«Եթե սպասում եք, որ աշխարհն այս ամենին կարձագանքի, ապա զուր է, աշխարհը խուլ է․ այդ աշխարհն ի՞նչ արեց, երբ պայթեցրեցին «Կանաչ ժամը» կամ ոչնչացնում են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին». Արծվիկ Սարգսյան
Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝ Շուշիի կերպարվեստի թանգարանի տարածքն ամբողջովին մաքրվել է, քանդակները հեռացվել են տարածքից։
Կազմակերպությունը մասնավորապես նշում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է և տարածքն ամբողջովին մաքրվել է:
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ այս պուրակում միայն խաչքարեր չեն եղել՝ տարբեր քանդակներ են եղել, տարբեր երկրներից քանդակագործները տեղում քանդակ էին սարքում ու թողնում պուրակում։
«Վերջին տարիներին այդ տարածքը վերածվել է հոյակապ քանդակների մի պուրակի, բայց հիմա թշնամին դրանք հանել է, նկարները տեսել եմ ոչ միայն արբանյակից նկարահանած նկարներով, այլև որոշ ադրբեջանցիներ, որոնք առաջին ազատամարտից առաջ բնակվել են Շուշիում, տեսանյութ են նկարահանում ու տարածում այդ պուրակից, տարածելով կեղծ տեղեկատվություն, թե նախկինում այդ տարածքում ֆուտբոլի դաշտ է եղել։ Հիմա փաստն այն է, որ այդ քանդակները չկան, նույն ճակատագրին են արժանացել նաև Շուշիում տեղադրված մյուս քանդակներն ու հուշարձանները, դրանք Ադրբեջանը ոչնչացրել է։
Եթե սպասում եք, որ աշխարհն այս ամենին կարձագանքի, ապա զուր է, աշխարհը խուլ է, որևէ բան չի լսում, չի տեսնում։ Այդ աշխարհն ի՞նչ արեց, երբ պայթեցրեցին «Կանաչ ժամը» կամ ոչնչացնում են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ Երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Նախիջևանի հայկական խաչքերը, աշխարհն ի՞նչ արեց՝ ոչինչ։ Դրա համար հույս չունեմ, որ միջազգային հանրությունը որևէ կերպ կկանխի Ադրբեջանի այս գործողությունները, եթե անելու լիներ, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ կաներ»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ չէին մտածում, որ կարող է թուրքը մտնել Շուշի, այդ պատճառով էլ չեն մտածել հայկական պատմական ժառանգության կոթողները քաղաքից դուրս բերելու համար։
«Շատ բան կար Շուշիից հանելու, եթե իմանայինք, որ թուրքը մտնելու է քաղաք, կհանեինք, բայց մենք չէինք էլ մտածում, որ նա կհասնի մեր անառիկ բերդին։ Պատերազմի ժամանակ ինձ խնդրել էին, ես մեքենա եմ տրամադրել, որպեսզի, քարերի թանգարան ունեինք, այնտեղից այդ քարերը դուրս բերեին։ Այդ քարերը հանել են ու տեղափոխել կերպարվեստի թանգարանի նկուղ, այնտեղ էլ մնացել է։ Մեր գորգերի մի մասը հանել են, մյուս մասը մնացել է, ո՞վ էր իմանում, որ նման բան կլինի»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
Նա նշեց, որ այսպես լուռ նստելը սխալ է, ինչ-որ կերպ պետք է Ադրբեջանի այս քայլերի մասին բարձրաձայնվի, բայց այստեղ խնդիրն այն է, որ այդ ձայնը որևէ մեկը չի լսում, հատկապես, որ այսօր Ադրբեջանն ուդիներին տանում է Արցախի օկուպացրած տարածքներ ու բոլորին համոզում, թե դրանք ուդիական եկեղեցիներ են։
«Սրա դեմ որևէ մեկը խոսե՞լ է, աշխարհը չի՞ տեսնում։ Եթե մուսուլմանական որևէ մզկիթ քանդվեր, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ, բայց այսօր դարավոր հայկական եկեղեցի են պայթեցնում, բայց որևէ զսպող արձագանք չկա։ Մեր սուրբ Ղազանչեցոցը Ադրբեջան պետությունից 50 տարի մեծ է, բայց նա ոչնչացնում է դրա հայկական հետքը»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։