964 մլն դրամ՝ ինստիտուտների մակարդակով հանրային կառավարման բարեփոխումներ իրականացնելու համար

«Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:

Առաջիկա 2 տարում ծավալվող գործունեության չորրորդ ուղղությունը վերաբերում է ինստիտուտներին։ 

Այս ուղղության շրջանակներում նպատակ կա գործադիր կառավարման համակարգը դարձնել արդյունավետ, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում կայացնել միասնական կառավարման համակարգը, ապահովել մրցակցային կառավարման համար արդյունավոտ հիմքերը և գործիքները ու հասնել նրան, որ պետական կառավարման համակարգը ներկայանա միասնական ինքնությամբ, լինի կայուն և ռեսուրսարդյունավետ:

Մասնավորապես՝ ՀԿԲ շրջանակներում նախատեսվում է գործադիր կառավարման համակարգը դարձնել համարժեք կառավարման սահմանադրական կարգին: Այս ուղղության իրականացման համար նախատեսվում է 2021-2023թթ. սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ձևավորել պետական կառավարման համակարգի մասով առաջարկություն: Այն կիրականացնի ՀԿԲ գրասենյակը, ինչպես նաև այդ նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ:

Նախատեսվում է կենտրոնական վարչակազմի գործառութային շրջանակն ու կառուցվածքը դարձնել արդյունավետ և օպտիմալ: Այս նպատակն իրագործելու համար նախատեսվում է քարտեզագրելու վերլուծության ենթարկել պետական կառավարման կենտրոնական ապարատի գործառութային և ինստիտուցիոնալ կառուցվածքը, մշակել վարչապետի աշխատակազմի և փոխվարչապետների գործառույթների ու կառուցվածքի վերանայման ճանապարհային քարտեզ, արդիականացնել կառավարման կենտրոնական ապարատը՝ ֆունկցիոնալ և կառուցվածքային ուղղությամբ, արդիականացնել կառավարության գործունեության ընթացակարգերը: Այս գործողությունների իրականացման համար ֆինանսավորում չի պահանջվում, գործողություններն էլ կյանքի կկոչվեն ՀԿԲ գրասենյակի, ՀԿԲ ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի պատասխանատվությամբ:

Ինստիտուտների ուղղությամբ տրամադրվող գումարի հիմնական մասը կուղղվի ՀԿԲ գրասենյակի ռազմավարական համակարգման թիմի համալրմանը (150 մլն դրամ), ՀԿԲ գրասենյակի ներքո քաղաքականության գնահատման թիմի (policy evalution group) ձևավորմանը (175 մլն դրամ), հանրային ծառայությունների և թվայնացման գրասենյակի անձնակազմի համալրմանը (175 մլն դրամ), պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ ու գործառութային շարունակական արդիականացման գործիքակազմի ներդրմանը (60 մլն դրամ):

Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերն իրականացնելու համար կտրամադրվի 964 մլն դրամ, որից 450 մլն դրամը կտրամադրվի պետական բյուջեից, մնացած 514 մլն դրամը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Տեսանյութեր

Լրահոս