչ-որ չափով ցույց է տալիս, որ նոր դրսևորում, նոր կողմ կարող են ունենալ այս բանակցությունները։ Բացի այդ, նաև հստակեցման և պարզաբանման խնդիր կա՝ կապված այն ձևակերպման հետ, որ կարևորվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի գործունեությունը և առաքելությունը։ Այս իրավիճակում այդքան էլ հասկանալի չէ, թե որն է այդ առաքելության նշանակությունն ու անելիքներն այսօրվա իրավիճակում, երբ տեղակայված են խաղաղապահներ, բայց ամեն դեպքում հայտարարության մեջ հղում կա դրան, և այստեղ ևս ավելի շատ հարցեր են առաջանում, քան հնարավոր է ինչ-որ բան եզրակացնել, թե ինչ են պատկերացնում կամ ինչ են առաջարկում միջնորդները»։

Տեսանյութեր

Լրահոս