Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը․ Մաս 3

Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։

Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։

Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է.

– Բովանդակություն

– Հանրային ընդգրկում

Ընդհանրապես երկրի ողջ ընթացքը, տարածաշրջանի ողջ տրամաբանությունը փոխած զարգացումները հնարավոր չէ քննել «պատերազմի հանձնաժողով» կոչված ֆորմատում։

Կամ երկու տարբերակ. կա´մ լայն ֆորմատով դիմել հանրությանը ու միասին սկսել լայն քննարկումներ, կա´մ էականորեն նեղացնել հարցերի շրջանակը։ Այդ շրջանակը դարձնել այնքան կոնկրետ, որ մանևրելու շանսը փոքրանա, ու այնքան հստակ, որ լայն լսարան կոնսոլիդացվի այդ հարցերի շուրջ։

Օրինակ. «Պատերազմի՝ վաղաժամ դադարեցման առաջարկը (առաջարկները) մերժելու հարցի քննիչ հանձնաժողով»։
Այս հարցում կան լրջագույն դերակատարների հրապարակային հայտարարություններ՝ ՌԴ նախագահ Վլ. Պուտին, ՀՀ վարչապետ՝ Ն. Փաշինյան, Ադրբեջանի նախագահ, ԱԱԾ ԺՊ Մ. Համբարձումյան, ԳՇ պետ Օ. Գասպարյան և այլն։
Սա ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետ հարցն է, և մանևրելու հնարավորությունները մեծ չեն։

Այլ հարցեր.

1. Հուլիսյան դեպքեր։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

2. Ինչո՞ւ էր իշխող խմբակցության ղեկավարը պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ հայտարարում, որ Թուրքիան հնարավոր պատերազմին չի միջամտի։ Ո՞ւմ շահն էր սպասարկում այդ հայտարարությունը։ Ի դեպ, այդ անձը հիմա ԱՄՆ-ում դեսպան է։

3. Ստվերային բանակցություններ։ Ո՞վ է մասնակցել, որտե՞ղ, ինչի՞ շուրջ, հետո ի՞նչ եղավ։

4. Գրոհայինների տեղակայում Ադրբեջանում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ սեպտեմբերի 23-ին արդեն 7700 գրոհային է տեղափոխվել։ Սա հսկայական թիվ է. ինչո՞ւ չի իմացվել շուտ, ինչո՞ւ չի կանխվել, չի խփվել նրանց տեղափոխող օդանավը, ինչո՞ւ չի բարձրացվել միջազգային աղմուկ։ 7700 –ը հավի ճուտ չեն, որ աննկատ բերվեն։ Շաբաթներ առաջ են մամուլում եղել փաստեր, որ թուրքերը գրոհայիններ են հավաքագրում և տեղափոխում Ադրբեջան։ Ի՞նչ աշխատանք է կատարվել դրա շուրջ ՌԴ հետ, Մինսկի խմբի հետ։

5. Անվտանգության Խորհրդի անդամների անհատական պահվածքը, նիստերի ձայնագրությունները։ Պատերազմի օրերին տեղի են ունեցել ԱԽ նիստեր։ Քննարկվել են ճակատագրական հարցեր, որոնք վերաբերել են հազարավոր կյանքերի, որոնք վերաբերել են պատերազմի ընթացքին և պատերազմի դադարեցմանը։ Պետության շահի տեսակետից շատ կարևոր է մասնակիցների անհատական հայտնած կարծիքը կամ անհատական լռությունը. նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են, ոմանք էլ՝ ինքնաինդուլգենցիա ձևակերպած։ Պետության շահի տեսակետից՝ սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է լռելյայն գալ կոնսենսուսի՝ մեղավոր համարել միայն Նիկոլին։ Ենթադրելի է, որ այնտեղ քննարկվել և որոշվել են ճակատագրական հարցեր։ Եվ այս աղետից հետո կարևոր է հասկանալ ԱԽ-ի՝ որպես պետական ինստիտուտի դերակատարումը և կոնկրետ անձանց դերակատարումը։

Հիշեցման կարգով՝ պատերազմի օրերին ԱԽ նիստերը տեղի են ունեցել սեպտեմբերի 27, 28, 30, հոկտեմբերի 14, 19։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

տելեգրամյան ալիքից

Տեսանյութեր

Լրահոս