ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գրիգորյանը մասնակցելու է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու բանակցություններին՝ կասկած չունեմ. Ավետիք Իշխանյան

Հուլիսի 14-ի առավոտյան միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները՝ մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով հրազենից մահացու վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

Պաշտպանության նախարարության հուլիսի 14-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի 2 զինծառայողի հետ կապը կորել է. նրանք եղել են առանց զենքի, և ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է հայ զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով սահմանային լարվածության, հայկական կողմից զոհ ու կորած զինծառայողներ ունենալու հանգամանքի մասին, նշեց, որ սա արցախյան պատերազմում պարտվելու և այդ պարտված իշխանությամբ մեր կյանքը շարունակելու հետևանք է։

«Երբ հակամարտության մեջ մեկը գնում է միակողմանի զիջումների, դա բերում է զիջումների շարանի. զիջումը բերում է հերթական զիջման։ Դա բնական է։ Պարտված և նվաստացած մեր պետությանը և պետությունը նվաստացրած իշխանության ղեկավարին պարտադրելու են նոր զիջումներ. չեմ զարմանա, որ ադրբեջանական զորքին վաղը տեսնենք Երևանում»,- ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպանը տարօրինակ համարեց Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության այն տողը, որով ասվում է, որ կորած զինվորները եղել են առանց զենքի։

«Ի՞նչ է նշանակում՝ առանց զենքի. արդյո՞ք մեր բոլոր սահմաններում զինվորականները առանց զենքի են կանգնած։ Կարծում եմ՝ գործ ունենք կա՛մ ներքին պայմանավորվածության հետ, կամ ուղղակի սարսափահար են, որ նոր պատերազմ չլինի, հրահանգ է տրված զինվորին՝ չկրակել, իսկ հրամանատարներին՝ զինվորները անզեն լինեն»,- ասաց Իշխանյանը։

Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ պատահական չէ, որ սահմանային լարվածությունը Տիգրանաշենին կից Երասխի հատվածում է, որովհետև Տիգրանաշենը կտրելուց հետո Հայաստանն այլևս որպես պետականություն կդադարի գոյություն ունենալ, քանի որ Ադրբեջանին կանցնեն ռազմավարական նշանակության ճանապարհներ։

«Իսկ այդ նույն ժամանակ ցինիկաբար Փաշինյանը կասի, որ դա ադրբեջանական տարածք է, իսկ նրան կծափահարեն այդ մանկուրտները. իրենց շահերից ելնելով՝ զանազան գռզոներ»,- ասաց Իշխանյանը՝ նշելով, որ հայրենիքի կորստի վտանգը առկա է նաև Սյունիքում, ուստի Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության՝ ազատվելով նաև հայրենիքը չհանձնող համայնքապետերից։

«Նա անցել է պետական ահաբեկչության, երբ ունենա իրեն հնազանդ պետական համակարգը, այդ դեպքում ցանկացած հարցի լուծման համար նրան չեն ընդդիմանա, այլ կծափահարեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սյունիքում համայնքապետերին կալանավորելուց զատ, նաև տնտեսական կարևորագույն նշանակություն ունեցող, խոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այսօր վաղ առավոտից իրականացվող գործողությոններին՝ «Ալֆա» ջոկատի մասնակցությամբ, Իշխանյանն ընդգծեց.

«Վրեժ, քինախնդրություն է»։

Դիտարկմանը, բայց այդ կոմբինատը խոշոր հարկատու է, Իշխանյանն արձագանքեց.

«Կապ չունի, հեն ա, Եվրամիությունը քանի միլիարդ է տալիս։ Նրան չի հետաքրքրում, թող մարդիկ աղքատության մեջ լինեն, բայց իրեն հնազանդվեն»։

Իշխանյանի փոխանցմամբ՝ Եվրամիությունը Հայաստանին գումար է հատկացնելու, որպեսզի շուտափույթ Արցախյան հարցը լուծվի, ուստի այդ աջակցությունը պետք է դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում։

Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանը կգնա՞ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Արցախը՝ Ստեփանակերտը, հակառակորդի տարածքի կազմում, Իշխանյանը պատասխանեց.

«Իհարկե, Դուք կասկածո՞ւմ եք։ Սպասեք դեպքերի զարգացմանը։ Այն անձնավորությունը, որին պատրաստվում են նշանակել ԱԳ նախարար, պատրաստ է այդ բոլոր բանակցություններին մասնակցել։ Կասկած չունեմ, որ նա մասնակցելու է դրանց»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս