Ո՞ր հարցերի շուրջ է ռուս-ֆրանսիական կոնսենսուսը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից:

Ֆրանսիայի նախագահականի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ:

«Նախագահը շնորհավորել է վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահն իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված: Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում:

Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Մակրոնը հույժ կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը, ինչը, սակայն, տեղ չի գտել ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում, և կան փորձագետներ, որոնք կասկածում են, թե ֆրանսիական կողմն ընդհանրապես այդ տեմինաբանությամբ է անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը լուծելու տարբերակներին: Համաձայնելով այս մտքին, ըստ հաղորդագրության, Փաշինյանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն:

«Նա կրկնել է սահմանի երկայնքով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու, կամ նման որոշման անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդական առաքելության տեղակայման առաջարկությունը: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ: ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանային համատեքստ ունեցող նախաձեռնություններն ու քայլերը կարող են հաջողության հասնել, եթե դրանք արժանանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների հավանությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 9-ին հաջորդած հայտարարությունները, այդ թվում՝ բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ, և պատրաստ է լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ հաղորդագրություններում որևէ ուղիղ խոսք չկա Մակրոնի՝ մամուլում շրջանառվող Հայաստան կատարելիք այցի, հայ-ֆրանսիական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների և նոր օրակարգերի, երկկողմ նոր համաձայնագրերի վերաբերյալ: Սակայն ակնհայտ է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում սպասվում են փոփոխություններ, և այդ մասին իր վերջին հրապարակային մեկնաբանություններում ակնարկել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ուշադրություն հրավիրեց մի շարք հանգամանքների վրա:

Ըստ նրա, հայկական կողմը սկսում է ֆրանսիական կողմին անկաշկանդորեն ներկայացնել իր բողոքները, որը ենթադրում է նոր մակարդակի երկկողմ հարաբերություններ և ակնկալիքներ:

Մյուս կարևոր հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ ֆրանսիական կողմի շեշտադրումները ցույց են տալիս, որ կա կոնսենսուս հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը լուծելու ուղիների վերաբերյալ Մոսկվայի և Փարիզի միջև, այսինքն՝ կա որոշակի կոնսենսուս, կլինի նաև համագործակցություն, թե ինչպես՝ դեռ բարդ է ասել:

Լուկիանովն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի համար, բնականաբար, ավելի հարմարավետ է աշխատել Ֆրանսիայի հետ՝ հաշվի առնելով նաև այն խնդիրները, որոնք ունի ՆԱՏՕ-ական Ֆրանսիան Թուրքիայի հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանը Թուրքիայի հետ:

«Թեև ես մշտապես նաև նշում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարդ ու բազմաշերտ են, դրանք ո՛չ չափազանց լավ են, ո՛չ չափազանց խնդրահարույց, մի հարցում կա համագործակցություն այսօր, մյուսում՝ չկա, վաղը կարող է իրավիճակն այլ լինել, ուստի ռուս-ֆրանսիական համագործակցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Ռուսաստանի համար նախընտրելի է ընդհանուր շահերի պատճառով, Ֆրանսիայի ոչ ընդգծված հակառուսական դիրքորոշման պատճառով, ի տարբերություն Եվրամիության և Միացյալ Նահանգների, ուստի Ֆրանսիան թե ԵԱՀԿ ՄԽ անդամ է, արևմտյան երկիր, թե նաև որոշ հարցերում Ռուսաստանի հետ կոնսենսուս և ընդհանուր տարածաշրջանային շահեր ունեցող երկիր:

Ավելին, սիրիական ճգնաժամի թեժ փուլում ռուս-ֆրանսիական հարաբերությունները լարված ու փոփոխական էին, սակայն 2019 թվականի Պուտին-Մակրոն հանդիպումից հետո նոր փուլ սկսվեց Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և երկկողմ հարաբերությունների ոլորտում, Փարիզը սկսեց ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել, ինքնուրույն՝ Արևմուտքից, ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաև այսօր այլ հարցերի ուղղությամբ՝ համագործակցելով Ռուսաստանի հետ: Մակրոնի դերը տարածաշրջանում կարող է աճել, զուգահեռաբար չփոխվել նաև Ռուսաստանի ավանդական դերը: Այս պահին Ռուսաստանն ու Ֆրանսիան միմյանց չխանգարող են այդ ռեգիոնում:

Սա Ռուսաստանի համար հարմար տարբերակ է՝ հաշվի առնելով Թուրքիայի, Արևմուտքի, Վրաստանի, Իրանի հետ հարաբերություններն ու Ֆրանսիայի դիրքավորումը: Այդպես ևս պատահում է: Ռուսաստանը ևս իր տեղում չի դոփում, ռուսական արտաքին քաղաքականությունը ևս փոխվում է՝ հատկապես հետսովետական տարածաշրջանի նկատմամբ, որը մշտապես համարվում էր ՌԴ ազդեցության գոտին: Այստեղ ամեն ինչ չափազանց բարդ է՝Ուկրաինա, Միջին Ասիա, Հարավային Կովկաս, բոլոր գոտիներում տարբեր խաղացողներ ու սխեմաներ են աշխատեցվում: Փոխվում է նաև ամերիկյան քաղաքականությունը, դա դրսևորվեց Աֆղանստանից կոնտինգենտը հանելու որոշմամբ, սա կարևոր ազդանշան էր աշխարհում ԱՄՆ-ի ապագա տեղն ու դերն ընկալելու ճանապարհին, համաշխարհային քաղաքականությունը փլվել է, ԱՄՆ-ը ևս հասկանում է, որ իր հնարավորությունները սահմանափակ են, և պետք է առաջնահերթություններով առաջնորդվել»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս