
«Ազատությունը» պետք է լքի սրահը, այլապես կհեռանամ». Իրանի դեսպանը մեղադրանքներ է հնչեցրել լրագրողին. «Դուք մեր թշնամիների համար եք աշխատում»

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ պահանջեց, որպեսզի «Ազատություն»-ը հեռանա սրահից՝ սպառնալով՝ այլապես ինքը կլքի տարածքը:
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը դեսպանին բացատրեց, թե նա կարող է «Ազատության» հարցերին չպատասխանել, բայց լրագրողին դուրս հանել չեն կարող:
«Մամուլի ազգային ակումբը լրագրողական այն կազմակերպությունն է, որտեղ բոլոր լրագրողների իրավունքներն են պաշտպանում, հարցերին պատասխանել – չպատասխանելը Ձեր իրավունքն է» ,- ասաց Մկրտչյանը:
Դեսպանն ի պատասխան ասաց, թե հասկանում է, բայց նորից պնդեց, որ «Ազատություն»-ը լքի դահլիճը:
«Եթե այստեղ լինի, ես կգնամ», – ասաց նա:
Նարինե Մկրտչյանը կրկին նշեց, որ լրագրողին դուրս հանել չեն կարող՝ խնդրելով սկսել հանդիպումը և չբարդացնել իրավիճակը:
«Ես չեմ մասնակցի»,- ասաց դեսպանը և դուրս եկավ սրահից: