Աֆղանական թնջուկը, միջինասիական երկրներն ու Ղարաբաղյան «արձագանքները». ի՞նչ սպասել
Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ կտրուկ վատթարացել է անվտանգային միջավայրն Աֆղանստանում, կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև բախումների պատճառով անկայունության մեծ օջախ դարձնելով Միջին Ասիան:
Բանն այն է, որ «Թալիբան» շարժման զինյալները վերջին շաբաթների ընթացքում լայնածավալ հարձակման են անցել՝ վերահսկողություն սահմանելով Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանի մի շարք հատվածների նկատմամբ: Տաջիկստանի դեպքում խոսքը սահմանի 70 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասին է: Ի դեպ, Աֆղանստանի կառավարական զորքերը մեծ խմբաքանակներով նահանջելով թալիբ զինյալների գրոհներից՝ անցնում են Տաջիկստան ու ապաստան խնդրում այդ երկրից։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարգադրել է լրացուցիչ 20 հազար զինծառայող տեղակայել տաջիկաաֆղանական սահմանին՝ ուժեղացնելու սահմանի պաշտպանությունը։ Այս ամենին լրացուցիչ հետաքրքրություն ու աշխարհաքաղաքական «տոնայնություն» է հաղորդում հանգամանքը, որ ամերիկյան զորքերն Աֆղանստանը գրեթե ամբողջությամբ լքել են ու գաղտնիության պայմաններում, առանց պաշտոնական Քաբուլին պատշաճ տեղեկացնելու: Ընդ որում, կասկածից վեր է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի կառավարությունը երկար չի կարողանա պաշտոնավարել, և մեծ է հավանականությունը, որ իշխանությունը կանցնի «Թալիբան» շարժմանը, ինչը լիովին նոր իրավիճակ է ստեղծելու Աֆղանստանի հարևան երկրների համար:
Ինչպես հայտնի է, Աֆղանստանի հյուսիսային շրջանների գրավումը ռազմավարական նշանակություն ունի թալիբների համար, որով նրանք վերահսկողություն են ստանում հյուսիսային սահմանների նկատմամբ, ինչպես նաև կանխելով այդ շրջաններում ներքաղաքական հնարավոր դավադրություններն իրենց նկատմամբ: Այս ուղղությամբ, ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության, թալիբները ժամ առ ժամ են հաջողության հասնում, մեծ սպառնալիք ստեղծելով հյուսիսային սահմաններին Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի համար: Ըստ էության, այն, ինչ այսօր կատարվում է Աֆղանստանում, անմիջական սպառնալիք է Իրանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Չինաստանի, Պակիստանի և առաջին հերթին՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար: Ուշագրավն այն է, որ Աֆղանստանի անմիջական հարևանները, ինչպես ՀԱՊԿ անդամ երկրներ են, այսինքն՝ համարվում են ՀԱՊԿ անվտանգային գոտում գտնվող երկրներ, այնպես էլ՝ թյուրքալեզու երկրներ, այս գոտիներում մեծ է՝ ինչպես Ռուսաստանի հետխորհրդային, այնպես էլ՝ Թուրքիայի ազդեցությունը:
Պատահական չէ, որ աֆղանական իրադարձություններին ուշի ուշով հետևում են թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի նախագահների հետ, ՀԱՊԿ անունից առաջարկելով անվտանգային աջակցություն Տաջիկստանին ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի անունից: Ժամանակ չի կորցնում նաև Անկարան, որը ստացել է Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը, դրանով ավելի մեծ ազդեցություն ստանալով միջինասիական երկրների նկատմամբ, նրանց գցելով Թուրքիայից ուղիղ կախվածության մեջ: Հունիսի 17-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած առաջին երկկողմ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել Քաբուլի օդանավակայանի շուրջ: Կողմերը պայմանավորվել են, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերը դուրս բերելուց հետո Թուրքիան առաջատար դեր է ունենալու Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման գործում:
Վերջին օրերին Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցելեց Ղրղըզստան և Տաջիկստան՝ պատրաստվելով խորացնել ռազմական համագործակցությունն այդ երկրների հետ, որոնց միջև ապրիլ ամսին սահմանային բախումներ էին բռնկվել սահմանազատման բացակայության պայմաններում: Աքարի Տաջիկստան այցի ընթացքում քննարկվեց «Թալիբան» շարժման ակտիվությունը, իսկ Ղրղըզստանում ռազմական համագործակցությունը և աջակցությունը, որի դիմաց Թուրքիան ակնկալում է նաև, որ նախկին իմամ ու քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպությունը («Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») կճանաչվի՝ որպես ահաբեկչական:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ Միացյալ Նահանգները որոշ տարածաշրջաններում իր ուղիղ ազդեցությունը կանխամտածված կերպով փոխանցում է թուրքական կողմին՝ նախ մեղմելու թուրք-ամերիկյան լարվածությունը, տրամադրությունները ՆԱՏՕ-ում և ստեղծելով Թուրքիայի հետ հարաբերություններում գործունեության լայն դաշտ, բանակցելու հնարավորություններ: Ըստ նրա, բացի այդ, Թուրքիան ունի ազդեցություն Միջին Ասիայում և դա անընդհատ մեծացրել է շուրջ 30 տարի, ներդրում ունեցել մշակույթի, պատմության, քարոզչության ձևավորման հարցում, ինչը ներկայումս մեծ լծակ ու առավելություն է դարձել Թուրքիայի ձեռքում:
«Օրինակ՝ Թյուրքական խորհուրդը, որն իրականում գաղափարական առումով լուրջ զենք է Անկարայի համար: Անկարան գումարներ է ներդրել այս երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի համապատասխան օղակներում, ձևավորելով թուրքական հայացք ու տեսակետ: Այսինքն՝ թեև սա հետխորհրդային ՀԱՊԿ տարածաշրջան է, թուրանական գաղափարներն այստեղ գերիշխում են: Այնուամենայնիվ, աֆղանական թնջուկը դեռ շատ ջուր է տանելու, բանակցություններ են սկսվել, և ուշագրավն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը մասնակից են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին, ու այստեղ է, որ պետք է հետևել բոլոր գոտիների զարգացումներին զուգահեռ՝ հասկանալու համար, թե բանակցություններն ինչպես կարող են ընթանալ և որ գոտում որ երկիրն ինչ զիջումներ է անելու: Ընդհանրապես կա մեծ աշխարհաքաղաքական պայքար ՀԱՊԿ գոտու շուրջ: Այնուամենայնիվ, Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով այս երկրները դեռ պատրաստ չեն, քանի որ ՌԴ-ն ունի լծակներ, բայց գործընթացին պետք է հետևեն, և Ռուսաստանում՝ ևս»,- ասաց Նադեին-Ռաևսկին:
Նրա կարծիքով՝ հարավկովկասյան բանակցությունների վրա ազդեցությունը կարելի է գնահատել գլոբալ բանակցությունների կոնտեքստում:
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ միանշանակ դժվար է պնդել, որ աֆղանական անկայունությունը դուրս կգա սահմաններից՝ տարածվելով դեպի հարևան երկրներ:
Ըստ նրա, հաշվի առնելով այդ վտանգը և այն խնդիրը, որն ունենալու է «Թալիբան» շարժումը՝ ուշադրություն ներքին վերադասավորումների վրա, հարևան երկրները ներդրումներով կարող են կայունացնել Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ այն դարձնելով կառավարելի: «Դա շատ հնարավոր է և դա պետք է անել, որպեսզի Աֆղանստանը չդառնա անընդհատ ներքին պատերազմների մեջ խորասուզված երկիր: Կլինի՞ այդպես, թե՞ ոչ, կդժվարանամ ասել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Թուրքիային, ապա՝ այո՛, ևս մեկ անկայունության գոտի, որտեղ այս երկու երկրները ևս մեկ բանակցային օջախ են ստանում, Թուրքիան լուրջ խաղաքարտ ունի՝ ի դեմս օդանավակայանի, բայց կարծում եմ՝ Ղարաբաղյան թեմատիկայի վրա այս ամենն իրավիճակային ուղիղ անդրադարձ մոտ ապագայում չի ունենա»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պատրաստակամությանը՝ աջակցել Տաջիկստանին, անտեսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, Մալաշենկոն ասաց, որ Միջին Ասիայում այնպիսի սուր իրավիճակ է ստեղծվել, որ արձագանքի բացակայությունը լուրջ իմիջային հարված կլիներ ՀԱՊԿ-ի համար:
Ըստ նրա, այստեղ խոսքը նաև ահաբեկչական շարժման գործունեության մասին է, որը Ռուսաստանի անվտանգության համար ևս կարևոր թեմա է: «Ինչ պատճառաբանությամբ ՌԴ-ն օպերացիա սկսեց Սիրիայում՝ պայքար ահաբեկչության դեմ, որպեսզի ահաբեկիչները Սիրիայից չտարածվեն և չմոտենան ՌԴ սահմաններին: Սա, կարծում եմ, խոսուն է: Իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին ևս խնդիր կա, դա ևս քննարկման արժանի է, տարբեր կարծիքներ են հնչում։ Կարծում եմ՝ բարձրաստիճան մակարդակով այդ հարցը ներկայումս քննարկվում է ղեկավարների հանդիպմանը»,- ասաց նա: