Բաժիններ՝

Երբ ատենախոսությունները լինեն անգլերեն կամ ռուսերեն՝ կարելի է խուսափել գրագողությունից. կրթության փորձագետ

Բարձրագույն որակավորման կոմիտեն մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի գնահատմամբ՝ ոլորտում առկա խնդիրները քիչ չեն, սակայն դրանք լուծելու ճանապարհները տեսանելի են:

Որպես զարգացման մեկ այլ կարևոր քայլ՝ Կարեն Քեռյանը նշում է ԲՈԿ-ի՝ գիտական պարբերականների նկատմամբ քաղաքականության վերանայումը։ Այժմ ԲՈԿ-ի համար ընդունելի ամսագրերի թիվն անցնում է 100-ը, սակայն դրանցից քչերն են ընդգրկված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Ավելի քան 100 ամսագիր բավարարում է ԲՈԿ-ի կողմից առաջադրված ներկայիս պայմաններին, սակայն այդ չափանիշները պետք է վերանայվեն։ Այդքան ամսագրերից «Scopus»-ի ցանկում ներառված է ընդամենը 3-ը, իսկ «Web of Science»-ի` ևս 2-ը: Միայն տեղական շուկան սպասարկող ամսագրերը մեզ ոչ մի տեղ չեն տանի, դրանք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում»,- նշում է Կարեն Քեռյանը:

Գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու և միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է նաև հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանած ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։

«Շատ կարևոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաև հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4000-ից ավելի հոդված, որից 63%-ը՝ հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է: Հասկանալի է՝ կան բնագավառներ, որոնց դեպքում դժվար է ռուսերեն կամ անգլերեն գրելը, բայց ոլորտներից մեծ մասի պարագայում ոչ միայն հնարավոր է, այլև խրախուսելի: Նախորդ տարի Հայաստանը «Scopus»-ում տնտեսագիտության թեմայով ուներ 14 հոդված, Վրաստանը՝ 21, իսկ Ադրբեջանը վերջին տարիներին շեշտակի ավելացրել է թիվը՝ դարձնելով 74: Պետք չէ պարփակված մնալ և առաջնորդվել «մենք մեզ համար» սկզբունքով։ Դրա համար պետք է փոխվեն նաև տեղական ամսագրերի նկատմամբ պահանջները։ Որպես լուծման տարբերակ՝ նույն տեղական ամսագրերում կարելի է դրսից մասնագետներ ներգրավել»,- ասում է ԲՈԿ նախագահը։

Ոլորտում առկա խնդիրների թվում իր դեռևս կայուն տեղն ունի գրագողությունը: Որպես արատավոր երևույթի դեմ պայքարի միջոց՝ Կարեն Քեռյանը դիտարկում է գրագողություն կատարած անձանց աստիճանազրկման կարգի սահմանումը:

Գիտության ոլորտի ներկայացուցիչների մի մասը կողմ է նախատեսվող փոփոխություններին, մյուս մասը՝ դեմ: Ովքեր որ կողմ են՝ գրեթե համոզված են՝ գրագողությունից այսուհետ հնարավոր կլինի խուսափել:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով անդրադառնալով դիտարկմանը, թե մեր ատենախոսությունները հնարավորինս միջազգային գիտական հանրությանը հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է անգլալեզու ատենախոսությունների թիվն ավելացնել, պատասխանեց.

«Դա կախված է նաև բնագավառից, որովհետև իմաստ չունի, ասենք, այնպիսի բնագավառը, ինչպիսին ֆիզիկան է, քիմիան, կենսաբանությունը, կենսաֆիզիկան, անպայման պարտադրեն, որ հայերեն լինի ատենախոսությունը, որովհետև մենք ունենք յուրաքանչյուր ատենախոսության սեղմագիրը, և դա անպայման պետք է հայերեն լինի, սակայն որևէ կանոնակարգով պարտադիր չէ, որ ամբողջ ատենախոսությունը լինի հայերեն: Ինչ վերաբերում է հայագիտությանը, դա պարտադիր պետք է հայերեն լինի: Անգամ պետք է խրախուսեն, որպեսզի արտասահմանում հայագիտական ուղղվածության ատենախոսությունները ևս հայերեն լինեն»:

Կրթության փորձագետն ընդգծեց՝ օրինակ, 16-17-րդ դարերում բոլոր ատենախոսությունները եղել են մեկ լեզվով՝ լատիներենով, որովհետև գիտությունն ազգային տարբերություն չի ճանաչում: Կապ չի ունեցել, թե որ երկրում ես ապրել: Ատենախոսությունները եղել են լատիներեն, որպեսզի հնարավորություն ստեղծվեր բոլոր գիտնականներին, ովքեր տվյալ բնագավառի մասնագետ էին, ունենալ իրենց կարծիքը:

Հարցին՝ այսկերպ հնարավոր կլինի՞ նաև գրագողությունից խուսափել, որովհետև գաղտնիք չէ, որ այլ լեզուներից թարգմանել ու ներկայացրել են, Ատոմ Մխիթարյանը դրական արձագանքեց:

«Շատ դեպքերում այն ծրագրերը, որ ունենք Հայաստանում, ոչ թե իմաստը, այլ ուղիղ բառերն են հասկանում: Երբ աշխատում էի ԲՈԿ հանձնաժողովում, շատ դեպքեր մենք գտանք, երբ որ ուղղակի թարգմանություն էր: Մասնագետները, ովքեր տեղյակ էին այդ բնագավառի անգլերեն, ռուսերեն ատենախոսություններին, գիտական գրականությանը, կարողանում էին համադրել և հայտնաբերել այդպիսի բաները: Շատ դեպքերում գուցե չենք հայտնաբերել, որովհետև դա դժվար գործ է: Իսկ այս պարագայում, երբ լինեն անգլերեն կամ ռուսերեն, հեշտ կլինի ու կարելի է խուսափել գրագողությունից: Չնայած սա ավելի շատ տեխնիկական խնդիր է: Եթե մասնագետները լավն են և բնագավառից հասկանում են, օրինակ՝ ընդդիմախոսները, նրանք անպայման կգտնեն արտագրությունները, որոնք ուղղակի չեն լինում, միտքն են վերցնում»,- նշեց կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է գրագողության դեպքում աստիճանազրկմանը, Ատոմ Մխիթարյանն ասաց, որ դեռևս 2016 թվականից Ռուսաստանը, որից մենք ուղղակի վերցրել ենք գիտական շնորհման աստիճանակարգը, փոփոխություն է կատարել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում և հնարավորություն տվել, որպեսզի իրենց բարձրագույն որակավորման հանձնաժողովը նաև այդ գործառույթն ունենա, ու եթե արտագրություններ են լինում կամ բողոքներ և քննության ընթացքում կանոնակարգի որևէ կետի անհամապատասխանություն է լինում, թույլ է տալիս նաև գիտական աստիճանից զրկել:

«Հայաստանում այդպիսի փորձ արեցինք 2017-2018թթ., սակայն մեզ մոտ լավ չընդունվեց, որովհետև ենթադրում է նաև հսկայածավալ աշխատանք: Օրինակ՝ բոլոր աշխատանքները ևս մեկ անգամ պետք է նայել, իսկ Հայաստանում, գիտեք, տարեկան պաշտպանությունների թիվը կարող է անցնել 1000-ը: Ծավալը մեծ է և պահանջում է աշխատակիցներ, իսկ ԲՈԿ-ը, եթե չեմ սխալվում, 10-15-ից ավելի աշխատող չունի, ու հնարավոր չի լինի կազմակերպել: Սակայն, ինձ թվում է, այդ ուղղությամբ պետք է գնալ, որովհետև հետխորհրդային տարբեր երկրներ տարբեր ժամանակահատվածում անցել են դրա միջով՝ օրենսդրորեն ամրագրել են: ՀՀ-ում, ցավոք, այս պահի դրությամբ այդպիսի հիմք չկա, միայն հիմնավոր պատճառ կարող է լինել դատարանի վճիռը, բայց հազվադեպ է, որ գործը հասնում է դատարան: Իսկ քանի որ դատարանները մասնագիտական կառույց չեն՝ նայում են ընթացակարգային խնդիրները: Բովանդակային խնդիրներին անհրաժեշտ է, որ գիտնականներն արձագանքեն»,- եզրափակեց կրթության փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս