«Ուժեղացված ծառայության» ժամանակ անգամ ոստիկանությունն իրավունք չունի խուզարկել մեքենաներն՝ առանց դատարանի որոշման
Տևական ժամանակ է, ինչ Ոստիկանությունը որոշ մարզերում և, հատկապես, Երևանում, նախաձեռնում է, այսպես կոչված, ուժեղացված ծառայություններ, որոնց արդյունքում առաջանում են լրացուցիչ անհարմարություններ և էլ ավելի է խցանվում առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկությունը, քաղաքացիների մոտ առաջացնում լրացուցիչ վախի մթնոլորտ։ Գուցե և նման գործողություններով ոստիկանությունը որոշակի խնդիր լուծում է, սակայն անհասկանալի է, թե որքանո՞վ են դրանք իրավաչափ և, արդյո՞ք, չկան ավելի ողջամիտ լուծումներ։
«Փաստինֆոն» զրուցել է ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։
– Պարոն Դանիելյան, նախ, առանց դատարանի որոշման, ոստիկանությունն իրավունք ունի՞ խցանումների լարված ժամերին իր հայեցողությամբ փակելու բանուկ ճանապարհները և անխտիր խուզարկելու ու զննելու բոլոր ավտոմեքենաները։
– Խուզարկել չեն կարող, կարող են միայն զննել, այն էլ այն դեպքում, երբ կան ստույգ տվյալներ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին։ Դատելով, այդպիսի ուժեղացված ծառայության վերաբերյալ հաղորդագրություններից և դրանց իրականացման եղանակներից, թերևս, ստույգ տվյալի առկայությունը խնդրահարույց է։
Այժմ անցնենք այդ «ուժեղացված ծառայության» իրավական հիմքերին։ Ինչպես նկատեցինք, թույլատրվում է, այն էլ խիստ կանոնակարգված դեպքերում, բացառապես իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննություն։ Իհարկե, «Ոստիկանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը նույն դեպքերում թույլատրում է նաև խուզարկություն, սակայն այդ նորմը հակասահմանադրական է և չի կարող կիրառվել։ Նախ, Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»: Ընդ որում, «բնակարան» հասկացությունն ներառում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաեւ ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը» (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ)։ Այսպիսով, խուզարկության միակ օրինական հիմքը դատարանի որոշումն է, իսկ անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր, օրինակ՝ պարզապես մուտք գործել, զննել և այլն, կարող են սահմանվել միայն օրենքով։
Մյուս կողմից, անգամ նշված ակնհայտ հակասահմանադրական օրենքը թույլ չի տալիս «ուժեղացված ծառայության» անվան տակ նախաձեռնել համատարած խուզարկություններ և զննումներ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, խոսքը վերաբերում է ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու ստույգ տվյալների մասին։
– Բայց ուժեղացված ծառայության վերաբերյալ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններից պարզ երևում է, որ հայտնաբերվում են բազմաթիվ իրավախախտումներ։
– Այդ հաղորդագրություններում, որպես կանոն, կամ զննում և խուզարկություն կատարելու հիմք հանդիսացող որևէ իր չի հայտնաբերվում, կամ դրանք հայտնաբերվում են խիստ հազվադեպ, որպիսի պարագայում, ինչպես նշեցինք, առնվազն խնդրահարույց է «ստույգ տվյալի» մասին խոսելը։ Եթե նկատել եք, այդ հաղորդագրություններում պարզապես արձանագրվում են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց կողմից ավտոմեքենա վարելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործման, թաղանթապատված դիմապակիով վարելու դեպքեր, որոնք առավելագույնը կարող են առաջացնել վարչական պատասխանատվության, իսկ դրանց բացահայտման համար պետք էլ չէ ստույգ տվյալ։
Չենք ժխտում նաև այդ վարչական զանցանքների հայտնաբերման անհրաժեշտությունը, բայց դրանց բացահայտման համար օրենքով նախատեսված են կոնկրետ ստորաբաժանումներ և այնպիսի ընթացակարգեր, որոնք որևէ աղերս չունեն երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու հետ։ Կարծում եմ, կասկածից վեր է, որ, օրինակ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկելը այն զանցանքը չէ, որի բացահայտման համար անհրաժեշտ լինեն, այսպես կոչված՝ ուժեղացված ծառայություններ, վերջին հաշվով, պարզ, անզեն աչքով երևում է, տրանսպորտային միջոցը երթևեկում է առանց այդ պայմանագրի առկայությունը փաստող կտրոնի, թե՝ ոչ։
– Ինչպիսի՞ն է արտասահմանյան փորձը՝ ուժեղացված ծառայությունների կտրվածքով, գուցե մենք փորձում ենք ընդօրինակել առաջավոր փորձը։
– Նախ, համընդհանուր չափանիշն այն է, որ այդպիսի ռեյդեր կարող ն իրականացվել բացառապես ստույգ տվյալների հիմքով, ոչ թե վերադասի ցուցումներով ծրագրավորված ընթացակարգով։ Բացառություններ լինում են միայն պետական սահմաններին, անգամ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է բաց պետական սահմաններին։ Օրինակ, շենգենյան վիզայի պարագայում պետություններն իրենց իրավասություն են վերապահում ԵՄ սահմանային գոտիներում իրականացնելու մասնակի համընդհանուր զննումներ, այսինքն՝ զննում են, երբ իրենց մոտ ծագում է որոշակի կասկած։
– Դուք տարբերակեցիք «խուզարկություն» և «զննում» հարկադրանքի տեսակները, գործնականում ինչպե՞ս կարող է մասնավոր քաղաքացին իր համար պարզել, թե կոնկրետ իր ավտոմեքենան խուզարկո՞ւմ են, թե՞ զննում։
– Կարևոր հարց եք բարձրացնում, և ամբողջ խնդիրն այն է, որ դեռևս որևէ օրենսդրական ակտով առ այսօր չեն ամրագրել այդ խիստ գործնական նշանակություն ունեցող հասկացությունների բնորոշումը։ Դրանց բնորոշմանը չեք հանդիպի ինչպես ՀՀ քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում, այնպես էլ այլ օրենսդրական ակտերում, մինչդեռ՝ գործնականում ոչ միայն ծագում է անհրաժեշտություն սահմանազատելու խուզարկությունը զննությունից, այլև քրեադատավարական կարգով իրականացվող խուզարկությունն ու զննությունը՝ վարչական կարգով իրականացվող խուզարկությունից ու զննությունից։ Այսպիսի խրթին հարցադրումների սպառիչ լուծման ակնկալիքով, մենք դեռ 5 տարի առաջ, վերջնական տեսքով, մշակել և Արդարադատության նախարարությանն էինք հանձնել միջազգային փորձագետների բարձր գնահատականին արժանացած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նոր նախագիծը, սակայն այն դեռևս պաշտոնական շրջանառության մեջ չի դրվել։
Տեսագործնական հարթությամբ, այնուամենայնիվ, խուզարկությունը սահմանազատվում է զննությունից հետևյալ ընկալմամբ՝ զննությունը արտաքին դիտարկում է, այդ թվում՝ տեխնիկական միջոցների (օրինակ՝ ճառագայթային սարքերով) կիրառմամբ, մինչդեռ՝ խուզարկության դեպքում, թույլատրվում է նաև տեղաշարժել իրերը, հեռացնել ծածկոցները և այլն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: