Ոչ մի անձնական բան

Մեր քաղաքական կյանքում ընդունված է բողոքել պետական ապարատից:  Բողոքել բոլոր առումներով: Թե՛ աշխատանքի արդյունավետության, թե՛ ապարատի ուռճացվածության:

Բողոքի ոլորտում առաջամարտիկը մշտապես ընդդիմությունն է: Իսկապես մեր երկրի աշխատատեղերի մեկ երրորդից ավելին մշտապես պետական (ու նաև համայնքային) աշխատատեղերն են: Իշխանափոխության պահին պետական (գումարած համայնքային) աշխատատեղերի քանակը 202․719 էր (2018թ․ մարտ ամսվա տվյալներով):

Նոր իշխանությունները երկրային դրախտի կառուցման գունագեղ խոստումների մեջ նաև պետական ապարատի կրճատում և աշխատանքի արդյունավետության բարձրացում էին խոստանում: Արդյունավետության բարձրացման խոստումը կատարվե՞ց, թե՞ ոչ՝ դժվար է ասելը: Ի վերջո, այն պարզ՝ թվային արտահայտում չունի: Ի տարբերություն պետական ապարատի աշխատողների քանակի:

Այն, ինչպես ցանկացած այլ քանակական մեծություն, միշտ հնարավոր է թվերով արտահայտել: Սկզբում նոր իշխանությունները հավանաբար հիշում էին ապարատը կրճատելու իրենց խոստումները: Հիշել ասածը քիչ է:

Սկզբում նրանք կատարում էին ապարատը բեռնաթափելու իրենց խոստումը: Բերենք մեկ միջանկյալ տվյալ: 2019թ․ հունիսին պետական ապարատը մի փոքր «թեթևացել» էր՝ 4553 աշխատողով: 2018-ի մարտի 202․719-ի դիմաց պետությունն ու համայնքները 198․727 մարդու էին աշխատավարձ վճարում: Բայց հետո հավանաբար դռանը չոքեց խնամի-բարեկամին, մորքուր-հորքուրին աշխատանքով ապահովելու խնդիրը: Ու պետական ապարատը թթխմորի հանգույն սկսեց աճել:

Նույնիսկ համավարակն ու պատերազմը չկանխեցին աճը: 2020թ․ դեկտեմբերին պետական (համայնքային) ապարատում աշխատողների քանակն արդեն գերազանցել էր 2018թ․ մարտի ցուցանիշը: Գերազանցել էր 2034 աշխատակցով (բացարձակ թիվը 204․753 աշխատակից էր): Հայտնի բան է, տարիքի հետ խնամի-բարեկամների ու մնացած ազգականների քանակն աճելու միտում ունի:
Դասականը ժամանակին նկատել է, որ «երեխաները մեծանալու սովորություն ունեն»: Երեխաները մեծանում-մեծանում ու հասնում են աշխատունակության տարիքի: Անկախ կրթական ցենզից: Հետևաբար՝ նրանց աշխատանքով ապահովելը դառնում է պարտք: Հատկապես պետական դիրք զբաղեցնող ազգականի համար: Այդ նախկինում էին պետական չինովնիկները չարաշահում իրենց պաշտանական դիրքը: Չարաշահում ու որևէ գործարարի խնդրում էին իրենց ազգականին կրթության ու ձիրքին համապատասխան որևէ աշխատանքով ապահովել:

Հիմա մեր պետական այրերն այս իմաստով ավելի համեստ են: Հավանաբար ավելի համեստ են: Եվ հավանաբար փորձում են գերդաստան-ցեղի, ընկեր ու մնացածների հանդեպ իրենց «պարտքը» կատարել պետական ապարատի հաշվին:
Եթե հիշում եք՝ այս տարվա սկզբին մեր ապարատը մոտ 202,700 աշխատատեղ էր ապահովել: Այս տարվա հունիս ամսին պետական (համայնքային) աշխատողների քանակն արդեն անցել է 208.000-ը: Հունիսին պետական ապարատում կար 208.051 աշխատակից: Այսինքն՝ մոտ 3300 մարդ ավելի, քան տարեսկզբին: Կամ՝ 5332-ով ավելի, քան «հեռավոր» 2018թ․ մարտ ամսին:

«Ինչո՞ւ է պետական աշխատանքը շարունակում մնալ հրապուրիչ» նաիվ հարցին կարելի է տալ նույնքան նաիվ բազում պատասխաններ: Օրինակ, պետհամակարգում բարձր աշխատավարձեր կան: Կամ՝ պետհամակարգում բարձր աշխատավարձերից շատ ավելի բարձր պարգևավճարներ կան: Կարելի է բերել նաև հետևյալ պաշտոնական տվյալը՝ 2018թ․ մարտից հետո պետհամակարգում աշխատավարձերի աճն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետական համակարգում:

Այսինքն՝ պետական համակարգում միջին աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան ոչ պետականում: Սակայն, պաշտոնական վիճակագրության համաձայն, պետհամակարգի միջին աշխատավարձը 2021թ․ հունիսի տվյալներով կազմել էր 172․382 դրամ: Սա՝ այն դեպքում, երբ ոչ պետական համակարգում միջին աշխատավարձը նկատելի ավելի բարձր է՝ նույն ժամանակաշրջանում կազմել է 214․584 դրամ: Սա կարող է լուրջ կամ հիմնավոր խթան լինել մեր պետական այրերի համար: «Աշխատավարձերի չափով հասնել ու անցնել ոչ պետական ոլորտին»:

Ասեք, որ արժանի կարգախոս: Համարյա կյանքի նպատակ:

Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր երկրի աշխատողների թվաքանակում պետական ոլորտում աշխատողների քանակը 31.73 տոկոս է, ապա կարելի է մեկ այլ կարգախոս էլ հիշել: «Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»:

Տեսանյութեր

Լրահոս