Առաջին դեպքն է, որ համաշխարհային գիտնականները ձայն են բարձրացրել, թե ինչու չեն հրավիրել հայագետների. Ռուբեն Սաֆրաստյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300-600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:

Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գիտաժողովը չեղյալ է հայտարարվել:

Հետաքրքրվեցինք՝ սա առաջի՞ն դեպքն է, թե՞ էլի նմանատիպ գիտաժողովներ եղել են, որ հայ գիտնականներին չեն հրավիրել։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Տեղյակ չեմ, որ նման դեպք եղած լինի, սակայն, համենայն դեպս, սա առաջին դեպքն է, որ համաշխարհային գիտնականները ձայն են բարձրացրել, թե ինչու չեն հրավիրել հայագետների, կազմակերպիչներն էլ փորձանքից հեռու լինելու համար՝ ընդհանրապես չեղյալ են հայտարարել գիտաժողովը՝ վստահ լինելով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին առաջ տանել իրենց  կեղծարարությունները»:

Հիշեցնենք, որ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանում նախատեսված «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300-600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովին հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից: Դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմեցին գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծում էին, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս