«Մեղավորներին, դավաճաններին, հերոսներին պարզելու ու գտնելու համար անհրաժեշտ է տրիբունալ՝ զինվորական դատ». Կարեն Հովհաննիսյան
Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 10 ամիս, Արցախում ապրելով ու պայքարելով՝ արցախցին փորձում է ամեն կերպ դիմադրել այն դժվարություններին, որոնք առաջացել են պատերազմից հետո։ Թեև նոյեմբերի 9-ին ստորագրվել է եռակողմ հրադադարի հայտարարություն, սակայն ադրբեջանական կողմն իր որդեգրած քաղաքականության համաձայն՝ ժամանակ առ ժամանակ կրակում է Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ։ Արցախցիների խոսքով՝ այս ամենն իրենց ահաբեկելու նպատակ ունի, որպեսզի լքեն Արցախը, սակայն իրենք ապրել ու շարունակում են ապրել Արցախում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից Արցախի մեծ տարածքների օկուպացիայի հետևանքով տեղահանվել է մեծ թվով ազգաբնակչություն, որոնց մի փոքր մասը ներկայումս գտնվում է Արցախում, իսկ մոտ 25.000 մարդ ՀՀ-ի տարբեր բնակավայրերում է տեղավորվել, և ուշ թե շուտ ակնկալում են և հույս ունեն, որ բոլորը հետ կվերադառնան։
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգային համակարգին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ 44-օրյա պատերազմի ավարտն Արցախի Հանրապետության համար խիստ ցավոտ էր՝ կորսվել է Արցախի տարածքի, կենսատարածքի 75-ից տոկոսից ավելին, և ամեն օր առնչվելով այն արցախցիների հետ, որոնք կորցրել են ամեն ինչ, հասկանում են, որ բավականին ծանր ու դժվարին ճանապարհ ունեն անցնելու, որպեսզի կարողանան առաջինը կարգավորել մարդկանց սոցիալ-տնտեսական տարրական խնդիրները, երկրորդ՝ կարողանան այնպես անել, որպեսզի արցախցին շարունակի ապրել Արցախում։
«Որքան շատ հայեր բնակվեն Արցախում, այնքան Արցախն անվտանգ կլինի վաղը, մարդն ապրելով է, որ կարողանում է հայրենիք պահել։ Խորհրդային շրջանում մեր հայրենակիցները դուրս եկան Նախիջևանից, մենք այսօր չունենք Նախիջևան, նույն սպառնալիքն ու վտանգը նաև մեր գլխին է կախված Դամոկլյան սրի նման, եթե Արցախը հայաթափվի։ Մենք չգիտենք, թե ապագայում ինչպիսի սպառնալիքների ու վտանգների ենք դիմադրելու, մեզ պետք է հայով լեցուն Արցախ։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, Արցախի անվտանգային համակարգը, նաև՝ Հայաստանի անվտանգային համակարգը, գլխիվայր շրջվել է, և այժմ միանշանակ պնդել, որ անվտանգային հարցերը կարողացել ենք կարգավորել, ճիշտ չի լինի, բայց ասել, թե ոչինչ չի արվում, կրկին ճիշտ չի լինի։ Ինչ-որ բաներ արվում են, կազմակերպվում են ՀՀ դաշնակից Ռուսաստանի Զինված ուժերի հետ, ինչպես նաև Արցախում խաղաղապահ առաքելություն է իրականացնում ռուսական զորքը, որն անվտանգության համակարգում մեծ դերակատարություն ունի, և մեզ հնարավորություն ու ժամանակ է տրվում, որպեսզի մենք կարողանանք այս ընթացքում կարգավորել, վերակազմակերպել մեր անվտանգային հարցերը։
Ըստ իս, Արցախի անվտանգության թիվ մեկ պայմանն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, երբ մենք կունենանք միջազգայնորեն ճանաչված Արցախ, անվտանգության համակարգի կազմակերպումը շատ ավելի հեշտ կլինի և շատ ավելի տեսանելի ու հասկանալի քայլերով կկարողանանք կազմակերպել դաշնակիցների ընտրության, զինված ուժերի ձևավորման ու ստեղծման հետ կապված հարցերը, այսինքն՝ այնպես, ինչպես յուրաքանչյուր ինքնուրույն պետություն կարողանում է ապահովել»։
Ըստ նրա, 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառները կոնկրետ իր համար պարզ են՝ հայկական կողմը փաստացի պատրաստ չէր դիմագրավելու այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք նման հետևանք ունեցան։
«Փաստորեն, մեր անվտանգային համակարգը փոշի դարձավ, չկարողացանք ապահովել մեր ազգաբնակչության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ չի ստացվել, ի՞նչ սխալների հանրագումարի արդյունքում՝ մեկ անգամ արդեն ասել եմ՝ մեղավորներին, դավաճաններին, հերոսներին պարզելու ու գտնելու համար անհրաժեշտ է տրիբունալ՝ զինվորական դատ, որպեսզի հասկանանք՝ բուն մեղավորներն ովքեր են, ինչ հանգամանքների բերում էր, որ չենք կարողացել ապահովել այդ ամենը։ Պատերազմը ենթադրում է, որ լինում են հաղթողներ ու պարտվողներ, ես կարծում եմ՝ որ մենք չպետք է լինեինք պարտվողը, պետք է լինեինք հաղթողը կամ գոնե թե ստիպեինք, որպեսզի այսպիսի խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիր չստորագրվեր»։
Պատգամավորը կարծում է, որ անկախ տարբեր քաղաքական թիմերի տեսակետներից՝ Հայաստանը, հայ ժողովուրդը շարունակում են մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, այլ բան պատկերացնել չի կարող։
«Աստված ոչ անի, եթե վաղը նորից պատերազմ լինի, Հայաստանը, հայ ժողովուրդը միահամուռ՝ չեմ կասկածում, կանգնելու է Արցախի կողքին՝ անկախ այն օրվա քաղաքական իշխանության ցանկություններից։ Հայաստանը որևէ քաղաքական խմբի սեփականությունը չէ, Հայաստանը, հայ զավակները միանշանակ Արցախի անվտանգության երաշխավորն են»։
Ինչ վերաբերում է Ալիևի տարբեր հայտարարություններին, թե Արցախի հարցը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և այլն, ինչպես նաև հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն իսկապես տեղի կտա Ալիևի հայտարարություններին, Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ իր հարցազրույցներում միշտ ասել է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության «մտքի արգասիքները» չի մեկնաբանում։
«Արցախի հարցն ինքը չի լուծել, Արցախը, թեկուզ կորցրած տարածքներով հանդերձ՝ որպես պետական միավոր, կա, գործում է։ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը մեր գերակա խնդիրն է, իսկ ինչ վերաբերում է ՀՀ վարչախմբի ղեկավարության հնարավոր քայլերին գնահատական տալուն, ես չեմ կարողանում ընկալել, պատկերացնել այն կարճատեսությունը, որով ՀՀ ներկա քաղաքական իշխանությունը գծում է իր ճանապարհը։ Ադրբեջանն իրեն հռչակել է Ադրբեջանի Առաջին Հանրապետության հետևորդ, իսկ ՀՀ-ն իրեն հռչակել է Խորհրդային Հայաստանի հետևորդ, այստեղ առաջանում է կազուս, ՀՀ Առաջին Հանրապետությունն այլ սահմաններ ուներ, Ադրբեջանի Հանրապետությունը՝ այլ։ Հիմա Խորհրդային Հայաստանի պետական սահմանները ո՞ր թվականի քարտեզով են ուզում դեմարկացիա անել, Ադրբեջանն ի՞նչ սահմաններ է ուզում, հարցեր կան, որոնց վերաբերյալ ներկայիս քաղաքական իշխանության վարած կարճատես քաղաքականությունն ինձ համար անհասկանալի է։
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանների դեմարկացիան մեզ համար պարիսպ է լինելու, բայց ըստ իս՝ Արցախի ինքնորոշման ճանաչման իրավունքն է դառնալու հայ ժողովրդի անվտանգության համակարգի ամենամեծ պատը՝ ներկա սպառնալիքներին դիմակայելու, թուրքական աշխարհի վերամիավորման կամ թուրքական շահերին դիմադրելու առումով, երկրորդ իրավունք չկա»:
Ինչ վերաբերում է Արցախի հետագա ճակատագրին, Կարեն Հովհաննիսյանն Արցախի վերաբերյալ ունի իր տեսլականը՝ Արցախին տեսնում է՝ որպես անկախ և միջազգայնորեն ճանաչված պետություն։