Բաժիններ՝

Այս տեմպերով շարունակելու պարագայում կմոտենանք ոչ թե երկնիշ տնտեսական աճին, այլ կունենանք երկնիշին մոտեցող գնաճ. Թադևոս Ավետիսյան

«Գնաճը բերում է մարդկանց իրական եկամուտների նվազման, և հետևաբար՝ անմիջականորեն առաջացնում է աղքատություն ծնող հետևանք: Իսկ գնաճը բավականին բարձր տեմպ ունի. հունվար-հունիսը՝ նախորդ տարվա համեմատ, սպառողական գների միջինացված ինդեքսը 5.7 տոկոս է կազմել, և այդ ժամանակահատվածում չեն բարձրացել անապահովության նպաստների, կենսաթոշակի չափերը, չի բարձրացել նվազագույն աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 5.4 տոկոսով՝ ավելի պակաս, քան միջին գնաճն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով երկրում առկա տնտեսական իրավիճակին:

Պատգամավորը կարևորեց հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը՝ արձանագրելով, որ սննդամթերքի գները միջինում աճել են 8.5 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ կրկնակի բարձր միջին տեմպով:

«Շաքարավազը, միսը, ձեթը, հացամթերքը և այլն կրկնակի ավել են թանկացել:

Կարճ ասած՝ այն մարդիկ, որոնք աղքատ էին առանց այն էլ և չէին կարողանում իրենց օրվա ապրուստը հոգալ, էլ ավելի վատ վիճակում են հայտնվել, որովհետև գները բարձրացել են, իսկ իրենց կայուն եկամուտները չեն աճել:

Սա բերում է նրան, որ աղքատության գծի վրա կանգնած մարդիկ դառնում են աղքատ, աղքատները՝ ծայրահեղ աղքատ, և դա շարունակվում է 2020 թվականից: Ու եթե նախկինում այն պատճառաբանվում էր համավարակով, պատերազմով և այլն, տարեսկզբից համավարակով պայմանավորված տնտեսական սահմանափակումները չկան, բայց ճգնաժամը շարունակվում է: Վերջինս նաև երևում է տնտեսական ակտիվության ցուցանիշը դիտարկելիս. ընդհանուր առմամբ ՏԱՑ-ի 5 տոկոս աճը նորից զիջում է միջին գնաճին: Այսինքն՝ իրականում շրջանառությունը նույնիսկ նախորդ տարվա համեմատ դեռ չի վերականգնվել»,- պարզաբանեց տնտեսագետը:

Նրա դիտարկմամբ՝ արդյունավետ չեն Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդմեջ և էական բարձրացումները. «Իհարկե, կարճաժամկետ որոշակի զսպումներ լինում են. եթե դա էլ չլիներ, ավելի բարձր գնաճի ականատեսը կլինեինք:

Եթե մեկ-երկու ամիս առաջ նշում էին, թե ազգային արժույթն արժեզրկվում է, և դրա համար ունենք գնաճ, բայց այժմ՝ հունիսը, նախորդ տարվա հունիսի համեմատ, ընդամենը 1-1.3 տոկոսով է, որ ազգային արժույթն արժեզրկված է դոլարի համեմատ, բայց այս պարագայում մենք ականատեսը չենք գնանկման:

Սա շատ վտանգավոր միտում է՝ եթե հաշվի առնենք, որ այնպես էլ չէ, որ մենք մի լավ վիճակում էինք. թեև 2020 թվականի պաշտոնական տվյալները դեռ չկան, բայց աղքատությունը, Համաշխարհային բանկի գնահատմամբ, 7 տոկոսային կետով աճել է: Այսինքն՝ ամեն երրորդ քաղաքացին, ըստ էության, մեր երկրում աղքատ է, աղքատ է նաև ամեն չորրորդ աշխատող քաղաքացին: Այժմ մտել ենք 2021 թվական, և եղածի վրա էլ փաստացի ավելացել է գնաճը, որն ուղղակի թալանում է մարդկանց:

Այս իրավիճակը չի կարող հանգուցալուծվել միայն ԿԲ գործիքակազմով. ի վերջո, գնաճը կախված է ոչ միայն ազգային արժույթի փոխարժեքից, կամ ԿԲ տիրույթում է, այլ նաև՝ ընդհանուր առմամբ՝ տնտեսության, իսկ տնտեսությունը շարունակում է հյուծվել. չկան միլիարդավոր դոլարների ներդրումները, բնականաբար, չկա նաև աշխատավարձի առաջանցիկ աճ, և քանի դեռ մենք չունենք տնտեսության առաջանցիկ աճ, մենք չենք կարող խոսել տնտեսության վերականգնման մասին:

Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում կմոտենանք ոչ թե երկնիշ տնտեսական աճին, ինչը խոստանում են այսօրվա իշխանությունները, այլ կունենանք երկնիշին մոտեցող գնաճ. սպառողական գների ինդեքսն այս տեմպերով շարունակվելու դեպքում՝ կմոտենա 10 տոկոսին»:

Դիտարկմանը, թե և՛ ԿԲ նախագահը, և՛ տնտեսական բլոկի պատասխանատուն՝ էկոնոմիկայի նախարարը, նշում են, որ գնաճը պայմանավորված է հիմնականում արտաքին ազդակներով, որ, օրինակ, ներմուծվող ապրանքների գների պարագայում չեն կարող վերահսկել գնաճը, քանի որ միջազգային շուկաներում են ձևավորվում այդ գները, Թադևոս Ավետիսյանն հակադարձեց. «Այստեղ միանշանակ անհամարժեքություն կա. օրինակ, բենզինի-վառելիքի շուկան վերցնենք՝ միջազգային շուկաներում պատիկներ անգամ ավելի ցածր տեմպով են աճում գները, իսկ մեզ մոտ՝ էլ ավելի բարձր տեմպով, քանի որ այստեղ շարունակում է պահպանվել ներմուծման մենաշնորհացման բարձր դիրքը. Գուցե խաղացողներն են փոխվում և դաշտ են մտնում իշխանական սրտի գործարարները, բայց, ըստ էության, բան չի փոխվում:

Նկատենք, որ 2020 թվականին, երբ Covid 19-ը պատել էր ողջ աշխարհը, համաշխարհային տնտեսությունը երկու անգամ ավելի պակաս անկում ունեցավ, քան մեր երկրի տնտեսությունը, և դա այդպես էր նաև մինչև պատերազմը:

Գիտեք, միջազգային շուկաները մեղավոր չեն, որ մեր երկրում պահպանվում է բարձր մենաշնորհացման աստիճանը: Ինչքան շատ են խոսում մրցակցությունը բարձրացնելու մասին, այնքան՝ ճիշտ հակառակ պատկերն ենք ունենում: Օրինակ, պետական գնումները՝ առաջինը հենց իրենց վարքագիծը դիտարկենք. ինչու են այդքան խոսում կոռուպցիայից, պետական միջոցներն արդյունավետ ծախսելուց, իսկ ո՞րն է պատճառը, որ հետևողականորեն մեկ անձից գնումներն ավելանում են, ի՞նչն է խնդիրը: Կամ՝ իրենց ապաշնորհության հետևանքն է, որ չեն կարողանում ժամանակին մրցույթ հայտարարել, գնումներ կատարել, կամ էլ՝ շատ կոնկրետ հետաքրքրություններ ունեն, այդ պատճառով չեն անում: Իսկ մեկ անձից գնումների դեպքում բազմաթիվ ռիսկեր կան:

Միջազգային շուկանե՞րն են մեղավոր, որ մեր երկրում այս գնաճի պարագայում թոշակ չի բարձրանում, միջազգային շուկանե՞րն են մեղավոր, որ իրենք իրենց կրկնակի պարգևատրումներ են արել: Եթե նախկինում, երբ իրենց առաջնորդը, որ ընդդիմադիր պատգամավոր էր, այս թեմաների մասին խոսելիս բերում էր «խառը կանաչի»-ի օրինակը, ասում էր, թե՝ կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, ասեմ, որ այժմ խառը կանաչին էլ 25 տոկոսով թանկացել է»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս