«Այն ակնկալիքը, որ մենք պատվաստանյութից և պատվաստումից ունեինք, չստացանք». Լամարա Մանուկյան

Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպերը դանդաղ են: Մեր երկրում հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66.491, երկրորդ դեղաչափ` 21.673։ Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում պատվաստման ցածր տեմպերը պայմանավորեց նրանով, որ առաջին հերթին չեն արդարացել մարդկանց սպասումները:

«Մենք պատվաստվելուց ակնկալում ենք, որ պետք է այլևս չվարակվենք և չհիվանդանանք: Տարբեր երկրներ ներկայացրին պատվաստված հիվանդների վարակվելու բավականին բարձր ցուցանիշ, նաև քիչ տոկոս, բայց կան ծանր տանողներ: Մենք ասում էինք, որ պատվաստումը գոնե 100 %-ով կանխարգելում է ծանր ընթացքը և հոսպիտալիզացիան, բայց այդպես էլ չեղավ:
Ի սկզբանե մենք ակնկալում էինք, որ պետք է չվարակվեին, բայց հետո ես առաջինը հրապարակեցի, որ պատվաստումը չի կանխարգելում վարակելիությունը, կանխարգելում է միայն ծանր ընթացքը, հետո տեսա առաջին հրապարակումները, որ միայն 94 %-ով է կանխարգելում ծանր ընթացքը, այսինքն՝ 6 %-ը ծանր ընթացք է ունենում: Հիմա տվյալներն ավելի ուրիշ են, թեթև ընթացք շատ քիչ տոկոս է լինում պատվաստվածների մոտ, թոքաբորբի տարածվածությունը մինչև 25-30 % է լինում: Սովորական միջին ծանրության կովիդ են տանում: Այս դեպքում պատվաստվելու իմաստն է կորում: Ես կարծում եմ, որ սրա հետ է կապված: Երկրորդը՝ մենք հիմա ասում ենք, որ պատվաստումը չի ապահովում բարձր իմունիտետը, առաջ ասում էինք, որ, եթե բարձր հակամարմիններ ունենք, կարող ենք չպատվաստվել, հիմա բարձր հակամարմինները պատճառ չեն չպատվաստվելու: Բացի դրանից, հիմա կրկնակի ենք սկսել պատվաստվել, մարդիկ, որ մի անգամ պատվաստվել են, 6 ամիսը անցել է, նորից պատվաստվում են, որովհետև պատվաստված վիճակում տարել են կովիդ՝ միջին ծանրության: Այն ակնկալիքը, որ մենք պատվաստանյութից և պատվաստումից ունեինք, չստացանք, բացի դրանից, վիրուսը շատ արագ փոփոխվեց, բացի «դելտա» շտամից, արդեն նաև «լյամբդա» շտամ ունենք, վիրուսն արագ մուտացվում է, իր ձևերը փոխում է, և ամեն անգամ պատվաստանյութը պետք է հարմարեցվի տվյալ շտամին: Մենք փախչում ենք վիրուսից, ինչ-որ մեթոդներ ենք ձեռնարկում, ինքը մեր հետևից է վազում, մեզանից խելացի է, էլի, կորոնավիրուսը: Մարդիկ տեսան, որ պատվաստվածները վարակվում են, տանում են ոչ թե թեթև, այլ միջին ծանրության կովիդ, 5-6 տոկոս էլ կան, որ շատ ծանր են տարել»,- ասաց Մանուկյանը:

Մեր հարցին, թե եթե մարդն արդեն վարակվել և առողջացել է, դա երաշխի՞ք է, որ ձևավորված բնական իմունիտետը նրան կպաշտպանի վիրուսից, բժիշկն արձագանքեց.

«Առ այսօր երաշխիք էր, բայց այս վերջին տվյալներով՝ ասում են՝ չէ: Առաջ ասում էինք, որ եթե բարձր հակամարմիններ՝ G, ունենք, ուրեմն պաշտպանված ենք, հիմա, չգիտեմ ինչո՞ւ, փոխվեց այդ մոտեցումը, և անկախ նրանից, որ ունենք բարձր հակամարմիններ, կարող ենք պատվաստվել: Ես սրա հետ համաձայն չեմ, քանի որ տրամաբանորեն և բժշկական առումով այդպես չի ստացվում, այսինքն, եթե ունես հակամարմին, այն քեզ պաշտպանում է, ինչո՞ւ նորից պատվաստվես, նորից ավելացնես այդ հակամարմինները: Ես ինքս առ այսօր այդպես եմ ինձ պահել, բարձր հակամարմիններ ունեմ ու չեմ վարակվել, բնական իմունիտետով»:

Այժմ շատ երկրներ այցելելու համար հարկավոր է լինել պատվաստված, սակայն կան երկրներ, որոնք չեն ընդունում մեկ այլ երկրում արտադրված պատվաստանյութը: Լամարա Մանուկյանն այստեղ երկու պատճառ է տեսնում:

«Պատվաստանյութերի տեսակներ կան: Մենք հիմա խոսում ենք «AstraZeneca»-ի և «Sputnik-V»-ի մասին, որոնք իրար նման պատվաստանյութեր են, նույն ատենովիրուսային, վեկտորային պատվաստանյութերն են, խնդիրը կողմնակի ազդեցություններն են: «AstraZeneca»-ի կողմնակի ազդեցությունները շատ են, «Sputnik-V»-ինը՝ քիչ: Իրենք նույնն բանն են, ուղղակի «Sputnik-V»-ն ստեղծվել է բարձր տեխնոլոգիաների միջոցով, լավ, մաքուր պատվաստանյութ է, լավ մաքրազերծված է, դրա պատճառով էլ իր գինն է բարձր, իսկ «AstraZeneca»-ն ավելի քիչ մաքրման փուլեր է անցել, դրա համար կողմնակի ազդեցությունները շատ են: Չինական պատվաստանյութը շատ հասարակ, պրիմիտիվ պատվաստանյութ է, ինակտիվացված վիրուսի մասնիկն է, որը ստեղծում է իմուն համակարգ, բնականաբար, ինքն ավելի քիչ կունենա կողմնակի ազդեցություններ: Թե ի՞նչ կողմնակի ազդեցություններ կունենա՝ կախված է պատվաստանյութի ստեղծման որակից և ձևից՝ տեխնիկական չափանիշերից: Չնայած բոլոր ժամանակներում տարբեր պատվաստանյութերի եթե անդրադառնանք, բոլորն էլ ինչ-որ տոկոս կողմնակի ազդեցություններ ունեն, իդեալական չի լինում, ինչպես ոչ մի դեղ իդեալական չէ, դրա համար մի երկիրը մեկն ընդունում է, մյուսը չի ընդունում: Հետո այստեղ նաև քաղաքական դրդապատճառներ կան, միայն բուն բժշկական չէ»,- ասաց բժիշկը:

Տեսանյութեր

Լրահոս