Եվրամիության բնակչության թիվը համավարակի շրջանում նվազել է
Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակը 447,3 միլիոնից 2020 թվականին նվազել է մինչեւ 447 միլիոն: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։
Հետազոտողները նշում են, որ հազարամյակի սկզբից Եվրամիության բնակչությունն անշեղորեն աճել է, հիմնականում միգրացիայի հաշվին: Հեղինակները ենթադրում են, որ Եվրամիության բնակիչների թվաքանակի կրճատումն անցյալ տարի առաջացել է կորոնավիրուսի համավարակի բացասական ներգործության պատճառով: Գործակալության հաղորդագրության եջ նաեւ ասված է, որ Եվրամիության բնակչությունը շարունակում է ծերանալ: 80 եւ բարձր տարիքի անձանց բաժինը վերջին 20 տարում գրեթե կրկնապատկվել է՝ 2001 թվականի 3,4 տոկոսից 2020 թվականին մինչեւ 5,9 տոկոս:
Քաղաքներում աշխատունակ տարիքի անձանց բաժինը բարձր է, քան գյուղական վայրերում, իսկ գյուղական վայրերում ծննդունակության գործակիցը բարձր է, քան քաղաքներում: Եվրոպացի մայրերի միջին տարիքը առաջին երեխան ծնվելիս 2013 թվականի 28,8-ից 2019 թվականին ավելացել է մինչեւ 29,4: Ըստ որում 40 տարեկանից բարձր մայրերի մոտ կենդանածնությունների բաժինը ԵՄ-ում գրեթե կրկնապատիկ ավելացել է. 2001 թվականի 2,4 տոկոսից 2019 թվականին մինչեւ 5,4 տոկոս:
2014-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում Մարոկոյի եւ Ալբանիայի քաղաքացիները եղել են այն երկու խոշորագույն խմբերը, որոնք ստացել են Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիություն: 2014-ից մինչեւ 2018 թվականը Թուրքիայի քաղաքացիները կազմել են քաղաքացիություն ստացողների՝ մեծությամբ երրորդ խումբը: Սակայն 2019 թվականին այդ տեղն զբաղեցրել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ մինչեւ 2080 թվականը ԵՄ-ի բնակիչների թիվը կկրճատվի մինչեւ 419 միլիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: