Բաժիններ՝

Մեկ թատրոնի շենքում պետք է լինի երկու գեղարվեստական ղեկավա՞ր, նման բան լսե՞լ եք. Անահիտ Կիրակոսյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 22-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։

«Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբ, որը խորթ զավակ չէ և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևէ մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են: Հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են: Համարում ենք, որ այս քայլը հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից: Այդ թատրոնը դերասաններով հանդերձ՝ հայտնվում է շատ ավելի լավ պայմաններում»,- ասաց Վահրամ Դումանյանը:

«Եթե շատ չոր, սխեմատիկ են մոտենում հարցին, և սա համարում են փրկություն, դա փրկություն չի կարող լինել: Պարզապես իրենք ուզում են տարածք ազատել, և սա անվանում են փրկություն, ռացիոնալիզմ, խելամիտ մոտեցում: Ոչ, դա փրկություն չէ, կործանում է: Քաղաքը կորցնում է մի ամբողջ թատրոն: Ո՞նց կարող է սա փրկություն լինել, ո՞ւմ համար է փրկություն, թատրոնի աշխատակազմի՞:

Թատրոնի աշխատակազմի փրկությունն իր շենքում աշխատելն է, օժանդակ օգնություն ստանալը, եթե կարող են, եթե ոչ՝ թողեք աշխատենք: Մեր փրկությունը մեր աշխատանքի մեջ է: Զրկում եք աշխատանքից ու դա անվանում եք փրկությո՞ւն: Այս ի՞նչ կրկնակի ստանդարտներ են, չեմ հասկանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը:

Մեր դիտարկմանը՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ կունենան հնարավորություն՝ բոլոր գաղափարները, ներկայացումներն ինչպես ծրագրել են, այդպես էլ շարունակեն, գեղարվեստական մասով յուրաքանչյուրն իր ղեկավարը կունենա, Սամսոն Ստեփանյանը սա անհնար համարեց, քանի որ, ըստ նրա՝ կնշանակի, որ մեկ թատրոնում գործում է երկու ստեղծագործական խումբ:

«Այսինքն, դա նման է Պատանի հանդիսատեսի թատրոնին, որտեղ Մնջախաղի թատրոնն է: Շենքը բաժանում են երկու մասի. հիմա հարց եմ տալիս. շենքերը կան, թատրոնները կան, հիմա դուք այդ թատրոնը դնում եք մի շենքի մեջ և անվանում եք, որ երկուսն էլ կունենան գեղարվեստական ղեկավարնե՞ր: Այդ դեպքում երկուսն էլ տնօրեններ պետք է ունենան, գրաֆիկ գծեն, թե ով երբ է փորձում, ով ինչ ներկայացում է խաղում: Առավել ևս, որ մեր ներկայացումները բացարձակապես նախատեսված չեն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմի համար: Մեր մտածողությունը, ձևաչափը բացարձակապես չի համընկնում: Իրար հետ կապ չունեցող երկու թատրոն ուզում են միավորել, և սրա անունը դնում են փրկությո՞ւն: Լավ էլի: Երկու իրարից տարբեր ոլորտներ՝ երաժշտական և թատերական, չի կարելի խառնել: 40-ամյա իմ մասնագիտական աշխատանքում չեմ տեսել նման բան: Ամեն մի ոլորտ ունի խնդրի լուծման ձևը՝ իր սահմանների մեջ: Ոլորտներն ինչո՞ւ եք խառնում, սա դիլետանտիզմ է: Չեք փրկում, քաոս եք ստեղծում: Քաոս ստեղծելու նպատակը ես չեմ հասկանում: Կարծում եմ՝ այստեղ կա անձնական խնդիր, այլապես տրամաբանությանը չի ենթարկվում: Որևէ մեկի կողմից շահագրգռվածություն կա՝ տիրանալ այդ տարածքին»,- նկատեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Նա ընդգծեց, որ իրենք ոչ երգչախմբի, ոչ նվագախմբի կարիք չունեն:

«Մեր դերասանները հրաշալի երգում են, պարում, պետք եղավ՝ կարող են երաժշտական գործիքներ նվագել սովորել»,- ասաց Սամսոն Ստեփանյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով տվյալ թատրոնում աշխատում է 17 տարեկանից, ևս անընդունելի է համարում ներկայացված նախագիծը:

«Դա նշանակում է՝ Կամերային երաժշտական թատրոնի վերացում, որովհետև դու չես կարող գնալ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ու պահպանել քո ինքնությունը: Ձուլվում ես ու չգիտես, թե դրանից հետո ինչ ճակատագրի ես արժանանալու, որովհետև ինչ խոստումներ էլ քեզ տան՝ կան փաստեր:

Հնարավոր չէ կամերային փոքրիկ ներկայացումը տեղավորել մեծ բեմում, և՝ հակառակը: Մեր թատրոնի յուրահատկությունը հենց իր կամերայնության մեջ է: Մեզ համար լավը գիտե՞ք՝ որն է. թողնեն աշխատենք մեր թատրոնում, ու եթե կարող են՝ աջակցեն: Մենք մեր գործը փայլուն անում էինք, հանդիսատեսը մեզանից շատ գոհ է: Ես չեմ պատկերացնում, մեկ թատրոնի շենքում պետք է լինի երկու գեղարվեստական ղեկավա՞ր: Նման բան լսե՞լ եք: Այսինքն, մեկ թատրոնի շենքում երկու տարբեր թատրոննե՞ր են գործելու»,- ասաց Անահիտ Կիրակոսյանը:

Հարցին՝ թատրոնը երկար տարիներ ունեցել է տեխնիկական խնդիրներ, դրանք երբևէ բարձրաձայնվե՞լ են, դերասանուհին պատասխանեց. «Ցանկացած խնդիր կապված է ֆինանսի հետ: Բնականաբար, թատրոնն ինչքան շատ ֆինանսավորվի, այնքան ամեն ինչ կլուծվի: Այդքան չեն ասի՝ «ֆոնոգրամայի» տակ եք երգում, բարձրախոս կտան՝ կենդանի կերգենք: Մեր խնդիրները մեր խաղից կամ կրթությունից չեն գալիս: Դրանք գալիս են տեխնիկապես ապահովված չլինելուց: Բնականաբար, տարիներ շարունակ դիմել ենք, բնականաբար մերժվել ենք և մենք ինքներս ենք պահպանել մեր գոյությունը՝ տոմսերի վաճառքից, առանց բողոքելու, սիրով խաղացել ենք, լեփ-լեցուն դահլիճներ ենք ունեցել»:

Թատրոնի մեկ այլ դերասանուհի՝ Լուսինե Մանուկյանն էլ հորդորեց հանգիստ թողնել արվեստագետներին, նվիրյալ մարդկանց, որպեսզի ստեղծագործեն:

«Թատրոնը հասարակության ոգին բուժող կառույց է.Կարծում եմ՝ պետք է թատրոններ բացվեն և ոչ թե՝ փակվեն: Կարծում եմ՝ Սիմֆոնիկ նվագախումբը, նրա ղեկավարը պետք է առաջինը դեմ լինեն այս գաղափարին, որովհետև հնարավոր չէ՝ մեկի դժբախտության վրա կառուցեն իրենց երջանկությունը»,- նշեց Լուսինե Մանուկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս