Հայաստանը ցանկանում է պատերազմից հետո խաթարված ռազմական հավասարակշռությունը վերականգնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջոցով. Ֆելգենգաուեր
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի հանդիպմանը հաջորդեց Կարապետյանի առաջին արտասահմանյան այցը Մոսկվա, որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ուշագրավն այն է, որ, ըստ մամուլի տեղեկությունների, Կարապետյանը, որպես ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, հուլիսի 27-ին մեկնել էր Մոսկվա ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպելու նպատակով, ու օրեր անց Արշակ Կարապետյանը կրկին մեկնեց Մոսկվա այն դեպքում, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը շարունակում էր իր հայաստանյան այցը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով է մեկնել Ռուսաստանի Դաշնություն:
Ըստ մի շարք փորձագետների, չի բացառվում, որ այցը օգոստոսի 10-ին նախապես ծրագրված չի եղել և պայմանավորված է Կարապետյան-Զաս հանդիպմանը հայկական կողմի հնչեցրած շեշտադրումներով:
Այնուամենայնիվ, Կարապետյան-Շոյգու հանդիպումն ավելի «մեղմ» է անցել հրապարակային հարթությունում, ի տարբերություն Կարապետյան-Զաս հանդիպմանը: Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրագործմանը։ Խնդիրը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, Ձեր փորձառությամբ՝ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել»,- ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
Շոյգուն նաև հավաստիացրել է, թե Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում։
«Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը «լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր»:
Արշակ Կարապետյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ «Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության»,- ասել է Կարապետյանը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմաններին գրանցվող միջադեպերը Ռուսաստանը ցանկանում է հարթել առանց ավելորդ աղմուկի և միջոցառումների, քանի որ դրանք նախ՝ մասշտաբային չեն ու պատերազմական գործողությունների չեն վերածվելու, ինչը բոլորը հասկանում են, երկրորդ՝ դրանցով, կարծես, կողմերից յուրաքանչյուրն իր փոքր խնդիրներն է փորձում լուծել, սակայն ընդհանուր առմամբ պատերազմ որևէ մեկին՝ ո՛չ կողմերին, ո՛չ միջնորդներին, հարկավոր չէ:
«Ես ավելի վաղ ևս նշել եմ, որ Ադրբեջանին հարկավոր չէ պատերազմ, Հայաստանին ևս, քանի որ կա կարողությունների հարց, ինչպես նաև Ռուսաստանին հարկավոր չէ պատերազմ, Ռուսաստանը որևէ մեկի կողմից գործընթացում շահագրգռված չէ ներքաշվել»,- նկատեց նա:
Սա, նրա գնահատմամբ, կողմնորոշիչ հանգամանք է:
Ֆելգենգաուերի կարծիքով, ՀԱՊԿ-ին դիմումները լիովին անիմաստ են, և հայկական կողմը թե՛ ՀԱՊԿ-ին դիմումներով, թե՛ ՌԴ-ին, հասկանալիորեն ցանկանում է տարածաշրջանում պատերազմից հետո խաթարված ռազմական հավասարակշռությունը վերականգնել ինչ-որ առումով և Ռուսաստանին լիովին ներքաշել իր «դաշտ»՝ թե՛ առանձին, թե՛ ՀԱՊԿ-ով:
«ՀԱՊԿ-ի փոխարեն, ինչպես միշտ, արձագանքողը Ռուսաստանն է, և հստակ է այն առումով, որ պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈՒ վերականգնմանը, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն իր խնդիրները կարողանա լուծել և վերականգնվի: Բոլորը հասկանում են, որ դա լինելու է արտոնյալ պայմաններով, և հենց դա է ՀԱՊԿ անդամակցության դրական կողմը: Ռուսական կողմը նաև անկեղծ է իր այն պնդումներում, որ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ: Ծանր պատերազմը նոր է ավարտվել, պատերազմի հետևանքները՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, չափազանց շատ են բոլորի համար, ուստի բոլորը տրամադրված են առավելապես քաղաքական գործընթացի»,- նկատեց Ֆելգենգաուերը՝ ավելացնելով, որ վերոնշյալ շրջանակից դուրս գալ Ռուսաստանը չի ցանկանա, քանի որ դա լի է իր համար բազմաթիվ քաղաքական ռիսկերով: