Բոմբը մեքենայի մեջ դրած՝ քշում են, սիմվոլիկ 1000 դրամով չտուգանե՞ն. Մկրտիչ Տիգրանյան
«Հայաստանում բոլոր մեքենաների գազաբալոնների հետ կապված տվյալները լիցենզավորված կազմակերպությունները պետք է մուտքագրեն մեկ միասնական էլեկտրոնային շտեմարան: Լիցենզավորված կազմակերպությունները շտեմարանում մուտքագրելու են՝ ինչպես գազաբալոնի տեղադրման հետ կապված, այնպես էլ՝ դրանց հերթական վկայագրման, այսինքն՝ ստուգման, ժամկետների վերաբերյալ տվյալները»,- այս մասին սեպտեմբերի 23-ին «Արմենպրեսի» սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը:
Այդ էլեկտրոնային շտեմարանին հասանելիություն են ունենալու՝ ինչպես համապատասխան պետական գերատեսչությունները, այնպես էլ՝ գազալցման կայանները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ գազալցակայանները պետք է ունենան համապատասխան կահավորում, որպեսզի կարողանան տեղում նույնականացնել ավտոմեքենաների գազաբալոնների՝ ինչպես տեղադրման, այնպես էլ՝ պարբերաբար ստուգման տվյալները: Եթե ավտոմեքենայի գազաբալոնի տվյալները չկան շտեմարանում, ապա գազալցակայանն իրավունք չունի կատարել լիցքավորում:
«Ասեմ, որ հաջորդ տարի՝ փետրվար ամսից, ուժի մեջ են մտնելու վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են տուգանքներ՝ ինչպես լիցենզավորված կազմակերպությունների, այնպես էլ՝ գազալցակայանների կողմից կատարվող խախտումների դեպքում: Տուգանքները նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով են»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի փոխանցմամբ՝ և՛ հին, և՛ նոր գազաբալոնները պետք է բերեն փորձարկման, որից հետո կպարզվի՝ դրանք խոտանման ենթակա՞ են, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարանին, դա հարցի ճիշտ լուծում է, դրանից հետո մեխանիզմը պետք է կարողանա աշխատել:
«Խնդիրն այն է, որ օրենքը հունվար ամսին ընդունել են, 6 ամիս անցումային ժամանակ էր տրված, որպեսզի էլեկտրոնային շտեմարանի մրցույթ հայտարարեին, պարզվեր, թե ո՞վ է ծրագիրն անելու, ո՞վ է սպասարկելու: Մինչև հիմա սա լուծված չէ: Ավելին, որոշումները դեռ չկան, անգամ լիցենզավորման կարգը դեռ կառավարության կողմից ընդունված չէ: 100-ավոր թերությունների մասին ենք գրել, ուղարկել, ոլորտի 12 կազմակերպության հետ միասին նամակ ենք գրել նախարարի տեղակալին, որ այդ նախագիծը մտավ Կառավարություն՝ չի աշխատելու, անիմաստ է: Բերեք քննարկենք, թերություններն ուղղենք, դառնա նորմալ փաստաթուղթ, որ հետո դրանով աշխատել լինի: Սա 400.000-500.0000 վարորդի համար է, որը խնդիր է առաջացնելու»,- մեզ հետ զրույցում նշեց Մկրտիչ Տիգրանյանը:
Դիտարկմանը՝ արդյոք հարկավոր չէ՞ մշակել վերահսկողության մեխանիզմներ, այսինքն՝ վերահսկի ու տուգանի ոչ միայն լիցենզավորողը, այլ, օրինակ, նաև հարկային մարմինը, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրենն արձագանքեց.
«Էլեկտրոնային շտեմարանի ստեղծման իմաստն այն էր, որ դրանից կարողանան օգտվել գազալցակայանները, տեխզննման կայանները: Ծխելու համար 7000 դրամով են տուգանում, հեռախոսով խոսելու համար՝ չգիտեմ ինչքանով, առաջարկել եմ 1000 դրամ տուգանք սահմանել նաև այս դեպքում, որովհետև բոմբը մեքենայի մեջ դրած քշում են, սիմվոլիկ 1000 դրամով չտուգանե՞ն:
Մի տաքսու վարորդի հլը 1000 դրամով տուգանի՝ կգնա խելոք այդ փորձարկումը կանի տարին մեկ: Սա դեռ մի կողմ, չեն ուզում, կարող են չտուգանել, սակայն կան այլ խնդիրներ, որոնք մնացել են կիսատ: Իրենց տված ակտով գազով մեքենան որ դուրս գա, գնա, ասենք, Ռուսաստան, մտավ՝ առաջ չեն թողնելու, որովհետև ԵԱՏՄ պարտավորություններ կան: Այնտեղ գրված է, թե ինչ ձև պետք է լինի այդ արձանագրությունը: Կարո՞ղ է Ստավրոպոլից մտնեն էլեկտրոնային շտեմարան՝ նայեն՝ դա փորձարկվա՞ծ է, թե՞ ոչ: Միասնական ձև է հաստատված, որի մի երեսը պետք է լինի հայերեն, մյուսը՝ ռուսերեն: Սա պետք է լինի նաև փաստաթղթի ձևով: Հիմա 2005 թվից գործող ձևն են գցել, ու այդպես մնացել է: Հարյուր անգամ ասացի՝ եկեք փոխենք: Տեխնիկական թերությունները, անճշտությունները շատ են: Մասնագետը գա՝ ասելու եմ՝ դե գրածդ այստեղ ցույց տուր: Ասում են՝ արդեն ներկայացրել ենք վարչապետի աշխատակազմին. ինչո՞ւ եք տվել: Աշխատակազմն ի՞նչ պետք է անի, այնտեղ համապատասխան մասնագետներ կա՞ն»:
Հավելենք, որ ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել:
Այդ նպատակով Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օրենսդրական փոփոխությունը։
Նպատակը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորելն է:
Նախագիծը սահմանում է, որ «ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից»:
Նշվում է, որ շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` «լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»։