«Եթե այդպես էր, ի՞նչ իմաստ ուներ այն ժամանակ այդպես ագրեսիվ ձևով գործել ընդդեմ Արամ Սիմոնյանի». ոլորտի մասնագետները՝ ԵՊՀ ռեկտորի նոր ժ/պ-ի նշանակման մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում համալսարանականներին է ներկայացրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ Հովհաննես Հովհաննիսյանին:

Հիշեցնենք՝ Հովհաննես Հովհաննիսյանը «Իմ քայլը» դաշինքի կազմում եղել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, 2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության փոխնախարար, մասնագիտությամբ աստվածաբան է։

Վահրամ Դումանյանը նշեց, որ Հովհաննես Հովհաննիսյանն ԱԺ-ում եղել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մշակման աշխատանքներում մեծ ներդրում ունի:

Ի դեպ, այս օրենքի մասին՝ օրերս հայտնի  դարձավ, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։

Վահրամ Դումանյանը տեղեկացրել է նաև, որ ռեկտորի ընտրությունը կանցկացնի ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին գոյություն չունի:

«Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք արել և անելու  ենք այդ ուղղությամբ, որ ժամ առաջ, օր առաջ ձևավորվեն բոլոր հոգաբարձուների խորհուրդները, որոնք չկան որոշ բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում: Խնդիրը ձգձգման այս պահին նախարարության հետ որևիցե առնչություն չունի, նախարարությունը առաջնագծի մարտիկի նման ամեն ինչ անում է, որպեսզի հաղթահարվեն բոլոր խոչընդոտներն այդ ճանապարհին, իսկ խոչընդոտները պայմանավորված են իրավական դաշտի մատուցած անակնկալներից՝ սկսած ՍԴ-ից, նախագահը վիճարկեց օրենքը, հաջորդ քայլով նախարարությունը, րոպե անգամ չկորցնելով, ձեռնարկեց այլ գործիքակազմ, անմիջապես ընդունեց Կառավարության որոշում գործող օրենքների, ոչ թե նոր օրենքի, այլ երկար տարիներ գործող օրենքների շրջանակում, որն այս անգամ ՄԻՊ-ը վիճարկեց ՍԴ-ում:

Մենք սպասում էինք ՍԴ վճռին, այդ ընթացքում  գործող օրենքի՝ «Հիմնադրամների մասին» օրենքի շրջանակում, որտեղ հստակ գրված է, որ եթե երկու ամիս Հոգաբարձուների խորհուրդը չի գործում, ապա Արդարադատության նախարարը ձևավորում է ժամանակավոր հանձնաժողով, երեք հոգուց կազմված, ձևավորվեց այդ ժամանակավոր հանձնաժողովը, այս անգամ ՄԻՊ-ը դիմեց ՍԴ՝ պարզելու 19 տարի առաջ ընդունված «Հիմնադրամների մասին» օրենքի սահմանադրականությունը»,- նշել է նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ՝ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ ԵՊՀ-ում առկա լարվածությունը չի թուլանա:

«Կարծում եմ՝ որոշակի ընդվզում կլինի, բայց արդեն ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը: Այս պահին դեռ շատ անորոշ է, բայց նաև կարող ենք կանխատեսել, որ լինելու է որոշակի ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Հարցին՝ ինչպիսի՞ քայլերի անհրաժեշտություն կա, որպեսզի առկա ճգնաժամը չմնա համալսարանի օրակարգում, փորձագետը պատասխանեց.

«Այդ ամեն ինչը պետք է արվեր դեռ երկու-երեք տարի առաջ. այս իրավիճակն առաջացավ նաև այն պատճառով, որ իշխանությունը բավական ագրեսիվ ձևով ընկավ Արամ Սիմոնյանի հետևից, և դա ներսում որոշակի ընդվզում առաջացրեց: Եվ հետո՝ ԵՊՀ-ն երկու տարուց ավել չունեցավ ռեկտոր: Այսինքն՝ եթե այդպես էր, ի՞նչ իմաստ ուներ այն ժամանակ այդպես ագրեսիվ ձևով գործել ընդդեմ Արամ Սիմոնյանի:

Այժմ ժամանակ է պետք, որպեսզի այդ լարումը հանգուցալուծվի. դա այդպես հեշտ չէ»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը,  անդրադառնալով այս գործընթացներին, միայն հիշեցրեց. «Սահմանադրական դատարանում կար երեք դիմում՝ մեկը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականությունը ստուգելուն (նախագահն էր դիմել). ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել, մյուսը՝ Կառավարության որոշումն է վիճարկվում Սահմանադրական դատարանում, և՝ բուհերի նկատմամբ այս Հիմնադրամների մասին օրենքով՝ երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհրդի նորմի կիրառելիության հարցը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Հիմա պատկերացրեք՝ ՍԴ-ում գործ է քննվում, դիմում կա այս Հիմնադրամների մասին օրենքի կիրառելիության վերաբերյալ, և այդ օրենքի նորմով առաջնորդվելով՝ անցումային խորհուրդը ժ/պ է նշանակում. Ի՞նչ պետք է լինի, եթե, օրինակ, վաղը ՍԴ-ն ճանաչեց, որ այդ նորմը բուհի նկատմամբ կիրառելի չէ»:

Արդյո՞ք հակընդդեմ ինչ-որ քայլերի կդիմեն համալսարանականները՝ մեր հարցին ի պատասխան, Վահե Հովհաննիսյանը նկատեց. «Սահմանադրական դատարանի դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումներն ամեն ինչ ցույց կտան»:

Տեսանյութեր

Լրահոս