«Մարդկանց տանում են ու ամեն մեկին 4-5 ժամ քննում են. գյուղը գյուղապետ չունի, բնակիչները մի շարք հարցեր ունեն ու չգիտեն՝ ում դիմեն իրենց խնդիրներով». Որոտանի համայնքապետի եղբայր

Սյունիքի մարզի Որոտան համայնքն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ չունի համայնքապետ, համայնքապետ Սուրեն Օհանջանյանը հուլիսի 9-ից կալանավորված է՝ ընտրությունների ժամանակ  բնակիչներին կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար ուղղորդելու և ընտրակաշառք տալու մեղադրանքով։

168.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը, ասաց, որ կալանավորելուց հետո եղբորը չի տեսել, նրա հետ տեղի ունեցածի մասին չի խոսել։

«Սուրենին տեղափոխել են Գորիսի Քրեակատարողական հիմնարկ, ասում են՝ այնտեղ մեկ ամսով կարանտին է, չենք կարողանա որևէ այց կատարել։ Այսօր էլ ենք գնացել, սնունդ ենք տարել, դա ընդունել են, բայց չեն թույլատրել, որ տեսնենք, չենք էլ կարողանում զանգել։ Չգիտեմ, ասում են՝ տեղում նրա առողջական վիճակով հետաքրքրվում են, ինչ պետք է՝ անում են, չեմ կարող հստակ բան ասել, մեզ այդպես են ասել»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Ըստ նրա, եղբոր կալանավորումն անիմաստ է, ավելին՝ բնակիչներին քննիչներն ամեն օր տանում են ու այնքան հարցեր են տալիս, որ վերադառնալուց արդեն մոռանում են, թե ինչ հարցեր են տվել։

«Մարդկանց տանում են ու ամեն մեկին 4-5 ժամ քննում են, մարդիկ էլ ի վիճակի չեն իրենց տիրապետեն։ Մի կին գնացել է Սուրենի մոտ, թե՝ օգնության կարիք ունեմ, Սուրենն էլ ասել է՝ քաղաքապետարան դիմում գրի, օգնել է, որ կինը դիմումը գրի։ Եթե որոտանցին օգնության կարիք ունի, ո՞ւմ պետք է դիմի, պետք է գյուղապետին, չէ՞, դիմի։ Մենք քննիչին այդ հարցը տվել ենք, ասել ենք՝ ինչո՞ւ եք կալանավորել, մի կնոջ ասածների համար»,- շեշտեց  նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ որոտանցիները սպասում են՝ հասկանալու համար, թե ինչ ավարտ է ունենալու նախաքննությունը, դրանից հետո արդեն կնախաձեռնեն բողոքի ակցիաներ։

«Քննիչը մեզ ասում է, թե Սուրեն Օհանջանյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ, նաև ասում է, որ կալանավորել են, որպեսզի ազդեցություն չունենա նախաքննության վրա։ Չգիտեմ, ժողովուրդը ոտքի կանգնած սպասում է, գյուղը գյուղապետ չունի, բնակիչները մի շարք հարցեր ունեն ու չգիտեն՝ ում դիմեն իրենց խնդիրներով։ Գյուղապետարանի գործերը որևէ մեկը չի կարգավորում, մարդիկ ստիպված դիմում են քաղաքապետարան»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարարի հրահանգով Սյունիքում դեկտեմբերին բարենպաստ բոլոր դիրքերը թշնամուն հանձնելուց հետո, մի շարք գյուղերը դարձել են խոցելի, որոշ գյուղերի մի հատվածն էլ անցել է թշնամու հսկողության տակ։ Այս ամենի հետևանքով Որոտանում 12 տուն մնացել է թշնամու տիրապետության տակ, այդ թվում՝ Սեյրան Օհանջանյանի տունը։

Տեսանյութեր

Լրահոս