Բաժիններ՝

«Կարծում եմ՝ հատկապես այս օրերին բոլորիս բարի հեքիաթ է հարկավոր»

Թատերասեր հասարակությանը դրական հույզեր փոխանցելու, կյանքի ամեն ակնթարթը գնահատելու և արժևորելու կոչով ու նպատակով ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում բեմադրում է ֆրանսիացի, բելգիացի գրող, դրամատուրգ Էրիկ Էմանուել Շմիթի «Օսկարը և վարդագույն տիկինը» ստեղծագործության մոտիվներով համանուն ներկայացումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսորը պատմել է ներկայացման անհրաժեշտության, սյուժեի կարևորության և այլ թատերախմբերի հետ համագործակցության մասին:

«Կարծում եմ՝ հատկապես այս օրերին բոլորիս բարի հեքիաթ է հարկավոր: Այդպիսի հեքիաթ է «Օսկարը և վարդագույն տիկինը», որը կարևոր ուղերձ ունի: Պետք է ապրել կյանքն ու չդժգոհել այն ամենից, ինչ տեղի է ունենում քեզ հետ, որովհետև նույնիսկ ամենածանր փորձությունները, որոնք սարսափելի են թվում, մեզ համար են, մեր կյանքի մի մասն են: Հեղինակը փոքրիկ Օսկարի օրինակով ցանկանում է մեզ դա ասել: Հաճախ մենք ծրագրեր ենք կազմում, երևակայում, պատկերացնում, և եթե չի ստացվում այնպես, ինչպես նախատեսել էինք, տրամադրության անկում ենք ունենում, վատ վիճակում ենք հայտնվում, իսկ «Օսկարը և վարդագույն տիկինը» ստեղծագործությունը հիշեցնում է, որ պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպես որ կա ու տեսնել այն դրականը, որով շրջապատված ես»,-նշում է Մովսեսյանը:

Նրա խոսքով՝ ներկայացման մեջ ասվում է, որ մարդիկ կյանքն ընդունում են որպես նվեր, որն իրենց է տրվել անհատույց օգտագործման համար, սակայն որոշ ժամանակ անց հասկանում են, որ կյանքը ոչ թե անհատույց օգտագործման համար է, այլ տրված է ժամանակավոր: «Շատ կարևոր է նկատել կյանքի գեղեցկությունը, շրջապատի, ընկերների կարևորությունն ու փորձել բացասական երևույթներից անգամ դրական բան քաղել, ապրել քեզ տրված ժամանակը լիարժեք»,-ընդգծում է բեմադրիչը:

Մովսեսյանը նշում է, որ թեմայի ընտրությունն ակամայից է ստացվել, քանի որ ինքն էլ ընկճված հասարակության մի մասն է: Վստահեցնում է՝ լավատեսական ստեղծագործություն բեմ բարձրացնելու հոգևոր պահանջ է եղել: «Կա մի տեսարան, երբ հերոսն ասում է, որ առաջին անգամ է մտածում, թե ինչպես է օրն սկսվում, ինչպես է լույսը բացվում: Բոլորս էլ մոտիվացվելու, յուրաքանչյուր օրը գնահատելու կարիք ունենք, որովհետև ժամանակը գնում է, իսկ մենք բացասական հույզերով միայն մեզ ենք վնասում: Պետք է ապրել, պայքարել»,-ասում է ռեժիսորը:

Ներկայացման մեջ ընդգրկվել են դերասաններ տարբեր թատրոններից: Զբաղված են Ներսես Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Լուսինե Կոստանյանը, Լիանա Նիկողոսյանը և Մինաս Ասրյանը:

Այն բեմ կբարձրանա կամերային ձևաչափով. և՛ դերասանները, և՛ հանդիսատեսը կլինեն բեմում: Կլինի գունավոր, ուրախ, արտասովոր թատերական մթնոլորտ, բայց գաղտնիքները կբացահայտվեն հենց առաջնախաղին, որը տեղի կունենա սեպտեմբերին:

Սամսոն Մովսեսյանը ներկայացում է բեմադրում նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մանրամասները դեռ չի հայտնում, ավարտել է «Քնած գեղեցկուհին» բեմադրությունը, որը ներկայացվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ Թատրոն տանիքում նախաձեռնության շրջանակում բեմադրել է «Մեծն Գեթսբին» ներկայացումը:

«Իրականում տարբեր թատրոններում տարբեր ստեղծագործական կազմերի հետ աշխատելն օգնում է, հարստացնում է: Ասես օդափոխություն լինի: Տարբեր դերասանների, նկարիչների, խորեոգրաֆների շնորհիվ այլ կերպ ես սկսում մտածել, այլ տեսանկյունից ես նայում շատ երևույթների: Ըստ իս՝ ինչքան շատ շփվենք, ինչքան շատ աշխատենք տարբեր մարդկանց հետ, այնքան հարստանալու ենք»-եզրափակում է Սամսոն Մովսեսյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս