ՔԿ-ից տեղեկացա, որ գործը չի կարճվելու. Այսինքն՝ եթե իշխանական չես, ուրեմն ամեն պահ վտանգի տակ ես. Գործարարը՝ իր դեմ հարուցված քրեական գործի և նոր ներդրումային ծրագրի մասին

Դեռ փետրվարին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաքննություն է ընթանում «Facebook.com» սոցիալական կայքում «Հրաչ Ջաբրայան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու կոչեր պարունակող ՝ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք… խփեք դավաճանին» հրապարակում կատարելու դեպքի առթիվ»:

Նշենք՝ խոսքը կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանի մասին է, որը վերջին տարիներին խոշոր ներդրումներ է կատարել Արցախում, մասնավորապես՝ Շուշիում:  Հրաչ Ջաբրայանը Շուշիում իրականացնում էր բնակարանաշինական մեծ ծրագիր, որով նախատեսում էր անվճար հիմունքներով վերաբնակեցնել քաղաքը և բազմապատկել Շուշիի բնակչության թվաքանակը:

Ի դեպ, գործարարն ակտիվորեն մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և բողոքի միջոցառումներից մեկի ժամանակ բերման էր ենթարկվել իրավապահների կողմից։

Հրաչ Ջաբրայանը հուլիսի 19-ին ժամանել է Հայաստան և Քննչական կոմիտեում հարցաքննվել, իսկ օրերս էլ տեղեկացել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը չի կարճվել և ուղարկվել է դատարան:

168.am-ի հետ զրույցում կանադահայ գործարարը մանրամասնել է, թե ինչ ծրագրերով է եկել հայրենիք և ինչ ակնկալիքներ ունի իր դեմ մեկնարկած իրավական գործընթացներից:

«Պատրաստում ենք սկսել նավթի և գազի որոնման աշխատանքներ Հայաստանում և,  ի վերջո, արտահանում: Խորհրդային ժամանակների որոշ տեղեկությունների,  ինչպես նաև՝ վերջին մի քանի տարիների որոնողական աշխատանքների հիման  վրա՝ համոզված ենք, որ այդ արտահանման արժանի պաշարները կան Հայաստանում և, դժբախտաբար, այն տարածքներում, որոնք կորցրինք պատերազմում:

Երկու-երեք տարի առաջ էինք սկսել այդ ծրագիրը, և բավականին առաջխաղացում ունեցանք թույլտվությունների հետ կապված, բայցևայնպես, համավարակը և պատերազմը մեծ բացասական ազդեցություն ունեցան մեր ներդրողների հոգեբանության վրա:  5-7 տարվա կտրվածքով եթե մենք իրականացնենք ամբողջ ծրագիրը, մոտ 75 միլիոն  դոլարանոց ծրագիր է»:

Հարցին, թե ինչպե՞ս է կարողացել հաղթահարել 44-օրյա պատերազմում ունեցած կորուստները և սկսել զրոյից, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Անկեղծ ասած, չեմ ասի, որ կորուստները հաղթահարել ենք, որովհետև եթե նայենք մարդկային կորստի առումով, դա, բնականաբար, պետք է մնա խորը սպի, քանի որ կորցրել ենք մեզ համար թանկ մարդկանց, ամենամտերիմներին: Իսկ նյութական վնասները, գոնե անձնապես ինձ վրա շատ մեծ են ու շատ այլ սփյուռքահայերի վրա՝ ևս, որոնք ներդրումներ էին արել այդ շրջաններում: Դժբախտաբար, դավաճանության հետևանքով մեծ կորուստներ ունեցանք, բայց առողջությունը, կամքն ու կորովը տեղն է, կփորձենք ժամանակի ընթացքում վերականգնել այդ ամենը»:

Քրեական գործի մանրամասներին անդրադառնալով՝ Հրաչ Ջաբրայանը հայտնեց. «Ես Կանադայում էի, երբ իմացա, որ քրեական գործ է հարուցվել իմ դեմ: Պատերազմից հետո բավական վատառողջ էի. հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հունվար 11-ին կարողացա միայն վերադառնալ Կանադա, որտեղ ընտանիքս էր:  Դրանից  կարճ ժամանակ անց  իմացա, որ քրեական գործ է հարուցվել իմ դեմ, և քանի որ երկրից բացակայում էի, հայտարարվեց հետախուզում: Կապվեցի իրավապահ մարմինների հետ, տեղեկացրի, որ ես երկրից չեմ փախել ու երբ հեռանում էի Հայաստանից, իմ դեմ քրեական գործ չկար հարուցված, ու ասացի, որ ես վերադառնալու եմ հայրենիք:

Հունիսին ընտանիքս վերադարձավ, հուլիս 19-ին ես վերադարձա: Օդակայանում ինձ դիմավորեցին (ես արդեն տեղյակ էի, որ ինձ օդակայանից պետք է տանեն), մոտ 7.5-8 ժամ տևեց այդ գործընթացը: Բոլորը պրոֆեսիոնալ ձևով մոտեցան, բայց և այնպես՝ շատ հստակ և հայտնի է, որ, դժբախտաբար, այսօրվա իրավապահ մարմինները կամակատարն են ներկա դավաճան իշխանության:

Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեից տեղեկացա, որ գործը չի կարճվելու, և դատախազությունը որոշել է գործն արդեն տանել դատարան. դե, եթե այդպես են ուզում, այդպես կլինի, այսինքն՝ եթե իրենք կռիվ են ուզում, մենք իրենց կռիվ կտանք»:

«Ստացվում է՝մենք արդեն հասել ենք այն երկրների մակարդակին, որտեղ ո՛չ խոսքի ազատությունը, ո՛չ էլ մարդկանց իրավունքն է հարգվում: Այսինքն՝ եթե իշխանական չես, ուրեմն ամեն պահ վտանգի տակ ես, ինչպես աշխարհի վրա ամենահետամնաց երկրներում: Դե երևի ներկա իշխանություններին այդպես է ձեռք տալիս. ոչինչ, մենք էլ կպայքարենք դրա դեմ»,- եզրափակեց գործարարը:

Տեսանյութեր

Լրահոս