«Որևէ արժանապատիվ հայ չի կարող ընդունել՝ պայմանավորված պատերազմ պարտված վարչապետ նստի աթոռին». Հրաչ Ջաբրայան
Այսօր լրացավ ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի հրաժարականի նախանշած վերջնաժամկետը: Վարչապետի հրաժարականը պահանջող մեծաթիվ խմբեր կրկին անհնազանդության գործողություններ իրականացրին՝ փակելով մի շարք փողոցներ: Ոստիկանության կողմից ողջ օրը պարբերաբար բերման էին ենթարկվում բողոքի ակցիաներին մասնակից քաղաքացիները: Բերման էր ենթարկվել նաև սփյուռքահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանը:
Ոստիկանությունից դուրս գալուց հետո 168.am-ի հետ զրույցում Հրաչ Ջաբրայանը մանրամասներ ներկայացրեց միջադեպից.
«Ես շենքից դուրս եկա, տեսա՝ երիտասարդները ճանապարհը փակել են, ոստիկաններն իրենց հրմշտուքով դեպի մայթ են տանում: Ժողովուրդն էլ դեպի մայթ էր գնում, քանի որ ոստիկանների թիվն ահռելի մեծ էր: Բայց մի երիտասարդ աղջիկ տեսա այնտեղ, որի հետ ոստիկանները, ըստ իս, կոպիտ էին վարվում: Փորձեցի միջամտել՝ այդ երեխային դեպի մայթ բերելով: Ոստիկաններին ասեցի՝ չե՞ք ամաչում էսպես եք անում, 16-17 տարեկան աղջիկ է, մեկ է՝ այդ դավաճանը հրաժարական է տալու, դուք ի՞նչ եք անում, ո՞նց եք մեր երեսին նայելու, ու բարձրացա մայթ: Ու մեկը եկավ, ասեց՝ սրան էլ բռնեք-տարեք»:
Հրաչ Ջաբրայանին ոստիկանությունում շուրջ երկու ժամ են պահել. «Մի դատական չգիտեմ ինչ հոդվածով թուղթ են ներկայացրել, հրաժարվել եմ ստորագրել: Մի երկու ժամ հետո բաց են թողել ինձ»:
Քանի որ սփյուռքահայ գործարարը նաև ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում ու չի խուսափում նաև քաղաքական թեմաների անդրադառնալ՝ նրանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, ինչպիսի՞ հանգուցալուծում է կանխատեսում, արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:
«Մեկ է, հրաժարվելու է՝ այսօր կլինի, վաղը կլինի՝ չգիտեմ, բայց գնալու է: Իսկ եթե հանգստությամբ չի գնալու, անհանգստությամբ է գնալու: Այսինքն՝ որևէ արժանապատիվ հայ չի կարող ընդունել՝ պարտված վարչապետ, պայմանավորված պատերազմ պարտված վարչապետ նստի աթոռին:
Ինքն ասում էր՝ ինքն է Գերագույն գլխավոր հրամանատարը, ուրեմն ինքն է պատասխանատուն այդ բոլորի, պետք է գնա»,- պատասխանեց Հրաչ Ջաբրայանը: