«Ազատ ժամանակ». Տիգրան Պասկևիչյան
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ի հիշատակ Արմեն Շեկոյանի՝ այն վերնագրելով․ «Ազատ ժամանակ»
«2003 թվականի մարտին էր։ Մի օր Արմենը եկավ մեր գրասենյակ («Հայաստան» հիմնադրամում էինք աշխատում)։ Նստեց, սուրճ խմեց, ծխեց ու խորքից սկսեց հարցուփորձը՝ էս քանի օրը ի՞նչ ես անում։ Սովորական իմ գործը՝ ասեցի։ Ազատ ժամանակ ունենո՞ւմ ես։ Եթե պետք ա լինում, ճարում եմ։ Իսկ որ ճարում ես, ի՞նչ ես անում։ Ճարում եմ, երբ պետք ա լինում,- փորձեցի հասկանալ ինչ կա մտքին,-թե պետք ա, ասա, ճարեմ։ Դե, որ ազատ ժամանակ չունես, եսի՜մ։ Քեզ պետք լինի կճարեմ։ Հաաա՞… Հա, հա, ասա ի՞նչ ա պետք։ Էս մարտի վերջին 50-ամյակս ա… Ուռռռա՜…,-համակարգչի հետեւից լսվեց Սաթոյի զվարթ ձայնը։ Հա, ծերացանք՝ հառաչեց Արմենը։ Էնքան ծերացանք, որ «Գրական թերթը» մի բացվածք ա նվիրում հոբելյանիս։ Էլ թերթ չկա՞ր՝ նորից խոսեց Սաթոն։ Որ նվիրում են, ասեմ՝ չէ՞։ Ուրիշ մարդ մտավ գրասենյակ, թեման փոխվեց։
Շատ չանցած Արմենը վեր կացավ՝ դե, ես գնացի։ Քայլեց դեպի դուռը, հետ եկավ՝ հմի որ պետք ըլնի, էդ ազատ ժամանակը կգտնե՞ս։ Քեզ համար, հա՛։ Մի քիչ մտածեց ու ասեց՝ բացվածքի համար մի բան կգրե՞ս իմ մասին։ Իհարկե՜…
Դե, ժամանակ գտի, էս երկու օրը գրի, ուղարկի Սամոյին [Սամվել Մկրտչյանին]։ Գրեցի, փորձեցի ուղարկել, կապը թույլ էր, չստացվեց։ Անձամբ տարա խմբագրություն։ Սամվելն ու Արմենը համակարգչի առաջ նստած աշխատում էին բացվածքի վրա։ Գրածիս տեղը դատարկ էր, մնացածն արդեն էջադրված։ Արմենը Սամոյին ցուցումներ էր տալիս։ Սամոն երբեմն կատարում էր, մեկ-մեկ հակառակվում։ Սամ, էս տակի գցած 50-ն ու դափնու տերեւը մի քիչ մգացրու։ Չէ, սենց լավ ա՝ ասում էր Սամոն։ Արա, չի երեւում, որ 50-ամյակ ա։ Սամոն չուզելով մգացնում էր։ Լավ ա,- ասում էր Արմենն ու քիչ անց կասկածում,-բայց սենց էլ շատ ա, ոնց որ 60-ամյակս ըլնի, հլը մի քիչ բացացրու։
Ես հաճույքով հետեւում էի 50-ամյակի բացվածքի կերտմանը։ Արմենը ժամանակ առ ժամանակ դառնում էր ինձ՝ սենց լավ ա, չէ՞, մարդիկ տենան, կհասկանա՞ն, որ հոբելյան ա։ Ես ու Սամոն ծիծաղում էինք։ Արմենը՝ չէ, լուրջ։ Այսպես երեւի ժամից ավել մնացինք Սամոյի սենյակում։
Գործը պրծավ, միասին դուրս եկանք։ Ասի՝ գնանք մի տեղ սուրճ խմենք։ Համաձայնեց։ Հետո ճամփին ասեց՝ ախպե՜ր, բայց ահագին էլ ազատ ժամանակ ունես։ Ասի՝ հա, Արմեն ջան, էնքան ունեմ, որ կհերիքի 60-70-80-90-100-ամյակներիդ գրելու համար»,– գրում է Տիգրան Պասկևիչյանը։։