«Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է». Իշխան Սաղաթելյան

«Խոսվեց պատերազմից. գիտեք՝ ամենամեծ դժբախտությունը և ողբերգությունը որն է՝  որ դուք այսքանից հետո դասեր չեք քաղել, դուք չեք խրատվել, դուք դեռ չեք հասկացել և չեք գիտակցում՝ մեր երկիրն ինչ վիճակի եք բերել և հասցրել, մեր ժողովրդին ինչ դժբախտություն եք բերել:

Դուք մի հարցում անգերազանցելի եք, միջազգային դափնեկիր եք, դուք կարողանում եք  100 տոկոս փաստը և ճշմարտությունը 180 աստիճանի տակ փոխել և ներկայացնել,  ու, այո՛,  դժբախտություն է, որ կան մարդիկ, որ դրան դեռ հավատում են»,- Ազգային ժողովում իր ելույթում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ իշխանությունը իրեն շարունակում է պահել անպատասխանատու ընդդիմության նման. «Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունը իր բոլոր ձախողումների համար  մեղադրում է ընդդիմությանը՝ չկա՛ նման բան, դա աբսուրդ է:

Ի՞նչ ենք մենք ասում. մենք ասում  ենք՝ ունեցել ենք պատերազմ, ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս-կանգնում եք այս ամբիոնում, ասում եք՝ դա նախկիններն են արել, մենք կապ չունենք:

Մենք ասում ենք՝ թշնամին երկու ուղղությամբ մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, գալիս-կանգնում եք էս ամբիոնի մոտ, ասում եք՝ դուք 2010 թվականին ինչ-որ վարչատարածքային բաժանումներով այդ տարածքները տվել եք Ադրբեջանին: Բա եղա՞վ. այսինքն ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել:

Մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, երկրի առջև ծառացած խնդիրներից, մարտահրավերներից, գալիս կանգնում եք այստեղ՝ Մարտի 1,  Հոկտեմբերի 27»:

Նա հիշեցրեց, որ Հոկտեմբերի 27-ին այսօրվա շատ պաշտոնյաներ այն ժամանակ ևս պաշտոնյա էին՝ Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան, Վաղարշակ Հարությունյան. «Այն ժամանակ  էլ էիք բարձր իշխանություն.  բացահայտեի՛ք:

Նույն Մարտի 1-ը՝ երեք տարի էս ժողովրդին կերակրել եք, մարդկանց կալանավորել եք կեղծ մեղադրանքներով : Կա՞ ձեզանից որևէ մեկը, որ կարող է  գա այս ամբիոնի մոտ կանգնի, պատասխանատու կերպով մեզանից որևէ մեկին մեղադրի Հոկտեմբերի 27-ի կամ Մարտի մեկի համար (օդի մեջ չէ.  օդի մեջ, արդեն 20 տարի է, ասում եք) փաստերով ու իր ասածի տակից կարողանա հետո դուրս գալ»:

«Մեկ շաբաթ է՝ մի պարզ հարց ենք տալիս՝  ասում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ մասին եք բանակցում: Ասում եք՝ հանգի՛ստ եղեք, մենք ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի:  Չե՛մ հավատում. դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ մի ողբերգական փաստաթուղթ ընդունել եք: Ասում եք՝ եկեք նոյեմբերի 9-ի փաստաթղթին չասենք կապիտուլյացիայի փաստաթուղթ: Ի՞նչ ասենք բա:

Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի  վրա հարձակման օրը չէ, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է:  Նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց կրակոցի թշնամուն եք հանձնել Քարվաճառի, Աղդամի, Զանգելանի տարբեր տարածքներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն եք տվել 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 6 քաղաք, 187 գյուղ: 9400 ընտանիք մնացել է անտուն՝ 38 հազար քաղաքացի: Եկեք կապիտուլյացիա չասենք՝ ասենք՝ ինչ ուզում եք, դրանից ոչինչ չի փոխվելու:

Ասում եք՝ եկեք չասենք, որպեսզի  բանակցությունները չդժվարանան, որպեսզի մեր երեխաները չասեն՝ մեծանում ենք կապիտուլյացիա կնքած երկրում: Տեսե՛ք՝ երբ ձեր քաղաքական առաջնորդն այս ամբիոնից ասաց՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, մեկ ամիս բազմաթիվ պատգամավորների հետևից ման էին գալիս լրագրողները, հարց էին տալիս՝ արդյո՞ք Շուշին հայկական է. առաջին մեկ ամսում որևէ մեկդ չասեց:

Օրինակ, ձեր տավուշցի պատգամավորը ինչո՞ւ է անընդհատ ասում, որ Տավուշում կան հողատարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ի՞նչ եք ուզում սրանով ասել, ինչի՞ եք պատրաստում մեր հասարակությանը:

Պարոն Քոչարյանը մի շատ վտանգավոր արտահայտություն ասեց՝ ո՞ւր է ժողովրդի ցասումը: Տեսեք՝ չսխալվեք, չսխալվե՛ք և հանկարծ չմտածեք, որ այն, ինչ տեղի է ունեցել, արդեն մարսել եք, և կարող եք գնալ նոր զիջումների, չսխալվե՛ք,  որովհետև  այդ ժամանակ ցասումը կտեսնեք»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս