Բաժիններ՝

Հայաստանի նման աղքատ և ագրարային երկրում գյուղատնտեսության նախարարություն ունենալն անհրաժեշտություն է. Սարգիս Սեդրակյան

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում,  գյուղատնտեսության ոլորտի համար, ներկայացված է Կառավարության նպատակը, այն է՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինտենսիվ այգիներն ավելացնել 1000 հեկտարով, առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրություն՝ ներառելով հիմնական մշակաբույսերը: Շարունակել սուբսիդավորել ապահովագրավճարի 50-60 տոկոսը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, կստեղծվեն նախադրյալներ՝ կենդանիների ապահովագրության ներդրման համար:

Շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները՝ ապահովելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ:

5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցել ոռոգման ջրի վարձավճարը՝ մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում՝ կառավարության սահմանած կանոնների համաձայն:

Շարունակել գյուղտնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ ամեն տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղտնտեսական տեխնիկայով:

Մինչև 70 տոկոսով սուբսիդավորել բարձրորական գարնանացանի կամ աշնանացանի սերմերի ձեռքբերումը, կառուցել նոր սերնդի անասնաշենքեր և այլն:

Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարդացել է ծրագիրը, որոշ կետեր հավանել, սակայն նշում է՝ ժողովրդավարական երկրներում, մինչ երկրի զարգացման ծրագիրը կառավարության կողմից ԱԺ-ում քննարկման ներկայացնելը, պետք է  իրականացվեին  այդ ծրագրի հանրային լայն քննարկումներ քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի հետ, որոնց արդյունքում ծրագիրը լրամշակվում է, հղկվում է և դառնում է ավելի նպատակային ու արդյունավետ:

«Մեր երկրի նախկին, այսպես կոչված, ոչ ժողովրդավարական իշխանությունները քաղաքացիական հասարակության հետ նախկինում կազմակերպել և իրականացրել են երկրի ծրագրի հանրային մի շարք քննարկումներ: Այդ քննարկումների արդյունքում, քաղաքացիական հասարակությանը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, հաջողվում էր որոշ փոփոխություններ իրականացնել ծրագրի ներսում: Այդ քննարկումներին, կառավարության, նախարարությունների և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից: Հարկ է նշել նաև, որ հատուկ, կառավարության հետ ծրագրի շուրջ բանավիճելու նպատակով, 150-ից ավելի  հասարակական կազմակերպություններ միավորվել են և ստեղծվել է Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցը, որը, որպես գործընկեր, նախկինում համագործակցում էր նախկին կառավարությունների հետ, սակայն իրեն ժողովրդավարական հռչակած ներկայիս կառավարությունը չցանկացավ համագործակցել վերջինիս հետ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա նախ, ես այն կարծիքին էի և հույս ունեի, որ ներկա իշխանությունները մտափոխված կլինեին և կվերականգնեին գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև՝ կդադարեցնեին «Գյուղական համայնքների խոշորացման» գյուղաքանդ գործընթացը: Կարծում եմ, Հայաստանի նման աղքատ և ագրարային երկրում գյուղատնտեսության նախարարություն ունենալը անհրաժեշտություն է»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է գյուղական համայնքների խոշորացման գործընթացին, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահի խոսքով, երբեմն ասում են՝ գյուղերի միավորման արդյունքում բյուջեն կմեծանա, սակայն իր կարծիքով դա հեքիաթ է, քանի որ դպրոցական երեխային էլ է հայտնի, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվի:

«Այդ բյուջեից հիմնականում օգտվում է այն համայնքը, որը հանդիսանում է խոշորացված համայնքի կենտրոնը: Այնպես որ՝ ցանկալի է և անհրաժեշտ դադարեցնել «Գյուղական համայնքների խոշորացման» գործընթացը»,- ասաց Սարգիս Սեդրակյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանը սակավահող երկիր է, և մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քառակուսի մետր հողակտորն օգտագործել արդյունավետ:

«Տարիներ շարունակ, մեր երկրում իրականացված սխալ ագրարային քաղաքականության արդյունքում, վարելահողերի հիմնական մասը դեգրադացվել, շարքից դուրս է եկել և դարձել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի: Այս առումով, ծրագրում գրված է՝ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործված հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը: Բայց չի ասվում՝ ինչպե՞ս:

Ծրագրում ոչ մի խոսք չկա գյուղատնտեսական մեքենատրակտորային կայաններ ստեղծելու մասին, փոխարենը գրված է՝ շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով: Հայաստանում գյուղացիական տնտեսությունն ունի միջինը 0,5-3,0 հա փոքր հողատարածք, որի համար գյուղացուն  ցանկալի չէ լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերելը, փոխարենը՝ ցանկալի է, որպեսզի ստեղծվեն վճարովի գյուղատնտեսական մեքենայացված ծառայություններ իրականացնող մեքենատրակտորային կայաններ»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:

Նա նշեց, որ ծրագրում ոչ մի խոսք չկա գյուղատնտեսական վնասատուների (մասնավորապես՝ կարտոֆիլի և լոլիկի ցեցի) դեմ իրականացվելիք պայքարի կազմակերպման մասին:

«5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցել ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման փոխարեն ավելի լավ է վերանորոգել ոռոգման ջրատարները, որպեսզի բնական պաշար հանդիսացող ոռոգման ջրի կորուստ տեղի չունենա, քանի որ որոշ տեղերում ջրի կորուստը կազմում է մինչև 80%: Ընդհանուր առմամբ, ծրագրի կետերն  ավելի շուտ բարի ցանկություններ են, որոնք ծրագիր չի կարելի համարել: Միակ բանը, որ արժանի է գովասանքի, հետևյալն է՝ շարունակել սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները, ապահովելով մատչելի, ֆինանսական ռեսուրսներ, սակայն զրոյացնելով վարկերը, հիմնականում շահում են բանկերը: Ցանկալի է, որպեսզի պետությունը փողը տա անմիջապես գյուղացուն:

Չնայած այս տարի որոշ գյուղացիներ ասում էին՝ ուրախացել են, որ ստացել են զրոյական վարկերից, բայց ոռոգման ջուր չլինելու պատճառով բերքը չորացել է, իսկ իրենք ստիպված վարկերը պետք է փակեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս