«Իրանում չափազանց բացասական դիրքորոշում ունեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ». Գարիկ Միսակյան

Իրանագետ Գարիկ Միսակյանն այն կարծիքին է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում իրավիճակի լարումը սպասելի էր: «Թալիբները ինչքան էլ փորձում են միջազգային հանրությանը ներկայացնել, որ իրենք փոխվել են կամ պետություն ստեղծելու ցանկություն ունեն, Աֆղանստանում բնակչության մեծամասնությունը հիշում է թալիբների նախորդ իշխանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները, ինչի մասին  վկայում են կադրերը, թե ինչպես էին նրանք փախչում թալիբներից: Այսինքն՝ նույնիսկ սեփական կյանքը զոհելով՝ փորձում էին փախչել: Աֆղանստանում բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Նաև քաղաքացիական պատերազմի վտանգ կա»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ թեպետ Իրանը խոսում է թալիբների հետ բանակցելու մասին, ԶԼՄ-ներում այդքան շատ չեն պիտակավորում թալիբներին, բայց սոցցանցերում, լրատվական, փորձագիտական շրջանակներում դրական են անդրադառնում Ահմադ Մասուդի գործունեությանը՝ նրան համարելով նաև իրանական մշակույթի կրող:

«Իրանի կողմից հովանավորություն հաստատ լինելու է թալիբների դեմ պայքարող ուժերին՝ և՛ լրատվական, և՛ ռազմական տիրույթներում, և՛ գաղափարական առումով, քանի որ գաղափարական առումով Իրանը լինելով շիայական պետություն՝ լրիվ հակառակ գաղափարախոսություն ունի թալիբների նկատմամբ, որոնք սուննի ազգայնականներ են և գաղափարական առումով լուրջ հակասություններ ունեն Իրանի հետ: Իրանը կփորձի կառավարելի պահել այդ գործընթացները, քանի որ այդ փորձն ունի Իրաքում և որոշակիորեն Սիրիայում:

Իրաքում փորձը բավականին հաջողված էր. Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Իրաքում իրանական կողմն էր ավելի շուտ վերահսկում կառավարությանը, քան արևմտյան կողմը: Այսինքն՝ այդ փորձը ունի և փորձելու է միջամտել: Ակնհայտորեն, Աֆղանստանի գործերին միջամտելու են Պակիստանը, արաբական պետությունները, Չինաստանը և Ռուսաստանը, այսինքն՝ բազմաշերտ խճանկար է ստեղծվում Աֆղանստանում, որտեղ բազմաթիվ շահեր են բախվում: Չպետք է բացառել նաև ԱՄՆ-ի դերակատարությունը:

Չեմ կարծում, թե Ամերիկան ուղղակիորեն դուրս եկավ Աֆղանստանից, այլ կարող է լինել այնպես, որ ցանկություն չունենալով մեծ ֆինանսական ներդրումներ անել Աֆղանստանում, ուղղակի դուրս եկան, իրենց ռազմավարական հակառակորդների սահմանների մոտ քաոտիկ իրավիճակ ստեղծելու նպատակով, ինչը կարծես թե հաջողվում է այս փուլում»,- ընդգծեց իրանագետը:

Գարիկ Միսակյանի խոսքով՝ Իրանում մի քանի տեսակետ կա Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Այս իրադարձությունները Իրանում դրական են գնահատվում այն առումով, որ Միացյալ Նահանգները դուրս են եկել Աֆղանստանից, ինչը Իրանի արտաքին քաղաքական ուղղություններից մեկն է, այսինքն՝ դուրս բերել ԱՄՆ-ին տարածաշրջանից:

Սա միանշանակ դրական է գնահատվում Իրանում, համարվում է տարածաշրջանի հաղթանակ: Սակայն, մյուս կողմից՝ կան անհանգստություններ Իրանում. Մեկը՝ կապված փախստականների հետ, քանի որ բազմաթիվ են հատկապես շիայական ուղղվածությանը դավանող փախստականները, որոնք և՛ նախորդ թալիբանական իշխանության ժամանակ էին բավականին մեծ քանակությամբ եկել Իրան, և՛ ներկա պահին էլ խոսվում է արդեն միլիոնի հասնող փախստականների մասին: Իրանը ցանկություն ունի ընդունել այդ փախստականներին, որքան էլ տնտեսական առումով դա խնդիր լինի:

Երկրորդը՝ Աֆղանստանի հետ սահմանային հատվածում բավական լարվածություն նկատվում է. և՛ իրանական  կողմն է մեծացրել զորքերը, և՛ նաև վախ կա հենց «Թալիբան» շարժումը հասկանալով, քանի որ դա ահաբեկչական շարժում է, ինչքան էլ փորձեն  ներկայանալ փոխված կամ մի քիչ քաղաքակիրթ: «Թալիբանի» այս հաջողությունները կարող են ոգեշնչել մյուս ծայրահեղական խմբավորումների համար՝ տարածաշրջանում ակտիվանալու: Իրանը այդ վտանգները զգում է»:

Նա նշեց, որ թալիբների կողմից իշխանության գրավման սկզբնական շրջանում Իրանի կողմից փախստականներն ուղղորդվում էին դեպի թուրքական սահման՝ խնդիր ստեղծելով Թուրքիայի համար.

«Իրանը այս հանգամանքը օգտագործում էր իր քաղաքական նպատակների համար՝ օրինակ ունենալով Սիրիայի փախստականների խնդիրը, որոնք երբ հայտնվեցին Թուրքիայում, բավականին լուրջ տնտեսական խնդիրներ ունեցավ Թուրքիան: Այս անգամ թուրքական կողմը փորձեց դա կասեցնել սահմանային վերահսկողության մեծացմամբ, սոցցանցերում կային հրապարակումներ 10 հազարից ավելի զինվորականներ տեղակայելու մասին, նաև՝ պատի շինարարության մասին: Վերջերս եղավ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուի կողմից հայտարարություն, որ Թուրքիան պետք է Իրանում իր լրտեսական ցանցերն օգտագործի՝ Իրանից դեպի Թուրքիա փախստականների հոսքը կասեցնելու համար: Սա թուրք-իրանական հարաբերություններում չերևացող խնդիրներից է, որը կողմերը օգտագործում են միմյանց հետ ոչ միջնորդավորված պայքարը տարածաշրջանում շարունակելու համար»:

Միևնույն ժամանակ, իրանագետը չի կարծում, թե մոտ ապագայում թուրք-իրանական հարաբերություններում որևէ լուրջ, տեսանելի լարվածություն լինի, սակայն ոչ միջնորդավորված պայքարները կշարունակվեն:

Անդրադառնալով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրանական կողմի արձագանքներին՝ նա ընդգծեց. «Իրանում չափազանց բացասական դիրքորոշում ունեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, քանի որ նշվում է, որ եթե դա լինի միջանցք և չլինի Հայաստանի վերահսկողության տակ, ապա դա նախ միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում է համարվելու տարածաշրջանում, ինչը Իրանի ընդհանուր քաղաքականությանը դեմ է: Իրանը սեփական անվտանգային խնդիրներից ելնելով է միշտ շեշտել տարածքային ամբողջականության անքակտելիության սկզբունքը: Իրանական կողմը նաև անհանգստություններ ունի հայ-իրանական սահմանի վերաբերյալ, քանի որ դա դիտարկվում է դեպի հյուսիս իրանական տարանցման կարևոր ուղիներից մեկը: Ինչքան էլ խոսվի, որ Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով ունի ելք՝ դեպի հյուսիս, սակայն Իրանում նաև խորհրդարանի մակարդակում եղել են զեկույցներ, որտեղ նշվել է, որ անպայմանորեն Իրանը պետք է ունենա ոչ թուրքական պետության տարածքով ելք դեպի հյուսիս, ինչը Իրանի աշխարհաքաղաքական խնդիրներն է լուծում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս