ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար կրթական տարին սկսել մեկ օր շուտ
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար կրթական տարին սկսել մեկ օր շուտ՝ բացառելու համար դպրոցներում սեպտեմբերի 1-ին սպասվող կուտակումները: Այս մասին օգոստոսի 26-ին Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցած Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նախ շնորհավորեց բոլորին՝ նոր ուսումնական տարվա առթիվ, կարևորեց օգոստոսյան խորհրդակցությունը հատկապես նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում առկա խնդիրները բարձրաձայնելու ու հանրակրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին խոսելու համար:
«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ պետք է սահմանենք նշաձող, որի ուղղությամբ պետք է աշխատենք: Ամենակարևորը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և ուսումնադաստիրակչական գործընթացի նորմալ կազմակերպումը: Շատ աշխատանք ունենք անելու, բայց վստահ եմ, որ կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- բոլորին լավ ուսումնական տարի մաղթելով՝ նշեց Շիրակի մարզպետը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ համավարակով, ապա պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար: Ներկայացնելով բուհերի ընդունելության քննությունների Շիրակի մարզային արդյունքները՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ մարզի 1 159 դիմորդից ընդունվել են 832-ը, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Ի դեպ, մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվող դիմորդների թիվը: Մարզում դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են «Բժշկական գործ», «Ֆինանսներ», «Թարգմանչական գործ», «Իրավագիտություն» մասնագիտությունները:
Շիրակի մարզի շրջանավարտները նախընտրում են դիմել Շիրակի պետական համալսարան, ինչն, ըստ փոխնախարարի, ևս կարևոր է մարզի զարգացման համար:
«Պետք է նշեմ, որ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. գնահատականները ցածր են եղել հատկապես «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից»,- նշեց Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ քննական արդյունքները պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ դրանք հստակ մատնացույց են անում հանրակրթության բովանդակային բացերը:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այդ ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորմանը, ապա մինչև նոյեմբերի վերջ կավարտվեն վերապատրաստումները, որոնց կհաջորդի ատեստավորումը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։
Արմենուհի Մխոյան