«ՀՀ ներկայիս իշխանությունները հանդիսանում են «գրավյալ Հայաստանի»՝ դրսից նշանակված իշխանություններ». Քաղաքագետ
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հատուկ ռազմավարություն է, որը տարվում է Հայաստանի նկատմամբ։
«Սրանք այն գործողություններն են, որոնք մշտապես են լինելու մեր սահմաններում, և դրանք միայն սահմանային ռազմական միջադեպերը չեն, դա լինելու է հայտարարությունների, տեղեկատվական հարթակի հրապարակումների տեսքով։ Այսինքն՝ իրագործելու են լայնամասշտաբ հոգեբանական, տեղեկատվական, ռազմական գործողություններ, որոնք Հայաստանը պահելու են այս կամ այն տիպի լարված վիճակում։ Սա կոչվում է ռազմավարություն և, չեմ կարծում, որ մոտ ապագայում այս գործողությունները վերաճեն խոշոր ռազմական գործողությունների, որովհետև քանի դեռ Հայաստանում կան ռուսական զինվորական ստորաբաժանումներ և համապատասխան պայմանավորվածություններ ու պայմանագրեր, ապա, եթե լինեն խոշոր ռազմական գործողություններ, դա պետք է բերի նաև բախման Ռուսաստանի հետ։ Այն լարվածությունը, որն այսօր ստեղծում են ադրբեջանաթուրքերը, բնորոշ է նաև Արցախում տարվող գործողություններին, որովհետև այնտեղ էլ ենք նկատում ադրբեջանցիների կողմից հրահրող լարվածությանը՝ ռուսական ներկայության նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա, քանի դեռ վերը նշած գործոնը կա, նշանակում է՝ Հայաստանը կունենա անվտանգության որոշակի երաշխիքներ, իսկ երբ այդ գործոնը վերանա՝ մենք որևէ երաշխիք չենք ունենալու թուրք-ադրբեջանական էքսպանսիայի նկատմամբ։
Նա ցավով արձանագրեց, որ այս հարցում Հայաստանին ո՛չ Ֆրանսիան կարող է օտգնել, ո՛չ էլ Միացյալ Նահանգները։
«Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել Էրդողանի վերջին հայտարարության վրա՝ Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ նա արդեն հայտարարել է՝ երեք պետություն, մեկ ազգ։ Հաշվի առնելով նաև նրա էքսպանսիան Կենտրոնական Ասիայում, շուտով այդ պետությունների ճյուղը, որոնք մեկ ազգ է, մեծանալու է, որը փորձելու է խոշոր խնդիրներ առաջացնել Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Չինաստանի համար»,- հավելեց քաղաքագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ մտավախություններ ունի Տավուշի ու Տիգրանաշենի հետ կապված, քանի որ ներկայիս իշխանությունները դրանք համարում են «ադրբեջանական անկլավներ», ուստի չի բացառվում, որ դրանք ուղղակի նվիրեն թշնամուն։
«Ես համարում եմ, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հանդիսանում են «գրավյալ Հայաստանի»՝ դրսից նշանակված իշխանություններ, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նրանց սցենարներն իրագործեն, քանի որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է ոչ թե ՀՀ շահերը, այլ թուրք-ադրբեջանական շահերը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Շուշին դժգույն քաղաք է, նաև ասաց, որ Սև լճի 25 տոկոսն Ադրբեջանինն է»,- ասաց Գ. Հարությունյանը։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը որոշակիորեն փոխվել է, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ այսօր ՀՀ իշխանության այն անձինք են, որոնք ժամանակին պահանջում էին, որպեսզի Հայաստանը դուրս գար ԵԱՏՄ-ից, Հայաստանից դուրս բերվեր ռուսական ռազմաբազան, և այլն։
«Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, ունի իր շահերը, և դա երբեք չպետք է բացառել։ Ավելին՝ հայերը նրանց հարազատ ազգականները չեն, որոնց համար պատրաստ են ամեն ինչ անել։ Միևնույն ժամանակ նրանց իսկ շահերը պահանջելու են, որպեսզի որոշակի հսկողության տակ պահի Հայաստանը և Արցախի այն մասը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, որովհետև պատկերացնում է, թե ինչ կլինի հայության հետ։ Արցախում ռուսական ուժերի ներկայությունը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որն ինչ-որ չափով սահմանափակում է թուրքերի առաջխաղացումը դեպի մեր տարածաշրջան»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։