Կորոնավիրուսի դեմ առավել շատ պատվաստվել են Երևանում, ամենաքիչը՝ Վայոց ձորում. Անահիտ Ավանեսյանը վիճակագրություն է ներկայացնում

«Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին երկու-երեք ամիսներին բավական լավ և կառավարելի է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել «կանաչ գոտում» մնալու համար, քանի որ կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական բեռ է, այլև ազդում է երկրի զարգացման, տնտեսության ակտիվության վրա:

«Այս պահին մենք պահպանում ենք օրական թեստավորման մեջ դրական դեպքերի մինչև 4 տոկոսի ցուցանիշը, որը բավական լավ և կարևոր է: Չնայած նկատում ենք վերարտադրության ցուցանիշի աճ և նաև ընդհանուր թվերի, եթե համեմատենք մեկ-երկու շաբաթ առաջվա հետ, մենք մի փոքր ավելի նվազ թվեր ունեինք»,- ասաց Ավանեսյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կորոնավիրուսի տարածման բուռն շրջանում վարակի բուժման համար վերապրոֆիլավորված հիվանդանոցների փոքր մասն է այժմ դրանով զբաղվում:

«Դրանցից այս պահին գործում է միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ իր Ավան մասնաճյուղով, Սպիտակի ու Կապանի ԲԿ-ները և Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը՝ համակցված ինֆեկցիաների բուժման հետ կապված»,- ասաց նա:

Ավանեսյանի պնդմամբ՝ Հայաստանին էլ, ինչպես այլ երկրներին, մտահոգում է այն փաստը, որ վարակը, անընդհատ շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է և ձեռք է բերում նոր հատկանիշներ:

«Դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում լայնածավալ քովիդի տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաև հնդկական «դելտա» շտամը, որն այս պահին շրջանառվող հիմնական շտամներից մեկն է: ՌԴ-ում և Վրաստանում արձանագրվել են «դելտա» շտամի դեպքեր, մենք ընթացիկ, ընտրանքային հետազոտություններ ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք, և առաջիկայում էլ մեր կատարած հետազոտությունների արդյունքները, երբ հայտնաբերենք նաև Հայաստանում, անպայմանորեն կներկայացնենք հանրությանը:

«Դելտա» շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր ցուցանիշով և հիվանդացության ծանրության բարձր աստիճանով: Ամեն ալիքի հետ, ամեն շրջառանվող շտամի հետ մենք դա նկատում ենք, և, ցավոք սրտի, պատվաստումային գործընթացն ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմը և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու: Մենք ևս բազմիցս նշել ենք կարևորությունը, որ կարճ ժամանակի ընթացքում շատ քաղաքացիների, մարդկանց պատվաստումը բերում է, որոշակի  պատնեշ է ստեղծում, որ մենք անընդհատ մուտացվող շտամներ չունենանք, որը հանգեցնում է նաև պատվաստանյութերի անընդհատ հետազոտության, որ արդյո՞ք դրանք պահպանում են իրենց արդյունավետության աստիճանները»,- ասաց Ավանեսյանը:

Տեսանյութի միջոցով ցույց տրվեցին նաև պատվաստման ցուցանիշներն ըստ մարզերի: Կորոնավիրուսի դեմ պատվաստման ամենաբարձր տոկոսը գրանցվել է Երևանում, ամենացածրը՝ Վայոց ձորում:

Արագածոտն՝ 3197-2.4 տոկոս

Արարատ՝ 7981-3.2 տոկոս

Արմավիր՝ 6175-2.3 տոկոս

Գեղարքունիք՝ 6489-3.0 տոկոս

Լոռի՝ 5068-2.4 տոկոս

Կոտայք՝ 6564-2.5 տոկոս

Շիրակ՝ 7047- 3.0 տոկոս

Սյունիք՝ 2974-3.2 տոկոս

Վայոց ձոր՝ 1093-1.9 տոկոս

Տավուշ՝ 2254-2.0 տոկոս

Երևան՝ 43.453-4.2 տոկոս

Ընդամենը՝ 92.295-3.3 տոկոս

ՀՀ-ում պատվաստվում են նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թ. հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով: Հուլիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում ընդհանուր առմամբ կատարվել է 97.711 պատվաստում, ներառյալ՝ նաև  քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: Դրանցից առաջին դեղաչափ է ստացել 71.293 անձ, որից 32.720-ը՝ «ԱստրաԶենեկա», 16.766-ը՝ «Կորոնավակ», 21.807-ը՝ «Սպուտնիկ-ՎԻ», երկրորդ դեղաչափ՝ 26.418, որից 5080-ը՝ «ԱստրաԶենեկա», 4642-ը՝ «Կորոնավակ», 16.696-ը՝ «Սպուտնիկ-ՎԻ»:
Պատվաստում ստացողներն ըստ սեռերի՝ առաջին դեղաչափ ստացողների թվում կանայք կազմում են 52.4 տոկոս, տղամարդիկ՝ 47.6 տոկոս, երկրորդ դեղաչափ ստացողների թվում կանայք 52.3 տոկոս են, տղամարդիկ՝ 47.7 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս