Բաժիններ՝

ԱՄՆ Գերագույն դատարանը սահմանափակել է դատարանների իրավասությունը կասեցնելու Թրամփի հրամանագրերը

ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայցը և որոշել է, որ դաշնային դատարանները չեն կարող համազգային մակարդակով կասեցնել նախագահական հրամանագրերի գործողությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործը սկիզբ էր առել այն բանից հետո, երբ Մերիլենդ, Մասաչուսեթս և Վաշինգտոն նահանգների դատարանները արգելափակել էին Թրամփի հրամանագիրը, որով նախատեսվում էր վերացնել քաղաքացիության ստացումը ծննդյան իրավունքով՝ օտարերկրացի, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալների երեխաների համար։

Գերագույն դատարանի 9 անդամներից 6-ը՝ պահպանողական, կողմ են քվեարկել, իսկ 3 դեմոկրատ դատավոր՝ դեմ։ Դատարանի որոշման համաձայն՝ Թրամփի հրամանագիրը կարող է ուժի մեջ մտնել միայն որոշման հրապարակումից 30 օր անց։

Դատարանը, սակայն, չի անդրադարձել հրամանագրի սահմանադրականությանը. այս փուլում որոշումը վերաբերում է բացառապես դատարանների իրավասությանը՝ տարածելու իրենց որոշումները ամբողջ երկրի վրա։

Թրամփը 2025 թվականի հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ստորագրել էր «Ամերիկյան քաղաքացիության նշանակության և արժեքի պաշտպանության մասին» հրամանագիրը։ Փաստաթղթում նա պնդում է, որ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը՝ քաղաքացիությունը ծննդյան իրավունքով տրամադրելու վերաբերյալ, չի կիրառվում այն երեխաների նկատմամբ, որոնց ծնողները ԱՄՆ-ում գտնվել են անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակով (օրինակ՝ զբոսաշրջիկի, ուսանողական կամ աշխատանքային վիզայով)։

Նոր կարգով, պետական մարմիններին արգելվում է նման երեխաներին տրամադրել քաղաքացիությունը հաստատող որևէ փաստաթուղթ։ Թեև հրամանագիրը դեռ չի ստացել ամբողջական իրավական ուժ, իրավապաշտպանները և միգրանտների կազմակերպությունները նախազգուշացնում են՝ այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ ներգաղթի համակարգի և միգրանտ ընտանիքների իրավունքների վրա։

Սահմանադրականության հարցը, ըստ մասնագետների, հավանաբար կդառնա երկարատև դատական գործընթացների թեմա, որոնցից մի քանիսը կարող են հասնել մինչև Գերագույն դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30