«Ասում են, եթե արտահերթ ընտրությունների հետ կապված ինչ-որ փաստաթուղթ կա, դա ենք փնտրում». Որոտանի գյուղապետի տան խուզարկությունը շարունակվում է

Իրավապահ մարմինները վաղ առավոտից խուզարկում են Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի բնակարանը: 168.am-ի հետ զրույցում Սուրեն Օհանջանյանն ասաց, որ այս պահին դեռևս խուզարկությունը շարունակվում է։ «Դե իրենք ասում են, եթե արտահերթ ընտրությունների հետ կապված ինչ-որ փաստաթուղթ կա, դա ենք փնտրում։ Ինձ որևէ հարցաքննության դեռ չեն կանչել։ Քանի դեռ այս խուզարկությունը չի ավարտվել, ես որևէ բան չեմ կարող ասել, ավարտվելուց հետո կարծիքս կարտահայտեմ»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ իրավապահները խուզարկում էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը, որից հետո նրան Սյունիքից տեղափոխել էին Երևան և մինչև այս պահը նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ մինչ այդ բերման էին ենթարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Հիշեցնենք նաև, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Ի դեպ, այս գործողությունների հետևանքով Որոտան գյուղի 12 տուն մնացել է թշնամու հսկողության տակ։

Տեսանյութեր

Լրահոս