«Եթե այս սահմանազատումը լինի, ուրեմն կճանաչենք, որ և՛ Նախիջևանը, և՛ Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն են». ադրբեջանագետ
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին: Մենք այս առումով արդեն բաց հայտարարել ենք: Այս պահին որևէ աշխատանք չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը վստահ է՝ այս պայմաններում սահմանազատման և սահմանագծման գործընթացն ուղղակի անթույլատրելի է:
«Խոսվում է ամեն գնով խաղաղության, ագրեսիվ հռետորաբանության իսպառ բացակայության մասին, այն պարագայում, երբ Ադրբեջանում հակառակն է: Մենք Ադրբեջանի հետ չունենք խաղաղության պայմանագիր, և սահմանազատման, սահմանագծման դեպքում լարվածությունն ավելի է աճելու: Ադրբեջանը նաև իր պայմաններն է թելադրում՝ ասելով, որ պետք է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և այս պայմաններում նման խաղաղության պայմանագրի ստորագրումը կնշանակի՝ գնալ ընդդեմ համաշխարհային հոսանքի, այն պարագայում, երբ Ֆրանսիան, քաղաքակիրթ Եվրոպան և անգամ Ռուսաստանն ադրբեջանական ագրեսիայի դեպքում պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը և օժանդակել հայկական կողմին:
Ու եթե ստորագրենք պայմանագիր, որտեղ ՀՀ-ն ու Ադրբեջանը քարտեզներով սահմաններ կունենան՝ մենք կհրաժարվենք Արցախից»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը՝ հիշեցնելով, որ Խորհրդային Հայաստանը ոչ միայն արևելյան սահման ուներ, այլև արևմտյան, որը Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով է գծված, և կրկին եթե պայմանագիր ստորագրենք, կլեգիտիմացնենք Ադրբեջանի կազմում Նախիջևանի գտնվելը:
«Պետք է չմոռանալ, որ երբ Ադրբեջանը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից, իրեն հռչակեց առաջին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդ և հրաժարվեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, իսկ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանի կազմի մեջ մտնում էր Նախիջևանը՝ որոշ վերապահումներով: Հիմա եթե այս սահմանազատումը լինի, ուրեմն կճանաչենք, որ և՛ Նախիջևանը, և՛ Արցախն Ադրբեջանի անքակտելի մասն են, ավելին՝ կհրաժարվենք արևմտահայ դատին որպես պետություն որևէ մասնակցություն ունենալուց: Դա կնշանակի, որ ոչ միայն մեր հայրենիքի մի մասից՝ Արցախից ենք հրաժարվում, այլև Սևրի պայմանագրով սահմանված մեր տարածքներից, Հայ դատից: Ես հույս ունեմ, որ սա ուղղակի դեկլարացիոն բնույթ է կրում, որպեսզի ցույց տանք մեր խաղաղասիրությունը: Հուսով եմ, որ ողջամտությունը կհաղթի ու սահմանազատումն ու սահմանագծումն այս պայմաններում երբեք կյանքի չեն կոչվի, որովհետև դրանք կործանարար են հայ ժողովրդի, հայկական պետականության համար: Մեկընդմիշտ սեպ կխրվի նաև Սփյուռքի միջև»,- եզրափակեց մեր զրուցակիցը: