«Մուդիսը» իջեցրել է Հայաստանի տնտեսության հեռանկարի գնահատականը

Հերթական վարկանիշի շնորհման շրջանակներում միջազգային վարկանշային կազմակերպություններից մեկը, ի դեմս «Մուդիսի», որոշել է անփոփոխ թողնել Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Դա առիթ էր դարձել կառավարության նիստում մեմուարներ ձոնելու մեր տնտեսության ու կառավարության իրականացրած «հանճարեղ» տնտեսական քաղաքականության վերաբերյալ։

Այդ առաքելությունը կրկին ստանձնել էր Տիգրան Խաչատրյանը, այս անգամ՝ ոչ թե էկոնոմիկայի, այլ՝ ֆինանսների նախարարի պաշտոնում։

«Հաշվի առնելով, որ «Մուդիսի» կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019թ., որից հետո՝ 2020թ. կորոնավիրուսի համավարակի տարածման և պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, «Մուդիսի» այս գնահատմամբ արձանագրվում են նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը: Ընդգծում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է։ Սա շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրողների համար, քանի որ վերահաստատում է Հայաստանի տնտեսության կայուն աճի հեռանկարը և կառավարության տնտեսական քաղաքականությունների բարենպաստությունը ներդրումների համար:

Այն ընդգծում է նաև Հայաստանի բարձր տնտեսական աճի սպասումների և կառավարության հարկաբյուջետային կարողությունների վերականգնման վերաբերյալ «Մուդիսի» կանխատեսումը»,- կառավարության նիստում փորձեց «Մուդիսի» գնահատականների վրա լույս սփռել էկոնոմիկայի նախկին, ֆինանսների ներկա նախարարը։

Տիգրան Խաչատրյանը, սակայն, «մոռացավ» մեկ էական նրբություն. «Մուդիսն» անփոփոխ թողնելով Հայաստանի վարկանիշը, կարևոր վերապահում է կատարել՝ իջեցրել է հեռանկարի գնահատականը։ Եթե նախկինում այն «դրական» էր, հիմա դարձել է «կայուն»։ «Կայունը» առնվազն մեկ աստիճանով ցածր է «դրականից»։

Հեռանկարի վատացումն ինքնին վատ է։ Բայց այնպես չէ նաև, որ նախկին վարկանիշի պահպանումը մեծ առաջընթաց է։ Դա ոգևորության ոչ մի առիթ չի տալիս և բոլորովին էլ չի խոսում մեր տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումների կամ ներդրումային գրավչության բարձրացման մասին։

2019թ., երբ նույն «Մուդիսը» բարձրացրեց Հայաստանի վարկանիշի իր  գնահատականը, վարչապետը և մյուս պաշտոնյաները, այդ թվում՝ Տիգրան Խաչատրյանը, նույն ոգևորությամբ խոսում էին, որ դա կմեծացնի ներդրողների վստահությունը մեր տնտեսության նկատմամբ։ Վստահության բարձրացումը, բնականաբար, ինքնանպատակ չէ. դա պետք է հանգեցներ ներդրումների ավելացմանը։ Բայց ինչ եղավ դրանից հետո ներդրումների հետ։ Ներդրումները կրճատվեցին։ Ընդ որում, 2020թ. խայտառակ ձևով։

Հիմա նույնը կրկնվում է։ «Մուդիսն» անփոփոխ է թողել Հայաստանի վարկանիշը, հեռանկարները նույնիսկ վատացրել է, իսկ կառավարությունում դարձյալ նույն ոգևորությամբ խոսում են այն մասին, որ դա լավ ազդակ է ներդրումների համար։ Այնինչ՝ դա ընդամենը գնահատական է, երբեմն նաև՝ քաղաքական գնահատական, որը ոչ միշտ է կապված տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումների հետ։

Եթե հավատալու լինենք «Մուդիսի» ու մյուս վարկանշային ընկերությունների նախկինում տրված գնահատականներին, ապա վաղուց մեր տնտեսությունը վերածվել էր դրախտի կամ ընդհակառակը՝ կործանվել էր։ Բայց ինչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկն է, և ո՛չ էլ մյուսը։ Ավելին՝ այն ժամանակ, երբ նույն «Մուդիսը» Հայաստանի վարկանիշը հաստատել էր ավելի ցածր մակարդակում, ունեցանք շատ ավելի մեծ ծավալի ներդրումներ ու բարձր տնտեսական աճ, քան այն ժամանակ կամ դրան հաջորդող շրջանում, երբ բարելավել էր վարկանիշը։ Խոսքը  նաև 2017թ. մասին է։

Այնպես որ, այս գնահատականներից չպետք է շատ ոգևորվել կամ տխրել։ Գուցե այն ինչ-որ դեր ունենում է օտարերկրյա ներդրողների վարքագծի վրա, բայց դա չէ ներդրումներ կլանելու գլխավոր նախապայմանը, և այնպես չէ, որ որոշումներ կայացնելիս ներդրողներն առաջնորդվում են հենց դրանով։ Առավել ևս, այսօրվա Հայաստանի պարագայում, որտեղ ներդրումային ռիսկերը բոլորովին էլ վարկանշով չեն որոշում։ Կան բազմաթիվ այլ կարևոր գործոններ, որոնք շատ ավելի մեծ դեր են ունենում ներդրումային որոշումներ ընդունելիս, քան թե վարկանշային ընկերությունների տված գնահատականներն են։

Պարզ է, չէ՞, որ այսօր Հայաստանում ներդրում կատարելուց առաջ ներդրողն առաջին հերթին նայելու է ոչ թե «Մուդիսի» գնահատականներին, այլ նրան, թե մեր երկիրը որքանով է անվտանգ ներդրում կատարելու համար։

Միայն այս գործոնը բավական է, որպեսզի ներդրողը մի կողմ դնի ցանկացած վարկանշային ընկերության տված գնահատականը։ Առավել ևս՝ այս պարագայում, երբ հեռանկարի առումով ունենք գնահատականի վատացում։ Չհաշված քողարկված ակնհայտ քաղաքական երանգները, որոնք տեղ են գտել «Մուդիսի» գնահատականներում։

Հայտարարելով Հայաստանի վարկանշային գնահատականի մասին՝ ընդգծվել է, որ երկրի հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլն էականորեն չի փոխվել։

Հիմա հարց. Հայաստանի պարտքն այս ընթացքում փոխվե՞լ է, թե՞ չի փոխվել, պարտքի ցուցանիշները վատացե՞լ են, թե՞ չեն վատացել, պարտքի բեռը մեծացե՞լ է, թե՞ չի մեծացել։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները միանշանակ են։ Ու տարօրինակ է, երբ այդքանից հետո կարելի է խոսել այն մասին, որ մեր պարտքի պրոֆիլն էականորեն չի փոխվել։

Պարտքի բեռի օրենքով սահմանված բոլոր չափանիշներն անցել ենք ու դեռ շարունակում ենք անցնել։ Մնում էր միայն դեֆոլտի ենթարկվեինք, որ վարկանշային ընկերությունը պարտքի հետ կապված ռիսկեր տեսներ։

Եվս մեկ հանգամանք. «Մուդիսի» դիտարկմամբ՝ Հայաստանի վարկային պրոֆիլը հիմնված է ՀՆԱ-ի աճի հզոր ներուժի վրա, որն ուղեկցվում է ավելի բազմազան տնտեսական շարժիչ ուժերով և կայուն տնտեսական ու ֆինանսական կառավարմամբ, ինչն էլ բարձրացնում է երկրի տնտեսական ճկունությունն ու դիմակայունությունը:

Որտե՞ղ է ՀՆԱ աճի այն հզոր ուժը, որը տեսել են «Մուդիսի» փորձագետները։ Հայաստանի տնտեսության վերաբերյալ նախկինում արված դրական գնահատումներից հետո տնտեսական ճգնաժամը շատ ավելի մեծ ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա, քան բազմաթիվ այլ երկրների, այդ թվում՝ մեր հարևաների։ Հիմա էլ վերականգնումն է ավելի դանդաղ տեմպով ընթանում։ Այս տարվա համար միջազգային ու տեղական ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ կառավարության սպասումները հազիվ 3-6 տոկոսի սահմաններում են։ Այն էլ խարսխված է ոչ թե տնտեսության իրական զարգացումների, այլ հիմնականում 1-2 արտաքին գործոնների վրա։

Որտե՞ղ է ՀՆԱ աճի հզոր ուժն ու տնտեսության դիմադրողականության բարձրացումը, երբ 7 ամսում կառավարությունը ստիպված է եղել 1 մլրդ դոլարի նոր պարտքեր վերցնել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս