Մանկան սիրտն աշխարհում ամենաբարին և մաքուրն է
Չորսօրյա մեռյալ Ղազարոսին հրաշքով հարություն տալուց հետո Հիսուս հեռանում է Երուսաղեմից և առհասարակ Հուդայից, քանզի Նրա և հրեական առաջնորդների փոխհարաբերությունները հասել էին իրենց լարվածության գագաթնակետին, և նրանք ցանկանում էին սպանել Հիսուսին:
Այսպիսով՝ Հիսուս ուղևորվում է Երուսաղեմից հյուսիս արևելք՝ բավականին հեռու գտնվող Եփրաիմ քաղաքը: Իսկ Եփրաիմից անցնելով Հորդանանը, Տերը դարձյալ ուղևորվում է Անդրհորդանան: Նա այստեղ կատարում է բազում հրաշքներ, ինչպես նաև տալիս կարևոր պատգամներ: Եվ ահա հենց այդպիսի կարևոր դրվագներից մեկի մասին էլ մեզ պատմում է Մարկոս Ավետարանիչը.
«Եվ նրան մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա: Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին: Երբ Հիսուս այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծո արքայությունն այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու»: Եվ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրա ձեռքը դրեց և օրհնեց նրանց» (Մարկ. Ժ 13-16) :
Եվ իրապես, մանուկներին նմանվելը փրկության կարևոր պայման է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր քրիստոնյա: Իհարկե, մանուկը չունի բավարար կենսափորձ և գիտելիքներ Աստծո վերաբերյալ, քանզի դեռ փոքր է, սակայն Աստվածիմացության մասին խոսելիս չափազանց կարևոր է նշել, որ հավատքը թեպետ սկսվում է մտքում, սակայն պատկանում է սրտին:
Իսկ մանկան սիրտն աշխարհում ամենաբարին և մաքուրն է: Եվ թերևս հենց այս անկեղծությունն ու մաքրությունն նկատի ուներ Քրիստոս, երբ մեզ պատվիրեց նմանվել մանուկներին: