«Հարցին, թե ուր եք տանում, ինչ եք անում՝ ասում են՝ դավա՛յ. պատասխանը սա է». Առուշանյանը և նրա փաստաբանը՝ միջադեպի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները։

Ավելի ուշ 168.amտեղեկացրեց, որ ժանրի կանոններով, երբ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր փաստաբանների հետ, ինչպես հարկն է, առաջին իսկ կանչով ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել և բերման ենթարկելու իմիտացիա ստեղծել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:

«Մանկապարտեզի ինչ-որ բաներ են անում, անիմաստ ինչ-որ… բառեր չեմ գտնում մեկնաբանելու. ուղղակի եղել է այն, ինչ եղել է»,- արդեն ՀՔԾ-ից դուրս գալուց հետո անդրադառնալով «մասկի շոու»ին՝ նշեց Առուշ Առուշանյանը:

Գորիս համայնքի ղեկավարի փաստաբանը և, ինչպես ինքը ներկայացավ, մարտական ընկեր Արմեն Մելքոնյանը տեղեկացրեց. «Երեք հոդվածներով մեղադրանք է առաջադրված: Առաջադրված մեղադրանքներում մեզ մեղավոր չենք ճանաչում, բնական է, որ մեղադրանքները չենք ընդունում. մեղադրանքները շինծու են, մտացածին, ապօրինի: Նաև պարզ չի որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման մեջ շարադրվածը. ինչ-որ անհասկանալի բաներ է գրված, որը մեզ հետ ընդհանրապես աղերս չունի»:

Նա նաև անդրադարձավ ՀՔԾ-ի մոտ կատարվածին. «Հատկանշական է, որ Առուշանյանին հրավիրում են ՀՔԾ, միասին պատշաճ գալիս ենք, սահմանված ժամկետին սպասում ենք, որից հետո մեզ ասում են, որ մի 15-20 րոպե կսպասենք: Փորձում ենք գնալ սուրճ խմել, և տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունեցել. Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են բոլորիս վրա, ներկայանում եմ, որ փաստաբան եմ, բայց չգիտեմ՝ զենքերն ուղղում են վրաներս, հարցին, թե՝ ո՞ւր եք տանում, ի՞նչ եք անում՝ ասում են՝ դավա՛յ. պատասխանը սա է:

Ես ցավում եմ այս ամեն ինչի համար, չգիտեմ՝բառեր չեմ գտնում ասելու։ Այս ամեն ինչը տեսնելուց հետո մարդ կուզի՞ շարունակել այս երկրում ապրել, մեկը ես՝ չեմ ուզում արդեն, որ իմ երեխաներն ապրեն»:

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ն հայտնել է, որ բերման ենթարկելու որոշում չի կայացրել և հետաքննության մարմնին նման հանձնարարական չի տվել, և հավելեց.

«Հետաքննության մարմինն իր իր նախաձեռնությամբ այս թատրոնն է կազմակերպում ու անում, այս կեղտոտ ձևով, ամոթալի ձևով:

Ես զարմացած եմ այս պահվածքի համար։ Առուշանյանը շատ ճիշտ նկատեց՝ սա մանկապարտեզի էր նման: Առուշանյանին, հա՛, գետնեցին, դրանով Առուշանյանին բարձրացրին վերև, իսկ իրենք գետնվեցին, ես սա եմ ասում՝ ինչ եք ուզում, բա սա հաղթողի պահվա՞ծք է, հա՞ »:

«Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել. ըստ իս՝ ապօրինի են այդ հոդվածները, դրանք իրականության հետ աղերս չունեն: Գնանք դատարան՝ եթե մեզ համար այնտեղ չի նախապատրաստվել հերթական բեմականացումը, արդարությունը կհաղթի, իսկ եթե սցենարը գրված է արդեն, ուրեմն սպասենք Աստծու դատաստանին»,- ամփոփեց Ա. Մելքոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս