Բաքուն շտապում է Խաղաղության պայմանագրի հարցում
Մինչ հայ-ադրբեջանական սահմանը քիչ-քիչ ակտիվ շփման գծի է վերածվում, և ՀՀ իշխանությունները փորձում են հարմար դիրքավորվել աշխարհաքաղաքական միջավայրում, Ադրբեջանը շարունակում է խաղարկել Խաղաղության պայմանագիր կնքելու թեման:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռևս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու և պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին Բայրամովը հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում:
«Ադրբեջանը հանդես է եկել մի շարք առաջարկներով: Դա առնչվում է նաև Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծմանը` սահմանազատման հարցով քննարկումներ սկսելու միջոցով: Բացի այդ, առնչվում է նաև առաջարկին, որի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, այն է՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամությունը: Ցավոք, մենք դեռ արձագանք չենք ստացել Հայաստանից այդ առաջարկների վերաբերյալ»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է, որ երկու կողմերն էլ ակտիվորեն պատրաստվում են ապագա «մենամարտերին» միջազգային կառույցներում և բանակցություններում:
Ըստ նրա, դա նկատվում է թե՛ Երևանի քայլերից և ակտիվ շփումներից Արևմուտքի հետ, թե՛ Ադրբեջանի քարոզչական շեշտադրումներից, որոնցում ՄԱԿ ԱԽ-ում Ֆրանսիայի ապագա աշխատանքին Ղարաբաղյան հարցի ուղղությամբ մեծ տեղ է տրվում:
«Հարցն այն է, որ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիան, ունեն ներքաղաքական խնդիրներ, սա ևս իր դերն ունի ներկայիս զարգացումների վրա: Ռուսաստանն ակնհայտորեն պասիվացել է Հարավային Կովկասում, ունի ներկայություն Ղարաբաղում և դրանով, կարծես, սահմանափակվում է, փորձում է ամեն գնով այդ ներկայությունը պահպանել, և ոչ ավելին, մյուս բոլոր հարցերում կարծես պատրաստ է երկարատև աշխատանքի բոլորի հետ, այդ մասին պարզ է դառնում ռուսական դիվանագիտական հայտարարություններից: Ռուսաստանի համար Միջին Ասիայում կարող են շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծվել, բացի դրանից՝ ներքին առումով ՌԴ-ն ունի իշխանություն փոխանցելու խնդիր, այդ հարցը որևէ տեղ չի չքվել: Թուրքիայում ևս ներքաղաքական և տնտեսական առումով նշմարվում են խնդիրներ, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև Ադրբեջանի վրա, ինչը հասկանալի է:
Սրան զուգահեռ՝ Արևմուտքն ավելի համակարգված է գործում, քանի որ նախորդ փուլը կարծես ավելի մարտահրավերային էր Արևմուտքի հետ: Այդ խնդիրներից մեկը կարծես Թրամփի վարչակազմն էր, մյուսը՝ ԵՄ ներքին խնդիրները, ինչպես նաև՝ կորոնավիրուսը:
Արևմուտքն ավելի հարմար ժամանակահատվածում է ներկայումս և ավելի նպատակային է գործելու: Դա կնպաստի, որպեսզի լուծվեն թե՛ ԵՄ ներքին խնդիրները, թե՛ ԵՄ-ԱլԳ երկրներ հարաբերությունները բարձրանան նոր մակարդակի, քանի որ այս ծրագրի նկատմամբ ԵՄ ներքին դիմադրությունը սովորաբար շատ ուժեղ էր: Այս փուլի առանձնահատկությունը նաև այն է, որ ՌԴ-ն այս ամենին ավելի հանգիստ է վերաբերվում, քան նախկինում, որոնք պայմանավորված են թե՛ փորձով, թե՛ աշխարհաքաղաքական հաշվարկներով, թե՛ զբաղվածությամբ ավելի մեծ խնդիրներով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը: Այս ֆոնին, նրա կարծիքով, հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է օր առաջ Խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի հնարավոր նախաձեռնությունները միջազգային կառույցներում կամ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, Արևմուտքի հետ այլ նախաձեռնություններ նոյեմբերի 9-ի տրամաբանությանը չվնասեն:
«Կարծում եմ՝ դրա համար կա նաև ռազմական լարվածություն՝ որպես ճնշում, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումներն արագացել են ու ունեն անկանխատեսելիության չափազանց մեծ բաղադրիչ, որում կանխատեսումներ անելը ևս բարդ է: Այնուամենայնիվ նկատելի է, որ կողմերը պատրաստվում են աշխատանքի՝ Երևանն ու Արևմուտքը փորձում են խնդիրը դուրս բերել զուտ տարածաշրջանային շրջանակից, որտեղ ամուր են կանգնած Թուրքիան և Ռուսաստանը, բայց ՌԴ-ն իր դիրքերը Ղարաբաղում չի զիջի, և ՌԴ-ի հետ աշխատելը մերժել հնարավոր չէ»,- ասաց Մենագարիշվիլին:
Վերջինիս կարծիքով՝ Վրաստանը՝ հատկապես ներկայումս, այս հարցերում շարունակելու է իր պասիվ դերակատարությունը, քանի որ այն դաշտում, որում «խաղում է» Վրաստանը, այսօր Վրաստանը գործընթացներին հետևողի դերում է: