«Իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում այն գործիչների հետ, ովքեր իրեն դեմ են արտահայտվել․ սա քաղաքական ահաբեկչություն է». Ավետիք Իշխանյան

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ սկսվեցին հետապնդումներ։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի սկսեցին կալանավորել՝ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, որոնք «Հայաստան» դաշինքի անդամներ են, ինչպես նաև Որոտանի համայնքապետ Սուրն Օհանջանյանին և Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին։ Ավելին՝ դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է մուտքագրել Սիսիանի և Գորիսի համայնքապետերին կալանավորելու վերաբերյալ, նրանք նույնպես «Հայաստան» դաշինքի անդամներ են։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրավական գործընթացներից, իրավունքից և օրենքից խոսելն ավելորդ է։

«Այդպիսի հարցեր Հայաստանում այսպես չպետք է քննարկվեն։ Անկեղծ, երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների անօրինականությունների հետ կապված դիմում են տարբեր իրավապահ մարմինների՝ դատախազություն, քննչական մարմիններ, սա ինձ մոտ քմծիծաղ է առաջացնում, քանի որ Հայաստանում այդ բոլորը կառույցները ենթարկվում են մեկ մարդու և կատարում են այդ մարդու հրահանգները։

Հայաստանում ոչ թե գործում են օրենքով, այլ ուղղակի հրահանգ են կատարում, ցանկացած քրեական գործի հարուցում, կալանավորում ու ձերբակալում պետք է կոնկրետ դիտարկել այդ համատեքստում։ Իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում բոլոր այն գործիչների հետ, ովքեր իրեն դեմ են արտահայտվել, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք տեղերում ունեն որոշակի իշխանություն»,- նշեց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարի թիրախում են հայտնվել այն համայնքապետերը, ովքեր համարձակվել են քաղաքական տեսակետից նրան ընդդիմանալ։ Այդ պաշտոնակատարի համար բացարձակապես կապ չունի, թե այդ համայնքապետերը առհասարակ իրենց  գործունեության մեջ անօրինականություններ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ։

«Նա ուղղակի հրահանգ է տալիս իրեն կից կառույցներին՝ քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որ այդ մարդկանց ուղղակի պետք է բռնեն, ինչ ուզում է անեն, քրեական գործ հարուցեն։ Եվ այդ իրավապահները սկսում են, այսպես ասած, հորինել այդ քրեական գործերը։

Մի հայտնի խոսք կա, որը բազմիցս ասել եմ՝ երբ Հայաստանում որևէ պետական պաշտոնյա՝ լինի համայնքապետ, դատավոր, ընդդիմադիր կեցվածք է բռնում, համոզված եղեք՝ նա կոռուպցիոն գործարքների և այլնի մեջ չի եղել, որովհետև նա շատ լավ գիտի իշխանության հոգեբանությունը, հատկապես այսօրվա իշխանության, որ եթե դույզն-ինչ իր մոտ խախտումներ եղած լինեն, ապա այդ ամենը կկոտրվի նրա գլխին։ Տվյալ դեպքում Մեղրիի նախկին համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը դրա վառ օրինակն է։ Սա քաղաքական ահաբեկչություն է, այստեղ պետք է ուղղակի ոտքի կանգնել ու թույլ չտալ հետագա անօրինականությունները»,- եզրափակեց Ա. Իշխանյանը։

Տեսանյութեր

Լրահոս