Զրույցի ֆենոմենը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում
Ձայնը, որն իր մեջ ներառում է դիագետիկ և ոչ դիագետիկ երաժշտությունը, ձայնային էֆեկտները և երկխոսությունները, շատ ավելի կարևոր դեր է կատարում, քան կարելի է պատկերացնել: Ձայնի այս բոլոր բաղադրիչները կարևոր են պատումի կառուցման համար: Բացի նարատիվին օգնելուց և տեսարանների սահուն անցումն ապահովելուց, ձայնը մեծապես ներազդում է մարդկանց զգացմունքների վրա: Ձայնը, մասնավորապես, երաժշտությունը, կերպարների հուզական վիճակի և ներկայացման գաղափարի հրաշալի մեկնաբան է, որը հանդիսականին անուղղակիորեն հրավիրում է մասնակցելու այդ զգացմունքներին : «Մենք ենք, մեր սարերում» ռեժիսոր Հ. Մալյանը կինոնկարի և այն դիտող մարդկանց էմոցիոնալ կապը ստեղծելու համար օգտագործել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը, ինչը ֆիլմում աշխատելու առաջին փորձերից է եղել մաեստրոյի համար (1):
Տ. Մանսուրյանի հեղինակած երաժշտությունն ապահովում է ֆիլմի խորությունը. այն, ինչ հնարավոր չէ ասել հովվի միջոցով, լրացնում է երաժշտությունը: Եվ տվյալ երաժշտությունը վեհացնում է հովվի աշխատանքը, դրան տրվում է այլ իմաստ, որը վեր է «գյուղացու» աշխատանք հասկացությունից: Այս ամենից բացի, ֆիլմում հովիվները ներկայացվում են բավականին գիտակ՝ նրանց խոսքը կիրթ է, նախադասությունները կազմվում են գրագետ, իսկ նրանց դատողությունները տարբեր են հովվի խոսքի վերաբերյալ մեր պատկերացումներից: Եվ այս ամենը հավաստի չէր լինի, եթե ֆիլմում օգտագործվեր, օրինակ՝ փոփ կամ քաղաքային /գյուղական ֆոլկլոր երաժշտություն:
Բայց, այնուամենայնիվ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում ձայնի գլխավոր բաղկացուցիչը երկխոսություններն են: Ֆիլմերի երկխոսությունները, և առհասարակ, զրույցներն այնքան են կարևորվում, որ ամենահեղինակավոր կինեմատոգրաֆիական կայքերը (IMDb, Taste of Cinema) կազմում են վարկանիշային աղյուսակներ՝ ներկայացնելով ֆիլմերում հնչած լավագույն զրույցները:
Ֆիլմում գրեթե բոլոր գործողություններն ուղեկցվում են զրույցներով՝ գառ մորթելը, թունավորված Խնձոր եզին շուռ տալը, Ավագին լողացնելը, իսկ վերջում արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական ֆիլմում ռեժիսոր Հենրիկ Մալյանը երկու անգամ օգտագործել է կինոարտադրությունում պատմությունը պատմելու «Քայլել և խոսել» տեխնիկան, որն իր ժողովրդականության գագաթնակետին է հասնում 1990-ական թվականներին (2): Այս տեխնիկան հնարավորություն է տալիս շեշտադրել երկխոսությունները, հերոսների միջև ծավալված զրույցները: Եվ քանի որ բառերը, ինչպես երգերում , այնպես էլ բոլոր այլ ստեղծագործություններում, հեշտացնում են իմաստի կառուցման գործընթացը, զրույցները նույն գործառույթն ունեն ֆիլմերում: Առօրյա խոսակցությունները, որոնք լսում ենք ֆիլմում, և դրանց գումարած թեթև և ուրախ հումորը, ֆիլմն ավելի են մոտեցնում հանդիսատեսին: Եթե այլ կերպ ձևակերպենք՝ հանդիսատեսն ավելի հեշտությամբ է կարողանում ինքն իր կերպարը կառուցել ֆիլմում օգտագործված արտահայտությունների միջոցով, և հետագայում ներկայացնում է իր ինքնությունը՝ հղելով ֆիլմին՝ տարբեր իրավիճակներում օգտագործելով ֆիլմում հնչած մտքերը և այդ կերպ ընդգծելով նաև իր առավելությունը մյուսների նկատմամբ և ավելի բարձր մակարդակի մշակութայնացվածությունը:
Զրույցները հագուստի նման են. դրանք ռեժիսորի ձեռքում գործիք են՝ ցուցադրելու , թե քանի տարեկան է տվյալ հերոսը, ինչ սոցիալական դիրք ունի, անգամ կրթությունը, մասնագիտությունը, և թե կերպարները մեկը մյուսի հետ ինչ հարաբերություններ ունեն: Հումորով և թաքնված կոդերով հետաքրքիր զրույց է ծավալվում Իշխանի և լեյտենանտի միջև, երբ վերջինս օգնում է հովվին շուռ տալ թունավորված եզին:
Իշխան. Ի՞նչ ես ցցվել այ տա, նայում ես:
Լեյտենանտ. Ի՞նչ անեմ:
Իշխան. Ի՞նչ պիտի անես, զուռնա փչի: Արի օգնի: Գլխից բռնի:
Լեյտենանտ. Երկար պարան չկա՞:
Իշխան. Կա:
Լեյտենանտ. Ո՞ւր է:
Իշխան. Ո՞ւր է, գրպանումս է:
Զրույցը բացվում է թեթև հեգնանքով. Իշխանը ակնարկում է, որ քաղաքից եկած լեյտենանտն այնքան էլ խելացի չէ, եթե մտածում է, որ ինքն ունի երկար պարան, բայց չի օգտագործում այն: Լեյտենանտի միամտությունը, սակայն, պայմանավորված էր հոգատարությամբ, ինչը դրսևորվում է նրա կողմից՝ պարանի փոխարեն իր գոտին տրամադրելով: Իսկ հետո Իշխանը կասկածում է լեյտենանտի ուժին՝ հարցնելով, թե արդյո՞ք կկարողանա ընկած եզին պահել: Ավելի ուշ, երբ եզը գետնած է, Իշխանը հայտարարում է, որ այս ամենն անում է, որ լեյտենանտը սովորի նման աշխատանք կատարել. «Էս քո օգտի համար եմ անում, թե չէ դու եզ բռնողը չես»:
Այնուհետև լեյտենանտը օգնում է Իշխանին տեղափոխել մեծ, հաստ ու ծանր գերանը, ինչը կրկին ուղեկցվում է երկխոսությամբ, և երևի թե այս ընթացքում էլ լեյտենանտը միաձուլվում է հովիվներին, դառնում է նրանցից մեկը, եզի և դաշտում՝ Իշխանի թողած պարագաների նկատմամբ դրսևորած հետաքրքրությամբ լեյտենանտը ցուցադրում է իր համակրանքը գյուղացիների և նրանց կատարած աշխատանքի նկատմամբ: « Քայլել և խոսել» հնարքի կիրառման ժամանակ ցուցադրվում է լեյտենանտի տրամադրվածությունը գործի նկատմամբ.
Լեյտենանտ. Բա Ռևազի ոչխարները ո՞նց են գողացել:
Իշխան. Ռևազի ոչխարները ես մորթել եմ, կերել ենք, փողը տվել ենք, գնացել է: Մի քիչ դժգոհ է գնացել, բայց եթե ասեմ՝ իմ կացինն արժե մեկ կիլո ոսկի, դու կհավատա՞ս:
Լեյտենանտ. Ինչքան է՞ր ուզում:
Իշխան. Իր ոչխարներն էր ուզում:
Լեյտենանտ. Է ոչխարները մորթել էիք:
Իշխան. Գիտեր, որ տեղներս նեղ է, դրա համար էլ շատ էր ուզում:
Լեյտենանտ. Բա մի շան ծեծ չտվի ՞ք:
Իշխան. Ամոթ էր, ոնց թե:
Երևում է՝ լեյտենանտը վատ չի վերաբերվում ոչխարները մորթելուն: Սա նկատելի է նաև ֆիլմի միջնամասում, երբ Զավենի հետ հարցաքննության ժամանակ լեյտենանտը հայտարարում է, որ գործի ավարտից հետո ընկերներին հավաքելու է և գյուղ այցելի՝ մի լավ կերուխում անելու: Լեյտենանտը հավաքույթներին դեմ չէր, ինչպես նաև դեմ չէր կյանքի որոշ դրվագներում բռնության գործադրմանը՝ «Բա մի շան ծեծ չտվիք»: Բռնության գործադրում լեյտենանտի կողմից իրականացվում է նաև Պավլեի հետ զրույցի ընթացքում: Բայց տվյալ երկխոսությունից կարելի է եզրակացնել, որ լեյտենանտը շերլոքհոլմսյան սինդրոմ ունի, ում հաճույք կարող է պատճառել այնպիսի գործերի բացահայտումը, որոնք չեն սահմանափակվում ոչխարների մորթմամբ, այլ ավելի դրամատիկ են՝ ներառելով իրենց մեջ մարդկային կոնֆլիկտ՝ բռնության տարրերով:
Այս երկխոսությունից ևս երկու կարևոր հաղորդագրություն ենք ստանում: Նախ ՝ որ բնությունը նույնիսկ ամենակարևոր՝ մարդու եսը կողմնորոշող հարցից ավելի կարևոր է. Իշխանը չի պատասխանում լեյտենանտի՝ «Դու Իշխա՞նն ես, թե՞ Ավագը» հարցին, մինչև չի ավարտում եզին գետնին շուռ տալու և նրան՝ թունավորումից փրկելու գործընթացը: Իշխանը նաև վստահության փորձության է ենթարկում լեյտենանտին. նա բացահայտում է իր ինքնությունը միայն այն ժամանակը, երբ նման իրավիճակներից գլուխ չհանող լեյտենանտը նրան օգնում է ավարտին հասցնել գործը, ինչից հետո նրան արդեն կարելի է վստահել:
Երկրորդ կարևոր հաղորդագրությունը բացահայտում է ստեղծված իրավիճակի խորությունը: Մտքերի հետաքրքիր փոխանակում է տեղի ունենում, երբ տվյալ տեսարանն ավարտվում է, և Իշխանն ու լեյտենանտը գերանը միասին տանելով` ձուլվում են բնությանը, և մենք նրանց ձայները լսում ենք նույն եղանակով, ինչ լսում ենք թռչունների ձայները՝ առանց խոսելիս նրանց դիմախաղը տեսնելու.
Լեյտենանտ. Իշխան: Բա ո՞նց ենք անելու:
Իշխան. Ի՞նչը:
Լեյտենանտ. Չգիտեմ:
Իշխան. Դե փետ է, տանում ենք էլի:
Ամեն ինչ սպասվածից շատ ավելի լուրջ է, չափազանց մարդկային և ոչխարները միայն պատրվակ են՝ անհասկանալի ժամանակ առաջ ձևավորված խնդիրների՝ ջրի երես դուրս գալու և դրանց լուծումները գտնելու համար: Հետաքրքրական է, որ զրուցակիցները տեղյակ են, թե այդ ինչ խնդիր է: Երբ Իշխանն ասում է՝ «Դե փետ է, տանում ենք էլի», հասկանալի է դառնում, որ նա, ով բավականին տրամաբանող մարդու տպավորություն արդեն թողել էր, և անգամ ինքն էր ձայնի հնչերանգով ավելի վաղ հեգնում լեյտենանտի միամտությունը, դժվար թե ուղիղ իմաստով պատասխաներ լեյտենանտի հարցին: Իշխանը կոտրում է սկսված խոսակցության առանցքը, շեղում է թեման, ինչը կարող է անել միայն այն մարդը, ով տեղյակ է տվյալ խոսակցության բոլոր թաքնված դետալներին: Այսպիսով, ևս մեկ անգամ հաստատվում է միտքը, որ տվյալ տեսարանի երկու հերոսները միաձուլվում են փայտի շուրջ, ինչը կարող ենք այլաբանորեն դիտարկել որպես բեռ, մի խնդիր, որի լուծման համար մարդկային հավասարազոր ուժ է անհրաժեշտ և որի լուծումը կարող է տրվել լռությամբ, ինչպես և ավարտվում է տեսարանը:
1. «Մաթևոսյանը միշտ ասում էր. «Իմ թաղմանը թող «Աշնան արևի» մեղեդին հնչի». Տիգրան Մանսուրյան», yerkirmedia.am, ստուգվել է՝ 02.04.2019:
2. ‘Walk the talk’, 2007, davidbordwell.net.
Անի Գաբուզյան