Կալանավորված պատգամավորները կստանան մանդատները. Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով հաստատեց 8-րդ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը, ուժը կորցրած ճանաչեց ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը, ինչպես նաև սահմանեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց անունները:

Արդյունքում՝ օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանդատները պատգամավորներին փոխանցելու եղանակի մասին դեռևս որոշում չկա:

«Ըստ էության իրավական գործընթացը՝ մանդատների տրամադրման, այսօրվա գործընթացն էր, որը տեղի ունեցավ: Այսինքն՝ մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ:  Հետո արդեն նախապատրաստվում են, իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, ըստ էության որևէ պարտադիր կանոնակարգում՝ եղանակի, ձևի, միջոցի և այլնի հետ կապված, չկա: Թե ինչ եղանակով կլինի փոխանցումը, հիմա քննարկվում է: Բնական է՝ փոխանցման ինչ եղանակ էլ ընտրվի, հրապարակային կիրազեկվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը:

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը և Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են: ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ այդ փաստը չի կարող պատգամավորական մանդատ ստանալու խոչընդոտ հանդիսանալ:

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Մուկուչյանը:

Ճշտող հարցին՝ դա նշանակո՞ւմ է, որ պատգամավորները ստանում են պատգամավորական անձեռնմխելիություն, Մուկուչյանն արձագանքեց.

«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, և եթե Դուք հետևում էիք՝ նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Այսինքն՝ դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը: Իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը և այլն, այդ ամենը կարգավորվում է այլ օրենսդրությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս